Ագնեսա Հ․

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին:

Ագնեսան ծնվել է 1933թ. Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ (Մոխրաթաղ) գյուղում՝ բանվորի ընտանիքում: Հայրը գյուղի պահեստապետն էր, մայրը՝ բամբակաքաղ: Մինչեւ 1941թ. գյուղի ապահով ընտանիքներից մեկն էին, սակայն հայրը մեկնեց Հայրենական Մեծ պատերազմ ու զոհվեց։ 1945թ. մայրը ստանալով ամուսնու «սեւ թուղթը», սրտի կաթված ստացավ ու որոշ ժամանակ անց նույնպես մահացավ: Երեք որբերի՝ երկու աղջկա եւ մեկ տղայի խնամքը ընկավ ծեր, անապահով տատիկի ուսերին: Ագնեսան տան ամենափոքրն էր: Սկզբնական կրթությունը ստացել է գյուղում, 4-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Մարտակերտի Թեմիկ Ավթանդիլյանի անվ. միջնակարգ դպրոցը, իսկ 7-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվում է Ստեփանակերտի Գյուղատնտեսական տեխնիկումի՝ Ագրոնոմիա բաժինը: Սակայն ուսումը թողնում է կիսատ ու հետ վերադառնում գյուղ: Գյուղից 1952թ. ուղեգրվում է Ստեփանակերտի հաշվապահական դպրոց, որտեղ սովորելուց հետո նշանակվում Մարտակերտի Ֆրունզեի անվ. կոլտնտեսության գլխավոր հաշվապահ: 1956թ. տեղափոխվում է Մարտակերտի խառն առեւտրի վարչություն եւ նշանակվում կադրերի բաժնի վարիչ, որտեղ աշխատում է մինչեւ 1968թ: Համատեղ ընդունվում եւ ավարտում է Բաքվի ԱՊԻ-ն եւ որակավորվում որպես դասվար:

Ամուսնանում է 1955թ., սակայն անհաջող, ամուսնալուծվում են առանց համատեղ երեխաներ ունենալու:

1968թ. շրջկոմի բյուրոյի որոշմամբ նրան նշանակում են Մարտակերտի շրջանային պիոներական տան տնօրեն: 20 տարի աշխատելուց հետո երկրորդ անգամ ամուսնանում է եւ տեղափոխվում Ստեփանակերտ, որտեղ մինչեւ 1995թ. աշխատում է քաղաքացիական դատախազությունում, որպես ըհդհանուր բաժնի վարիչ: 1995թ.-ից աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պարի պետական անսամբլում, որպես գլխավոր հաշվապահ:

Հենց դատախազությունում աշխատելու տարիներին էլ ստացել է մեկ սենյականոց բնակարան, որտեղ էլ ապրում է մինչեւ հիմա :

Ագնեսայի երկրորդ ամուսնությունը նա համարում է երջանիկ ամուսնություն, սակայն, դժբախտաբար, էլի երեխաներ չեն ունենում: Ամուսինը առաջին ամուսնությունից ուներ մի աղջիկ, որն ապրում էր իրենց հետ եւ շատ համերաշխ էին: Նրան ամուսնացնում են եւ նա ունենում է երեք երեխա: Բայց ցավոք երջանկությունը կարճ է տեւում, որովհետեւ հրետակոծության հետեւանքով հենց իրենց բակում, իր երեխաների աչքի առաջ նա զոհվում է: Ագնեսան դա համարում է իր կյանքի ամենադժբախտ օրը:

Լավ ու վատ օրեր շատ է տեսել, վայելել կյանքի եւ դառնությունները, եւ ուրախությունները, բայց ամենաերջանիկ օրը իր հիսունամյակն էր, որը կազմակերպել էր ամուսինը՝ Ամիրբարը, իսկ երկրորդ երջանիկ պահը իր ամուսնու վաթսունամյակն էր, որը նշվեց մեծ շուքով:

2004թ. հիվանդության պատճառով անցնում է թոշակի, 2006 թվականից անկողնային հիվանդ է, տառապում է դիաբետով, հիպերտոնիայով, վարիկոզով, արթրիտով:

Հանգանակի շահառու է դարձել կազմակերպության ստեղծման օրվանից:

— Սկսել եմ գոյատեւել այդ կազմակերպության օգնության շնորհիվ,- ասում է Ագնեսան:

Պոլիկլինիկայից հազվադեպ է օգտվում, ստանում է միայն Գլյուկովանս 500 մգ N 60, իսկ Հանգանակից ստանում է Նոլիպրել ֆորտե N30, Կարդիոմագնիլ 75մգ N 30, Սենադեքսին N30, Դետրալեքս 500մգ N30, մի մասն էլ ինքն է ձեռք բերում: Մթերքը հերիքում է ամբողջ ամիս, միջոցառումներին չի մասնակցում առողջական վիճակի պատճառով, բայց Հանգանակի ամեն միջոցառումից հետո նրան բաժին է հասցվում: Թոշակը կազմում է 58000 ՀՀ դրամ, բարեկամներից ոչ մի կապ եւ օգնություն չունի:

Շատ շնորհակալ է մեր բարերարներից, որոնց շնորհիվ բոլոր շահառուները ապահովվում են թե պարենամթերքով, թե դեղորայքով եւ ձմռան ամիսներին ջեռուցման փոխհատուցման գումարով: Ջեռուցման փոխհատուցման գումարը մեծ օգնություն է նրա համար, կցանկանար մի քիչ ավելացնեին, քանի որ դեղերը թանկ են, իսկ ձմեռը՝ ցուրտ: Առանձնապես խորին շնորհակալություն է հայտնում Հանգանակի տնօրեն տիկին Հովհաննիսյանին, որ ցանկացած խնդիր լուծում է ի օգուտ շահառուի: Շատ շնորհակալ է իրեն սպասարկող բուժքույր՝ Էլզա Ներսիսյանից, որն իրեն օգնում է բոլոր հարցերում եւ նրան համարում է իր օգնականը: Էսմիրա Գասպարյանը, որպես սոցաշխատող ձեռք է հասցնում բոլոր հարցերում, շատ շնորհակալ է նրանից եւ առհասարակ ողջ անձնակազմից: