Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին:
Ալվինան ծնվել է 1955 թվականին Ստեփանակերտ քաղաքում՝ բանվորի ընտանիքում: Հայրը շինարարական ընկերության պահեստապետ էր, իսկ մայրը՝ խոհարար: Ընտանիքում մեծանում էին 6 երեխա՝ 2 տղա, 4 աղջիկ, Ալվինան կրտսերն էր: Երեխաները մեծանում էին համերաշխ ընտանիքում՝ շրջապատված սիրով եւ հոգատարությամբ:
Ալվինան միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում, 1973 թվականին այն ավարտել է, սակայն ուսումը չի շարունակել: Երկու տարի հետո աշխատանքի է ընդունվել քաղաքապետարանում՝ որպես քարտուղարուհի, որտեղ աշխատել է մինչեւ 2005 թվականը: Բարեկամական կապեր համարյա թե չունի, սակայն ունի շատ ընկերներ:
Հայրական տանը Ալվինան վայելում էր անհոգ ու երջանիկ մանկություն ու պատանեկություն: Նա չի ամուսնացել, բայց շատ ուրախ հիշողություններ ունի կապված աշխատանքային գործունեության հետ:
Հանգանակի մասին տեղեկացել է Արցախի Հանրային հեռուստատեսության հաղորդաշարերից մեկում, որտեղ կազմակերպության տնօրեն Գ. Հովհաննիսյանը ներկայացնում էր Հանգանակի գործունեությունը: Նա անմիջապես դիմում է Հանգանակի գրասենյակ եւ հերթագրվում: Որոշ ժամանակ անց գրասենյակից զանգում են եւ տեղեկացնում Ալվինային, որ արդեն Հանգանակի շահառու է:
Նա ապրում է հայրական տանը մենակ, որը վերանորոգելու կարիք ունի: Ջեռուցում է միայն մեկ սենյակը, քանի որ տունը շատ մեծ է, այն ամբողջությամբ ջեռուցելը շատ ծախսատար կլինի: Սենյակը ջեռուցվում է գազօջախով: Չունի տաք ջուր, բայց հարմար պայմաններ է ստեղծել իր կենցաղի համար այդ մեկ սենյակում: Հանգանակի տրամադրած ջեռուցման փոխհատուցման գումարը չի բավարարում ամբողջությամբ վճարել ջեռուցման դիմաց, սակայն մի մասն էլ թոշակից է տնտեսում:
Ալվինան իր առողջական վիճակը համարում է միջին, տառապում է հիպերտոնիկ հիվանդությամբ: Քաղաքային պոլիկլինիկայից շատ էր օգտվում: 2017թ. Հանգանակի շահառու դառնալուց հետո, նա ստանում է իր բժշկական օգնությունը հիմնականում կազմակերպությունից: Հանգանակից ստանում է Կոնկոր 5 մգ N 25, Կարդիոմագնիլ 75 մգ N30, Էնալապրիլ 20 մգ N 30, որը բավարարում է ողջ ամիս:
«Բուժքույրս Դոնարա Մնացականյանն է, ով շատ հոգատար, կիրթ, բարեհամբյուր, հոյակապ անձնավորություն է և շատ համբերատար զրուցակից, դեղերը բերում է ժամանակին, չափում ճնշումս, զանգում, տեղեկանում իմ առօրյաից: Ես շատ երախտապարտ եմ նրան հոգատարության համար»,- ասում է Ալվինան:
Ալվինան ունի մեծ ընկերական շրջապատ, որոնց հետ հաճելի ժամանակ է անցկացնում: Հաճախ Հանգանակ է այցելում զրուցելու, հաճելի ժամանակ անցկացնելու, բայց միջոցառումներին չի մասնակցում: Նրան հաճելի է մեկ կամ երկու զրուցակից ունենալը, բայց խուսափում է մարդաշատ միջոցառումներից: Մեծ հաճույքով պատմում է, թե ինչպես Հանգանակում մասնակցեց ժենգյալով հացի հյուրասիրությանը և ուրախ է, որ շրջապատված է բարի մարդկանցով: Նա իրեն համարում է ակտիվ է, բայց ոչ ամեն միջավայրում: Նա չի սիրում բողոքել, նվնվալ, բավարարվում է նրանով ինչ ունի:
Ցանկանում է, որ Հանգանակի գործունեությունը լինի շարունակական, որովհետև շատ մարդիկ ունեն այսպիսի խնամքի կարիք:
«Շնորհակալություն բարերարներին, որոնք հեռվից հեռու հոգում են մեր մասին: Նրանց ցանկանում է առողջություն, հաջողություն և թող Աստված օրհնի նրանց»,- ասում է Ալվինան: