Աշիկ Ա.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին:

Ծնվել է 1933 թվականի հուլիսի 1-ին Մարտակերտում՝ բանվորի ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին յոթ երեխա՝ 3 տղա եւ 4 աղջիկ։ Աշիկը ընտանիքի վեցերորդ երեխան էր։

Միջնակարգն ավարտելուց հետո Աշիկը տեղափոխվել է Ստեփանակերտ եւ աշխատանքի անցել Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատում, որտեղ աշխատել է մինչեւ 1988 թվականը։

Աշիկի անձնական կյանքը չի դասավորվել։ Նա երկու անգամ ամուսնացել է եւ երեխաներ չունենալու պատճառով բաժանվել։

Աշիկը Հանգանակի շահառու է 2004 թվականից։ Մինչեւ 2015 թվականը նա Հանգանակի ակտիվ շահառուներից էր, մասնակցում էր կազմակերպվող բոլոր միջոցառումներին՝ թե՛ Հանգանակում, եւ թե՛ արտագնա։ Բայց 2015 թվականից տառապում է օստեոպորոզով, 2 անգամ ընկել ու ջարդել է ազդրոսկրը։ Այժմ նա անկողնային է, նրան խնամում է եղբոր աղջիկը, իսկ Հանգանակի սոցաշխատողներ՝ Էսմիրա Գասպարյանն ու Երմոնյա Դոլուխանյանն հաճախակի են այցելում նրան, կատարում կոմունալ վճարումներ, անհրաժեշտության դեպքում ճաշ պատրաստում ու տունը մաքրում։ Աշիկը կարողանում է տանը ինչ-որ մեկի օգնությամբ կամ ինչ-որ հենարանի օգնությամբ շարժվել, ինքնուրույն հաց ուտել։

Պատերազմի օրերին եղբոր աղջիկը դիմելով փրկարար ծառայությանը, նրանց օգնությամբ իջեցրել է Աշիկին հինգերորդ հարկից ու իր հետ տեղափոխել Երեւան։ Պատերազմի ավարտից հետո դեկտեմբերի սկզբին, երբ քաղաքում որոշ չափով արդեն կարգավորված էր էլեկտրաէներգիայի եւ գազամատակարարման հարցը, նա վերադարձավ Ստեփանակերտ։

Նա ապրում է մեկ սենյականոց բնակարանում, որը ստացել է Ղարմետաքսկոմբինատում աշխատելու տարիներին։ Բնակարանը ջեռուցվում է էլեկտրականությամբ։ Նրա թոշակը կազմում է 53000 ՀՀ դրամ, որից՝ 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ։

Առողջական վիճակի պատճառով պոլիկլինիկա չի գնում, անհրաժեշտության դեպքում նրան է այցելում Հանգանակի բժիշկ Լիլյա Սեյրանյանը։

Հանգանակից ստանում է տակդիր։ Նա շատ գոհ է Հանգանակի սոցաշխատողներից, իր բուժքույր Մարսելա Սարգսյանից, որը հաճախակի է այցելում նրան, չափում ճնշումը, բերում անհրաժեշտ դեղանյութեը եւ տակդիրները, օգնում կատարել մարզանք եւ զրուցում նրա հետ:

Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս։

Նա իր խորին շնորհակալություն է հայտնում բարերարներին, ովքեր այս դժվար օրերին շարունակում են իրենց բարեգործությունը, որի կարիքը շատ է զգացվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով