Հերթական հոգեբանական խմբակային սեանսը տեղի ունեցավ մայիսի 12-ին: Ինչպես եւ քննարկվել էր նախորդ հանդիպման ժամանակ, մասնակիցների հետ պետք է անցկացվի դեպրեսիայի գնահատման թեստ, որը մասնագետների կողմից մշակվել է, որպես հոգեկան վիճակի ինքնագնահատման գործիք: Այն արդյունավետ է դեպրեսիվ խանգարման նախադիագնոստիկայի և սքրինինգի համար: Թեստը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, հարմարեցվել և վավերացվել է տարբեր մշակույթներում: Այն թույլ է տալիս գնահատել հիվանդների դեպրեսիայի մակարդակը և որոշել դեպրեսիվ խանգարման աստիճանը։
Այսպիսով, նախ մասնակիցներին ծանոթացրին թեստին եւ ստանալով նրանց համաձայնությունը մասնակցելու թեստավորմանը՝ բաժանվեցին հարցաթերթիկները: Կարեւոր է նշել ամսաթիվը, որովհետեւ նույն թեստավորումը պետք է անցկացվի առնվազն 2 ամիս հետո, համեմատելու թեստերի արդյունքները, որպեսզի գնահատվի բուժման արդյունավետությունը:
Տարեցները թեստավորմանը մասնակցեցին հաճույքով եւ բարձրաձայն քննարկում էին հարցերը, թեկուզ դա հակասում էր ինքնանահատման կարգին: Հաճելի էր, որ չնայած տեղատարափ անձրեւին, մասնակիցների մեծ մասը եկել էր գրասենյակ եւ շատ ակտիվ մասնակցում էր սեանսին: Ավելացավ եւս մեկ նոր մասնակից, նույնպես Շուշիից տարհանված:
Մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն է եւ անմիջապես հոգեբանական խորհրդատվությունից հետո նախատեսված էր միջոցառում Հանգանակի անձնակազմի համար: Գալով գրասենյակ, նրանք նույնպես ընդգրկվեցին քննարկումներում եւ տպավորված մասնագետների հմուտ խորհրդատվությամբ, ցանկություն հայտնեցին նույպես մասնակցելու ամենշաբաթյա խմբային սեանսների: Քանի որ որոշվել էր, որ դրանք պետք է կրեն բաց բնույթ, ուստի մասնագետները չառարկեցին ընդգրկելու նոր մասնակիցներ:
Վերջում գնահատելով թեստի արդյունքները, մասնագետները նշեցին, որ մասնակիցների մեծ մասը ունեն միջին ծանրության դեպրեսիա, որը բուժում է պահանջում: