Արինա Ֆ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարին:

Արինան ծնվել է 1932 թ Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում: Ընտանիքում մեծանում էին յոթ երեխա, հինգերորդը Արինան էր: Նա ինը տարեկան էր, երբ նրա հայրը մեկնում է բանակ, մասնակցելու Մեծ Հայրենականին ու այդպես էլ չվերադառնում: Յոթ երեխաների հոգսը ընկնում է մոր` 36-ամյա Մանուշակի փխրուն ուսերին: Նույն 1941 թվականին մեծ և փոքր եղբայրները մահանում են սննդային թունավորումից:

Արինան միջնակարգ ուսումը ստանում է գյուղի դպրոցում: Նա դպրոցը ավարտում է գերազանց գնահատականներով եւ 1947 թվականին ընդունվում Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի դաշտավարական բաժինը: Ոսումը թողնելով կիսատ, տեղափոխվում է Բաքու՝ քեռու մոտ, ընտանիքի հոգսերը թեթևացնելու նպատակով: Երկու տարի քեռու մոտ ապրելուց հետո նա տեղափոխվում է Սումգայիթ մի ազգականի տուն և սկսում աշխատել քիմիական գործարանում եռահերթ: Այդպես էլ մնում է Սումգայիթում եւ աշխատում նույն գործարանում մոտ քառասուն տարի՝ մինչև Սումգայիթյան ջարդերը: Չի ուզում ոչ խոսել, ոչ էլ հիշել այդ մղձավանջը…

Վերջերս թերթում լույս էր տեսել մի հոդված «Դժոխքից մազապուրծ» վերնագրով, որտեղ Արինան մանրամասն պատմում է Սումգայիթի ջարդերի մասին, թե ինչպես մի օր փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը նա ամեն ինչից անտեղյակ գնում էր աշխատանքի եւ տեսնում, թե ինչպես են քաղկոմի շենքի մոտ շարվել տանկերը, երկար շինելներով զինվորականներ, այդ ամենը նրան հիշեցնում էր պատերազմի մասին պատմող ֆիլմեր, իսկ աշխատանքի վայրում նրան զարմանքով հարցնում են. «Գործի՞ ես եկել»: Արինան վախեցած մտնում է դիսպետչերների մոտ, որոնք ի դեպ ռուսներ էին, սպասում մինչև լույսը բացվի, գրում աշխատանքից հեռանալու դիմումը, եւ հենց այդ նույն օրը մեկնում Բաքու` ավագ քրոջ մոտ, որտեղ դեռևս հանգիստ էր: 1988թ մազապուրծ փախչում է Հայաստան և տեղավորվում Եղվարդի շրջանի Զորավան գյուղում, մեծ քրոջ տանը, այնտեղ ապրում է վեց տարի: 1992 թվականին մի օր եղբայրը զանգում է քրոջը, որ գա ու տանի մորը գյուղից, թե չէ նրան կսպանեն ազերիները: Մի կերպ հասնում է Ստեփանակերտ, վերցնում մորը, որին արդեն տեղափոխել էին Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակի մոտ գտնվող ինը հարկանի շենքի նկուղ: Մորը տեղափոխում է քրոջ տուն` Զորավան: Որոշ ժամանակ անց լուրերով լսում են, որ ազատագրել են իրենց գյուղը, շատ են ուրախանում և մայրը ստիպում է Արինային հետ տանի իրեն գյուղ: Եվ 1994 թվականին Արինան մոր հետ տեղափոխվում է գյուղ, երկու ամիս մորը խնամելուց հետո, մայրը մահանում է: Արինան մնում է մենակ:

1995թ. բարեկամի միջնոդությամբ Արինան ամուսնանում է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ասրի Ա.-ի հետ, որի կինը մահացած է, ունի երեխաներ, որոնք ապրում են առանձին: Ասրիի հետ Արինան ապրում է արդեն 24 տարի:

Հանգանակի մասին Արինան իմացել է ամուսնու փեսայից` Վարդգեսից, փաստաթղթերով ներկայացել է Հանգանակ և որոշ ժամանակ անց դարձել է կազմակերպության շահառու: Արդեն յոթ տարի է, որ նա Հանգանակի շահառու է:

Արինան տառապում է հիպերտոնիկ հիվանդությամբ, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզով: Հանգանակից ստանում է Կապտոպրիլ 50մգ N 20, Կարդիոմագնիլ 75 մգ N 30, Տեմպալգին N10: Պոլիկլինիկա դիմում է հազվադեպ, անհրաժեշտության դեպքում դիմում է կազմակերպության բժշկին: Պարենամթերքը համարյա թե հերիքում է, իսկ թոշակը 44.000 ՀՀ դրամ է, որը չէր բավարարի առանց Հանգանակի օժանդակության:

Արինան ապրում է երկու սենյականոց մի կիսամութ տան, որը ամուսնուն է պատկանում: Պայմանները միջինից ցածր են: Տունը ջեռուցվում է փայտով: Փայտը ձեռք է բերում թոշակից տնտեսած գումարից և Հանգանակի ջեռուցման համար տրամադրած գումարից: Անչափ գոհ է բուժքույր Ներսիսյան Էլզայից: Ինչպես ինքն է ասում, Էլզան «շտապ օգնություն» է ինձ համար:

Շատ շնորհակալ է բոլորից, հատկապես հովանավորներից, որոնք սատար են կանգնում իրենց պես մարդկանց, մտահոգվում են իրենց ճակատագրով: «Շատ երախտապարտ եմ բոլորից», — ասում է Արինան: