Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի, քույր կազմակերպության՝ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի հետ ծանոթացանք 2021 թվականին՝ ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի միջոցով, երբ փնտրում էինք մի կառույց, որը «Հանգանակ» ՀԿ-ի անձնակազմի կարիքներին համապատասխան դասընթացներ կարող է տրամադրել: Մեր նախնական ծանոթությունը շատ արագ վերածվեց բարեկամության եւ արդեն մի քանի ամսից մենք հրավիրվեցինք մասնակցելու նրանց կողմից կազմակերպված Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի III միջազգային կոնգրեսին: Իսկ 2022 թվականի մարտի սկզբին արդեն կայացավ «Հանգանակ» ՀԿ անձնակազմի համար առաջին կրթական դասընթացը՝ հատուկ մշակված ծրագրով: Որոշվեց, որ անձնակազմի հմտությունների և գիտելիքների զարգացմանը ուղղված այդպիսի դասընթացներ կլինեն շարունակական եւ ՀՕՖ-ը պարտավորվեց աջակցել բոլոր առաջիկա միջոցառումները:
Գերիատրիայի և գերոնտոլոգիայի IV միջազգային կոնգրեսը այս տարի տեղի ունեցավ դեկտեմբերի 1-2-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Այն կազմակերպվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասցիացիայի նախաձեռնությամբ և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Ինչպես եւ նախորդ տարի, կոնգրեսը շատ տպավորիչ էր իր ներկայացուցչությամբ եւ մասշտաբով: Հրավիրվել էին համաշխարհային ճանաչում ունեցող գերիատրներ, գիտնականներ, առաջատար հայ մասնագետներ, բժիշկներ:
Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյանը հրավիրեց «Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանին Գերիատրիայի և գերոնտոլոգիայի IV միջազգային կոնգրեսին՝ այս անգամ արդեն որպես դասախոս: Դա մի կողմից մեծ պատիվ էր կազմակերպության համար, մյուս կողմից շատ պատասխանատու եւ պարտավորեցնող: Միաժամանակ դժվար է ելույթ ունենալ այդպիսի մեծության գիտնականներից հետո, թեկուզ 18 տարվա փորձն ու գիտելիքները տալիս են, անկասկած, ինքնավստահություն:
Կոնգրեսը «Հանգանակ» ՀԿ համար ուներ եւս մեկ հաճելի անակնկալ: Բացման արարողության ժամանակ, ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի համակարգող Առնո Հովհաննիսյանը ներկայացրեց իրենց կողմից պարտաստվող լայնամասշտաբ ծրագիրը՝ Աջակցություն գերիատրիայի զարգմացանը Հայաստանում եւ Արցախում: Եվ այն փաստը, որ ՀՕՖ-ը «Հանգանակ» ՀԿ ընտրել է որպես գործընկեր այդ ծրագիրը Արցախում իրականացնելու համար, շատ մեծ պատիվ էր եւ գնահատանք:
Գոհար Հովհաննիսյանը իր զեկույցը կարդաց կոնգրեսի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին: Այն հակիրճ ներկայացնում էր կազմակերպության կողմից իրականացվող գործառույթները եւ, որպես նորություն, 2022 թվականի հունվարից Տարեցների ծրագրի շրջանակներում մեկնարկած հոգեբանական ծառայությունները: Ծառայությունների հետ միաժամանակ անց է կացվել կազմակերպության շահառուների հոգեախտորոշիչ հետազոտություններ, որոնց նախնական արդյունքների մասին ներկայացվել է զեկույցում:
Զեկույցի սլայդները
Զեկույցը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ
Զեկույցի ավարտին կազմակերպիչների թույլտվությամբ ցուցադրվեց Արցախի հանրային հեռուստատեսության կողմից նկարահանված տեսանյութը՝ «Հանգանակ» ՀԿ գործունեության մասին:
Զեկույցից հետո կոնգրեսի մասնակիցները մոտենում եւ շնորհավորում էին Գ. Հովհաննիսյանին: Նա մոտակա օրերին հրավիրվեց հարցազրույցի տեղական ռադիոստուդիաներից մեկը՝ խոսելու կազմակերպության առաքելության եւ խնդիրների մասին:
Կարդացեք մեր նորությունները եւ եղեք տեղեկացված: