Տիկին Սոֆյան արդեն շատ հիվանդ էր, երբ նրա մասին գրեցինք: Նա վերջին անգամ այցելեց Հանգանակի գրասենյակ 2019թ. դեկտեմբերի 16-ին, մի ձմեռային անսպասելի տաք օր: Նա սիրում էր զբոսնել, իսկ այդ օրը նա չէր կարող տնից դուրս չգալ՝ եւ արեւի տակ ջերմանալու համար եւ Հանգանակ այցելելու: Նա գիտեր, որ բժշկուհի Լիլյան առավոտից է աշխատում, ուստի տաք հագնվեց եւ նախաճաշից անմիջապես հետո եկավ Հանգանակ: Մենք զարմացանք նրա այցից: Տիկին Սոֆյան նոր էր հիվանդանոցից դուրս գրվել եւ լինելով արդեն 90-ը հատած իր զառամյալ տարիքում՝ դա հրաշքի նման մի բան էր:
– Лиля, а ты меня не послушаешь?, — դժվար լսողներին բնորոշ բարձր ձայնով եւ իրեն հատուկ բառերը հատիկ-հատիկ եւ հստակ արտասանելու սովորությամբ նա մոտեցավ բժշկուհուն եւ բերանը բաց սպասում էր պատասխանի: Նա միշտ բերանը բացում էր, երբ փորձում էր լսել զրուցակցին, կարծես ցանկանալով բերանով որսալ բառերը:
Ամեն անգամ գրասենյակ այցելելով, նրա հիմնական խնդրանքը թոքերը լսելն էր: Բժշկուհին սիրով տիկին Սոֆյային ուղեկցեց իր աշխատասենյակ:
Երբ նա գնաց, բժշկուհին ասաց, զարմանում եմ, թե ինչպես է նա կարողացել հասնել գրասենյակ: Արտահայտված հեւոց ուներ եւ մակերեսային շնչառություն: Տարած թոքաբորբի հետեւանքները դեռ չէին անցել…
Գնաց տուն եւ պառկեց:
… Մենք արդեն գրել ենք տիկին Սոֆյայի մասին «Դիտակետում» բաժնում ՝ ներկայացնելով կարճ կենսագրություն, թե ինչպես է նա Արցախյան շարժման ժամանակ Բաքվից հասել Ստեփանակերտ, և ինչպես է դասավորվել նրա հետագա ճակատագիրը: Ամբողջ կյանքում նա հոգ էր տանում իր հարազատների մասին՝ սկզբում ծնողների, հետո քույրերի… Եվ հետո եկավ ժամանակը, երբ ինչ-որ մեկը պետք է հոգ տաներ նրան:
Երկու տարի առաջ քրոջ ավագ որդին՝ Պետյան, հասկանալով, որ հիմա իրենց հերթն է հասել խնամք տանել արդեն ծեր մորաքրոջ նկատմամբ, տեղփոխվել էր Ստեփանակերտ: Նա եւ դասավանդում էր մանկավարժական համալսարանում եւ ընկերակցում մորաքրոջը: Հաշտ ու համերաշխ ապրում էին նրանք, մինչեւ մի քանի ամիս առաջ Պետյան իրեն վատառողջ զգաց: Գնաց Երեւան հետազոտվելու եւ ընկճված վերադարձավ: Պետք է մեկներ քիմիոթերապիայի, իսկ բժիշկների կանխատեսումները հուսադրող չէին:
Երբ Սոֆյան դուրս գրվեց հիվանդանոցից, Պետյան մեկնել էր Երեւան՝ իր հերթական բուժումը ստանալու: Բայց հոգացել էր Պետյան մորաքրոջ մասին՝ պայմանավորվել էր, որ գիշերները հիվանդապահ գա եւ խնամի տիկին Սոֆյային:
Մորաքույր Սոնյան բոլոր հարեւանների համար աշխարհի ամենալավ մորաքույրն էր: Նրանք նույնիսկ հերթապահություն էին սահմանել, որ առանց ուշադրության հանկարծ չմնա մորաքույր Սոնյան: Երկրորդ հարկի Աննան հերթապահում էր երկուշաբթի եւ ուրբաթ օրերը, Ռուզանը՝ երեքշաբթի եւ հինգշաբթի, իսկ չորեքաբթի եւ շաբաթ օրերը՝ Արեգան իր ավագ դստեր՝ Կիսայի հետ: Հիվանդապահ Զինան զարմացած էր այդ կանանց նվիրումից: Կիրակի օրերը, երբ Զինան դեռ Սոֆյայի մոտ էր լինում, բոլորը հավաքվում են թեյելու մորաքույր Սոնյայի հետ: Սոնյան այդ օրերին աշխուժանում էր, նույնիսկ դուրս էր գալիս տեղաշորերից՝ իր ձեռքով ամեն ինչ սեղանին դասավորելու համար: Բայց արդեն վերջին շաբաթներին նա այլեւս տեղերից դուրս չէր գալիս եւ Զինային էր կարգադրում, թե ինչ պետք է սեղանին դնել:
Տիկին Սոֆյային հաճախ այցելում էին եւ Հանգանակի սոցաշխատողները՝ Երմոնյան եւ Էսմիրան: Արդեն յոթ տարի է, նրանք դարձել էին Սոֆյայի հարազատները: Ինչպես եւ հոգատար հարեւանուհիններին, տիկին Սոֆյան նրանց տալիս էր ամենատարբեր առաջադանքներ, եւ ամենակարեւորը, թե ինչ է այդ օրը նախընտրում ուտել: Արդեն շատ վատ էր տիկին Սոֆյայի ախորժակը եւ ուտում էր, ինչպես Զինան էր ասում, ծիտիկի չափ, բայց գիշերը մեկ էլ հանկարծ զարթնում էր եւ կանչում Զինայի,- Զինաաա~, Զինաաա~,- գիշերային անդորրի մեջ նրա ձայնը այնպես բարձր էր հնչում, որ Զինան խուճապահար վազում էր նրա մոտ, իսկ նա ուզում էր տեղեկանալ, թե երեկվա աղջիկների բերած շպրոտները դեռ մնում են, որ նախաճաշին ուտի:
Արդեն մի քանի օր տիկին Սոֆյայի սիրտը Նապոլեոն խմորեղեն էր ուզել, Էսմիրան երեկոյան զանգել էր, որ իմանար, թե ինչ է անհրաժեշտ հաջորդ օրվա համար եւ Զինան նրան ասել էր, որ արդեն շատ պարզ չէր խոսում, բայց կարծես Նապոլեոն էր ուզել: Հաջորդ օրը կիրակի էր, աղջիկները գիտեին, որ նաեւ հարեւանուհիններն են այցելում այդ օրը տիկին Սոֆյային, գնեցին խմորեղենը, էլի ինչ-որ քաղցրվենիք եւ գնացին Սոֆյայի մոտ: Արդեն թեյը սեղանին էր, իսկ սեղանը տեղափոխել էին Սոֆյայի անկողնու մոտ: Շատ ուրախացավ խմորեղենով, նույնիսկ մի քիչ համտեսեց, իսկ հետո Զինային խնդրեց, որ իրեն տա ընտանեկան լուսանկարների ալբոմը եւ խնամքով փորձում էր թերթել այն, նա անընդհատ հարցնում էր Պետյայի մասին, իսկ Պետյան մի քանի շաբաթ առաջ էր մահացել: Բոլորը գիտեին դրա մասին, բայց խնամքով թաքցնում էին տիկին Սոֆյայից: Հետո հոգնեց, ալբոմը դրեց բարձի տակ եւ ինքն էլ պառկեց ու հանգիստ քնեց:
Տիկին Սոֆյան այլեւս չզարթնեց. կերավ իր սիրած խմորեղենը, հրաժեշտ տվեց լուսանկարների միջից իրեն ժպտացող ազգականներին եւ գնաց միանալու իր անչափ սիրելի զարմիկին…