Զոյա Հ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարին:

Զոյան ծնվել է 1946 թվականին Ստեփանակերտում` մտավորականների ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին երեք աղջիկ և մեկ տղա: Տարրական կրթությունը ստանում է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվ. N3 միջնակարգ դպրոցում: Ընտանեական վիճակից ելնելով Զոյան տեղափոխվում է Տաշքենդ` հորաքրոջ մոտ և այնտեղ էլ ավարտում 8-րդ դասարանը: Որից հետո վերադառնում է ծննդավայր և միջնակարգը ավարտում երեկոյան հերթափոխային դպրոցում, քանի որ միաժամանակ աշխատում էր Ղարմետաքսկոմբինատում` ընտանիքին օգնելու համար:

Դպրոցն ավարտելուց հետո 1966-1968 թվականներին նա ավարտում է տեղի հաշվապահական դպրոցը՝ փայլուն գնահատականներով: Ավարտելուց հետո մեկնում է Լենինգրադ և սովորում Տնտեսագիտական համալսարանի Ֆինանսների բաժնում, որը նույնպես ավարտում է գերազանց՝ կարմիր դիպլոմով: Հետ վերադառնում է հայրենիք և անմիջապես աշխատանքի անցնում Հաշվապահական դպրոցում, իսկ այնուհետև աշխատանքային կարիերան շարունակում է Ֆինանսների նախարարությունում, որտեղ աշխատում է ավելի քան 25 տարի: Զոյան ասում է, որ ինքը սկսել է ամենացածր պաշտոնից և հասել մինչև բաժնի պետի պաշտոնի: Անձնվեր աշխատանքի համար նա ստացել է բազմաթիվ պարգևներ՝ Кавалер ордена знак почета, որը ստորագրել են Բրեժնևը և Գեադգազեն, ստացել է նաև «Отличник экономики и финансов», «Ветеран труда» մեդալները:

Զոյան ընկել էր կարիերայի հետևից լրիվ մոռա՚նալով անձնական կյանքի մասին:

— Երիտասարդ տղաները վախենում էին մոտենալ ինձ, կարծում էին, թե ես ամեն ինչում առավել եմ իրենցից ու այդպես էլ անձնական կյանքս չդասավորվեց,- պատմում է Զոյան։

1985 թվականին Զոյան որդեգրում է հարևանի աղջկան, որն ապրում էր շատ ծանր սոցիալական պայմաններում: Որդեգրած աղջիկը՝ Նարինեն, ամբողջովին փոխում է Զոյայի կյանքը: Նա վայելում էր բոլորի սերն ու համակրանքը, ամեն ինչում և ամենուր ուշադրության կենտրոնում էր: Նարինեն վայելել է երջանիկ մանկության բոլոր պահերը: Իր հերթին նա նաեւ երջանկություն է պարգեւել Զոյային:

2003թ. Նարինեն ավարտում է դպրոցը: Զոյան վերցնում է աղջկան և տեղափոխվում Սարատով, որտեղ էլ աղջիկն ընդունվում է Տնտեսագիտական համալսարանի հեռակա բաժինը՝ ընտրելով Զոյայի մասնագիտությունը:

Նույն թվականին Զոյան վերադառնում է Ստեփանակերտ՝ խնամելու ծեր մորը:

Սակայն որոշ ժամանակ անց դժբախտ լուրը Սարատովից հասնում է Զոյային։ Տունը, որտեղ բնակվում էր Նարինեն, հրդեհվում է գազի պայթյունից և աղջկան չեն կարողանում փրկել: Այդ դժբախտությունից հետո Զոյան ապրում է իր երեխայի հուշերով` գերեզման, եկեղեցի, մոմավառություն….

Հանգանակի մասին Զոյան տեղեկացել է իր հարևանուհի Արմիդայից, որը նույնպես Հանգանակի շահառուներից էր: Նա Հանգանակում է 2005 թվականից: Հանգանակը շատ է օգնում, քանի որ նա դժվարությամբ է տեղաշարժվում: Սոցաշխատողները ամեն ինչում օգնության են հասնում, բերում են պարենամթերքը, օգնում են կենցաղում: Զոյան տառապում է բազմաթիվ հիվադություններով, Հանգանակը ապահովում է անհրաժեշտ դեղորայքով: Նա ստանում է Կարդիոմագնիլ 75 մգ N30, Կոնկոր 5 մգ N 30, Էնապ 10 մգ N 20, Պիրացետամ 400 մգ N30: Բուժքույրը` Մարսելա Սարգսյանը, շատ ուշադիր է, հոգատար, հաճախակի է այցելում իրեն:

Թոշակը 38000 դրամ է, որը իհարկե չի հերիքում, բայց նա այդ գումարը ծախսում է խնայողաբար, որ որևէ մեկից բան չխնդրի:

— Ինձ համար անչափ հաճելի է, երբ տունս մարդ է գալիս, զրուցում ենք, հիշում անցյալը: Փառք Աստծո, ինչ տեսնում եմ, Հանգանակից եմ տեսնում, շատ զգացված եմ, որ դուք կաք, եթե դա չլիներ, չգիտեմ ինչ կլիներ ինձ հետ,- արտասվախառն ասում է Զոյան:

Նա շատ շնորհակալ է Հանգանակի հովանավորներից, տնօրենից և ողջ կոլեկտիվից: Զոյան հպարտանում է, որ ինքը հայ է և հպարտ է հայ ազգի նվիրյալներով, որ լինելով հեռավոր Բոստոնում՝ մտածում ու հոգ են տանում Արցախում ապրող միայնակ տարեցների մասին, որոնք իրոք օգնության կարիք շատ են զգում:

— Շնորհիվ Հայ Կանանց Բարեկեցության միության եւ Հանգանակի, շահառուների կյանքը զգալի թեթևացել է: Աստված Ձեզ պահապան, — ասում է Զոյան: