Էդուարդ Ար.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսին:

Էդուարդը ծնվել է 1957թ. ք. Ստեփանակերտում բանվորի ընտանիքում: Հայրը տարբեր շինարարական ընկերություններում բանվոր էր աշխատում, իսկ մայրը Ղարմետաքսկոմբինատի ճաշարանում սպասք էր լվանում: Մի կերպ էին ապրում: Դեռ շատ երիտասարդ հայրը ընկնում է աշխատանքի վայրում շինհարթակից եւ տեղում մահանում: Մայրը հղի էր, դեռ երկրորդ երեխան չէր ծնվել: Առաջնեկը՝ Էդուարդը եւ փոքրիկ քույրը մնում են տակավին երիտասարդ մոր հույսին, առանց որեւէ սեփականության: Հոր աշխատանքի վայրից որպես օգնություն կառուցում են մեկ սենյականոց սեփական տուն, որտեղ եւ ապրում էր մայրը իր երեխաներով:

Էդուարդը սկզբնական կրթությունը ստացել է տեղի №6 գիշերօթիկ դպրոցում, հետո 8-րդ դասարանը շարունակում է №1 հերթափոխային դպրոցում: 1975թ. զորակոչվում է Սովետական բանակ պարտադիր զինվորական ծառայության: Ծառայությունից հետո 1977թ. նա սկսում է աշխատել Ստեփանակերտի «Բաքվի ռեստավրացիոն կենտրոն» շինարարական կոմբինատում: Նրա վերջին աշխատանքը Ասկերանի բերդի վերականգնման աշխատանքն էր, որից հետո 1982թ. նա տեղափոխվում է ՌԴ արտագնա աշխատանքի: Ամուսնացել է 1989թ. Բաքվից փախստական մի ռուս կնոջ հետ, որն ուներ մի տղա, միասին ապրել են 9 տարի, բաժանվել են առանց համատեղ երեխաներ ունենալու: Էդուարդը առողջական խմդիրների պատճառով որոշում է վերադառնալ հայրենիք՝ մոր մոտ, քանի որ հենց ինքն ուներ խնամքի կարիք: Սակայն մինչեւ նրա տեղափոխվելը լսում է մոր մահվան լուրը, վերադառնում է մոր հողարկավորումից յոթ օր անց:

Այդ կիսաքանդ տանը հիվանդ վիճակում մնում է մեն մենակ, առանց գրանցման ու առանց աշխատանքի, օգնության էին հասնում հարեւանները եւ շատ մեծ երախտագիտությամբ է խոսում հորաքրոջ մասին: Էդուարդի քույրը նույնպես վատառողջ ու սոցիալապես անապահով էր եւ ոչնչով չէր կարողանում օգնել: Ավելին, քրոջ մահից հետո, նրա երկու դստրերը չեն թույլատրում, որ Էդուարդը գրանցվի իր իսկ հայրական տանը, որպեսզի ստանա իրեն հասանելիք հաշմանդամության նպաստը:

2014թ. Էդուարդը ստանում է իշեմիկ ինսուլտ եւ բուժվում ՀԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքում:

Հանգանակում անդամագրված է 2015թ. հարեւանի միջոցով: Շահառու դառնալուց հետո կյանքը զգալի փոխվել է դեպի լավը, մթերքը բավարարում է, տունը ջեռուցվում է փայտով, որի ծախսի մի մասը փոխհատուցում է Հանգանակը, դեղ ընդհանրապես չի ստանում իր բուժող բժշկի խորհրդով: Միջոցառումներին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով:

Շատ գոհ է իր հարեւաններից, որոնք ամեն րոպե օգնության ձեռք են մեկնում:

Շատ-շատ շնորհակալ է Հանգանակից եւ բարերարներից, որոնց շնորհիվ նա գոյատեւում է: