Էլեոնորա Ա.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին:

Էլեոնորան ծնվել է 1948թ դեկտեմբերի 13-ին Ասկերանի շրջանի Հարավ գյուղում: Գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո սովորել ք. Ստեփանակերտի №2 միջնակարգ դպրոցում: Միջնակարգն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի Գյուղատնտեսական տեխնիկումի հաշվապահական բաժնում:

22 տարեկան հասակում Էլեոնորան ամուսնանում է եւ տեղափոխվում է Ռուսաստան, սակայն ամուսինը հանկարծամահ է լինում ամուսնությունից մի քանի տարի անց: Նա դեռ որոշ ժամանակ շարունակում է բնակվել Ռուսաստանում՝ քրոջ ընտանիքում: Սակայն 1985թ. վերադառնում է հայրենի գյուղ՝ խնամելու հիվանդ մորը:

Երկրորդ անգամ ամուսնանում է 1995թ. Ստեփանակերտում: Երկու ամուսնությունից էլ երեխաներ չի ունեցել: Երկրորդ ամուսինը` Սերգեյ Ա. ունեցել է երեք տղա, երեքն էլ դժբախտ պատահարների պատճառով մահացել են: Այնուհետեւ մահացել է Սերգեյի առաջին կինը: Սերգեյը ամբողջ կյանքում աշխատել է որպես գործակատար: 2005թ.-ից անդամագրված էր Հանգանակում, տառապում էր բազմաթիվ հիվանդություններով. զարկերակային բարձր ճնշում, շաքարային դիաբետ, ուղեղի անոթների աթերոսկլերոզ: Սերգեյը մահանում է ուղեղի կաթվածից 2010թ: Էլոնորան կսկծանքով պատմում է.

«Ավելի բարի մարդ, քան Սերգեյն էր, ես իմ կյանքում չեմ հանդիպել: Ինչպես կարող էր ճակատագիրը այդքան դաժան լինել նրա նկատմամբ…»:

Ամուսնու մահից հետո 2010թ. Էլեոնորան ընդգկվում է Հանգանակում:

Էլեոնորան ապրում էր ամուսնու սեփական տանը, սակայն դժվար էր հոգալ այդ մեծ տան ծախսերը: Նա վաճառում է տունը եւ փոխարենը գնում մեկ սենյականոց փոքրիկ բնակարան, որտեղ եւ բնակվում է հիմա:

Թոշակը կազմում է 43000 ՀՀ դրամ: Ձգտում է բավարարվել դրանով: Նրա հիմնական առողջական խնդիրը դիաբետն է, ուստի հակադիաբետիկ դեղանյութերի հիմնական մասը հոգում է քաղաքային պոլիկլինիկան: Մյուս անհրաժեշտ դեղերը ստանում է Հանգանակից: Մի քանի տարի առաջ Էլեոնորան ընկել է եւ ստացել ազդրի կոտրվածք: Հիմա նա տեղաշարժվում է ձեռնափայտի օգնութամբ: Սակայն դա նրան չի խանգարում մասնակցելու Հանգանակի բոլոր միջոցառումներին:

Բնակարանը ջեռուցվում է էլեկտրական սարքով, որի ծախսը փոխհատուցում է Հանգանակը: Կրտսեր քույրը նույնպես հոգատար է նրա նկատմամբ եւ երբեմն ցուցաբերում է դրամական օգնություն:

«Հանգանակը ճիշտ ժամանակին մտավ իմ կյանքը, որովհետև այն ես համարում եմ իմ երկրորդ տունը: Շատ գոհ եմ նրանց կատարած բարի գործերից եւ հոգատար վերաբերմունքից», — խոստովանում է նա:

«Շնորհակալություն Հանգանակի տնօրինությանը, անձնակազմին, բարերարներին: Ցանկանում եմ բոլորին առողջություն եւ երկար կյանք, իսկ աշխարհին խաղաղություն», — ասում է նա: