Էսմիրալդա և Ռուդոլֆ Հ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսին:

Էսմիրալդան ծնվել է Ստեփանակերտում 1934 թվականին, իսկ Ռուդոլֆը՝ 1939 թվականին: Նրանց հայրը եղել է Ստեփանակերտի տպարանի տնօրենը, իսկ մայրը Ղարմետաքսկոմբինատում վարպետ էր աշխատում։ Ընտանիքում մեծանում էին 4 երեխա՝ 2 տղա, 2 աղջիկ։ Էսմիրալդան ընտանիքի առաջնեկն էր, իսկ Ռուդոլֆը՝ երրորդը։ Երեխաներից երկուսի կյանքը դասավորվում է երջանիկ, նրանք հաջող ամուսնանում են եւ ունեն իրենց ընտանիքները։ Կրտսեր եղբայրը մահացել է վերջերս՝ 75 տարեկան հասակում, իսկ քույրը ապրում է Մոսկվայում։

Էսմիրալդան 1951 թվականին ավարտելով Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը տեղափոխվում է Ռուսաստանի Եսենտուկի քաղաքը՝ մորաքրոջ մոտ։ Այնտեղ նա ավարտելով հաշվապահական դասընթացներ, աշխատանքի է ընդունվում բանկում՝ որպես գլխավոր գանձապահ։ Աշխատանքին զուգահեռ նա զբաղվում էր սպորտով, բազմիցս մասնակցել է վոլեյբոլի տարբեր մրցումների։

Ռուդոլֆը 1956 թվականին ավարտելով Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցը, աշխատանքի է ընդունվում ճանապարհաշինարարկան կազմակերպությունում որպես վարորդ։ 25 տարեկան հասակում Ռուդոլֆը ամուսնանում է։ Սակայն ամուսնական կյանքը երկար չի տեւում՝ նրանք բաժանվում են, երբ կինը դեռ հղի էր: Հետագայում կինը նորածին աղջկա հետ տեղափոխվում է Բաշկիրիա։ Այժմ նա կնոջ մասին ոչ հիշում է, ոչ էլ ցանկանում է խոսել, իսկ աղջկա հետ համարյա կապ չունի, հազարից մեկ ինքն է զանգում նրան,- պատմում է Ռուդոլֆը։

Էսմիրալդան 1985 թվականին վերադառնում է Ստեփանակերտ՝ եղբոր հետ խնամելու հիվանդ մորը։ Մայրը մեկ տարի անց՝ 1986 թվականին մահանում է։ Մոր մահից հետո մինչ օրս Էսմիրալդան եւ Ռուդոլֆը ապրում են հայրական տանը իրար հետ թեւ-թիկունքի։

73 տարեկան հասակում Ռուդոլֆը ծանր հիվանդանում է՝ կաթված է ստանում, որոշ ժամանակ անց ստանում է երկրորդ կաթվածը։ Այժմ նա մեծ դժվարությամբ է շարժվում, քանի որ կաթվածներից բացի գանգրենայի պատճառով հեռացրել են ձախ ոտքի բութ մատը։ Նա իր առողջական վիճակը գնահատում է վատ, քանի որ այդքանով հանդերձ տառապում է նաեւ շաքարային դիաբետով։ Նա իր դեղերի մի մասը Հանգանակից է ստանում՝ պրեստարիում 10 մգ N30, կարդիոմագնիլ 75մգ N30։ Հակադիաբետիկ դեղերը ստանում է հիմնականում քաղաքային պոլիկինիկայից: Նրա կենսաթոշակը կազմում է 58000 ՀՀ դրամ։

Էսմիրալդան մինչեւ թոշակի անցնելը աշխատել է խանութում, որպես գործակատար։ Այժմ նրա կենսաթոշակը կազմում է 31000 ՀՀ դրամ։ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության կողմից լրացուցիչ ստանում է եւս 24000 ՀՀ դրամ՝ որպես նպաստ։

Էսմիրալդայի առողջական վիճակը նույնպես վատ է, տառապում է հիպերտոնիայով։ Հանգանակից ստանում է նոլիպրել ֆորտե N30, կարդիոմագնիլ 75մգ N30։

Պոլիկլինիկայից Էսմիրալդան չի օգտվում, բայց Հանգանակի բժիշկը անհրաժեշտության դեպքում այցելում է նրան:

Բնակարանը ջեռուցվում է էլեկտրական ջեռուցիչով, որի դիմաց վճարում են իրենց թոշակից եւ Հանգանակից ստացված ջեռուցման փոխհատուցման գումարից:

Նրանց բնակարանը գտնվում է անմխիթար վիճակում՝ արցախյան շարժման տարիներին շենքը բազմիցս գնդակոծվել է, վերանորոգման կարիք ունի։

Ռուդոլֆ եւ Էսմիրալդա Հովհաննիսյանները Հանգանակի շահառու են 2012 թվականից։ Նրանք մեծ ուրախությամբ են հիշում, թե ինչպես Հանգանակի աշխատակիցները մի օր այցելեցին իրենց տուն՝ ուսումնասիրելու կենցաղային պայմանները եւ անհրաժեշտության ու հնարավորության դեպքում Հանգանակում ընդգրկելու համար: Այդ այցը անակնկալ էր նրանց համար, քանի որ չնայած բոլոր դժվարություններին երբեք եւ ոչ-ոքի մոտ չեն դժգոհել իրենց կյանքից։ Իսկ Ռուդոլֆ եւ Էսմիրալդա Հովհաննիսյանների մասին Հանգանակին տեղեկացրել էին Սոցապ նախարարությունից, որտեղ նրանք գրանցված էին որպես միայնակ թոշակառուներ։

Հանգանակի շահառու դառնալուց հետո, նրանց կյանքը դարձել է ավելի ապահով: Մթերքը բավարարում է մեկ ամիս: Դեղերով նույնպես ամբողջությամբ ապահովված են: Շատ երախտապարտ են ջեռուցման փոխհատուցման համար, քանի որ ընդարձակ բնակարանը ջեռուցելը անհնար կլիներ իրենց սուղ թոշակներով: Հանգանակի միջոցառումներին չեն մասնակցում առողջական վիճակի պատճառով։

Շատ շնորհակալ են բարերարներից, Հանգանակի ողջ անձնակազմից, բուժքույր Դոնարա Մնացականյանի հոգատար վերաբերմունքից, առանձնահատուկ շնորհակալ են նաեւ Լինա Գրիգորյանից, որը հաճախակի է զանգում ու հետաքրքրվում իրենց առողջական խնդիրներով:

Մաղթում են բոլորին առողջություն, երջանիկություն եւ բարեկեցություն, որ կարողանան օգնության հասնել իրենց պես միայնակ կարիքավոր մարդկանց: