Լարիսա Հ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։

Լարիսան ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 25-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Ընտանիքի 5 երեխաներից, նա 2-րդ երեխան էր։ Հայրը գյուղատնտես էր, մայրը՝ տնային տնտեսուհի։

1962 թվականին, ավարտելով Թաղավարդի միջնակարգ դպրոցը, նա ընդունվել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մանկավարժություն եւ տարրական կրթություն ֆակուլտետը։ 1966 թվականին ավարտելով ինստիտուտը երկու տարով ուղեգրվել է Ադրբեջանի Շամխորի շրջան, որտեղ այն ժամանակ կար 7 հայկական գյուղ՝ իր դպրոցներով։ Հենց այդ դպրոցներից մեկում էլ Լարիսան անցկացրեց իր փորձուսուցումը։

1968 թվականին ավարտելով փորձուսուցումը նա տեղափոխվում է հայրենի Թաղավարդ գյուղ եւ աշխատանքի անցնում հարեւան՝ Զարդանաշեն գյուղի դպրոցում, որտեղ էլ աշխատել է մինչեւ թոշակի անցնելը։ Նա ունի 44 տարվա մանկավարժական ստաժ։

Հայրենի գյուղ տեղափոխվելով նա իր կյանքը նվիրել է ծնողներին՝ երկրորդ պլան թողնելով իր անձնականը։ Մայրը մահացել 1982 թվականին, իսկ հայրը՝ 1998 թվականին, իսկ Լարիսան այդպես էլ չի ամուսնացել։

Արցախյան երրորդ պատերազմի թեժ օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերին նա, ստիպված թողնելով հայրենի գյուղը, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Նրան տեղավորել են Դիլիջանի հանգստյան տներից մեկում։ Պատերազմի դաժան ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերին Լարիսան վերադարձավ Ստեփանակերտ, բայց արդեն զրկված հայրենի գյուղից, սեփական բնակավայրից, քանի որ Թաղավարդի այդ մասը եւս մնաց թշնամուն։

Արցախի կառավարությունը նրան տեղավորեց Լոտոս հյուրանոցում, որտեղ էլ մինչեւ օրս նա բնակվում է։

Լարիսան Հանգանակի շահառու 2021 թվականի հունվարից, երբ Հայ կանանց բարեկեցության միության խորհրդի որոշմամբ ընդլայնվեց Ստեփանակերտի ծրագիրը եւ որոշվեց ցուցակում ընդգրկել Արցախի բռնագրավված շրջաններից տեղահանված եւ Արցախում՝ մասնավորապես Ստեփանակերտում ապրող միայնակ տարեցներին։

Նրա թոշակը կազմում է 75000 ՀՀ դրամ, որից՝ 11500 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ։

Նա տառապում հիպերտոնիայով, ունի ողնաշարի սկալիոզ, տեսողության պրոբլեմ։ Հանգանակից նա ստանում է Տրիպլեքսամ, Նեվանակ աչքի կաթիլներ։

Նա իր շնորհակալությունն է հայտնում Հանգանակի բարերարներին եւ ողջ անձնակազմին, ովքեր այս դժվար եւ անորոշ վիճակում ապրելով Արցախում կարողանում են իրենց առօրյան եւ անձնական խնդիրները մի կողմ դնել ու ապրել յուրաքանչյուր տարեցի հոգսով։