Լենա Մ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին:

Լենան ծնվել է 1928 թ դեկտեմբերի 8-ին Շուշիի շրջանի Քարին-տակ գյուղում: Նա իր յոթամյա կրթությունը ստացել է Շուշի քաղաքում:

Լենան 20 տարեկան հասակում ամուսնանում է Արշավիրի հետ եւ տեղափոխվում Ստեփանակերտ: Երկար տարիների համատեղ կյանքից հետո հասկանալով, որ սեփական երեխաներ չեն կարող ունենալ, որդեգրում են մի աղջիկ երեխա: Լենան սովորություն չունի մարդկանց մասին վատ խոսել, սակայն աղջկա մասին խոսելուց մի աննկատ ստվեր է անցնում նրա բարի դեմքով: Նա պարզապես ասում է, որ աղջիկն ամուսնացած է, ունի 2 երեխա: Նա իր ընտանիքի հետ այժմ ապրում է Ստեփանակերտում: «Աղջիկս սոցիալապես անապահով է»,- կսկծանքով պնդում է նա:

Ամուսինը`Արշավիր Մ., 2005-ին հերթական անգամ պառկած էր հանրապետական հիվանդանոցում, երբ տեսնելով նրանց ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը, հիվանդանոցում խորհուրդ են տալիս դիմել «Հանգանակ» հասարակական կազմակերպությանը: Դա գրեթե 14 տարի առաջ էր: Արշավիր Մ. անմիջապես ընդգրկվում է Հանգանակի շահառուների ցուցակում: Նա ծանր անկողնային հիվանդ էր, տարել էր բազմաթիվ վիրահատություններ, կարիք ուներ բժշկական հսկողության: Հանգանակը տրամադրում է Արշավիրին սպասարկող բուժքույր եւ սոցաշխատող: Հաճախակի նրանց այցելում էր Հանգանակի բժիշկ Աշխենը: Լենան երախտագիտությամբ հիշում է, որ առանց այդ օգնության, նա չէր կարող կազմակերպել ամուսնու համար անհրաժեշտ խնամքը:

Ամուսնու մահից հետո Հանգանակի շահառուների ցուցակի մեջ ընդգրկվում է Լենան:

Լենան 35 տարի անընդմեջ աշխատում էր Ստեփանակերտի Գինու կոնյակի գործարանում: Համարվում էր գործարանի լավագուն բանվորուհին և հպարտությամբ ասում է, որ ստացել է բազմաթիվ պատվոգրեր:

Հիմա նա ստանում է 51000 ՀՀ դրամ թոշակ, որը չի հերիքում իր ամենապարզ կարիքները բավարարելու համար: Շատ երախտապարտ է Հանգանակից նյութական աջակցության համար: Նա ջերմությամբ խոսում է նաեւ իր զարմիկի` Կարենի մասին:

Իր առողջական վիճակը նա համարում է բավարար, թեկուզ ունի սրտային անբավարարություն, իսկ մի քանի տարի առաջ ընկել է եւ ստացել ազդրի գլխիկի կոտրվածք: Հիմա նա շարժվում է շատ դժվարությամբ՝ 2 ձեռնափայտերի օգնությամբ, տնից գրեթե դուրս չի գալիս: Իր բուժքույր Էլզան եւ սոցաշխատողները շատ են օգնում նրան կենցաղում:

Դեղանյութերի պահանջը լիովին բավարարում է Հանգանակը: Բնակարանը ջեռուցվում է էլեկտրական ջեռուցիչով, որի ծախսը մասսամբ փոխհատուցում է Հանգանակը: Տիկին Լենան տնտեսում է ամեն ինչում, որպեսզի պարտք չունենա: Հանգանակի օգնությունը նրա համար ամեն ինչ է, չի պատկերացնում, թե ինչպիսի անմխիթար վիճակում կլիներ առանց այդ օգնության:

«Շնորհակալ եմ Հանգանակի ողջ անձնակազմից: Ամեն արևածագի և մայրամուտի ես աղոթում եմ ձեզ համար և խնդրում երկարակեցութուն և Հանգանակի գործունեությանը հարատևություն»,- երախտագիտությամբ ասում է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով