Լիլիթ Գ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարին:

Լիլիթը ծնվել է 1950 թվականի  մարտի 1-ին  Մարտակերտի  շրջանի  Կիչան գյուղում` մտավորականի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում, իսկ միջնակարգը՝  հարևան Առաջաձորի 10-ամյա դպրոցում: Ունեցել է անհոգ և ուրախ մանկություն: Ունենալով  երաժշտական ընդունակություն՝ միջնակարգը ավարտելուց հետո աշխատում է ԼՂՀ պետական համույթում՝ որպես երգչուհի և հաղորդավար: Երկու տարվա աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո, Լիլիթը ընդունվում է Երևանի Մանկավարժական ինստիտուտի գեղանկարչական բաժինը:  Սակայն ինստիտուտը չավարտած մայրը հիվանդանում է եւ նա ստիպված ուսումը թողնում է կիսատ, վերադառնում հայրենի գյուղ ու խնամում մորը:

Նույն թվականին Լիլիթը ընդունվում է Մոսկվայի Գեղարվեստի համալսարանի նկարչական ֆակուլտետի հեռակա բաժինը: Ավարտելուց հետո տեղափոխվում է Ստեփանակերտ և սկսում աշխատել Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում որպես նկարիչ: Արցախյան շարժումը դրդում է երիտասարդ դերասաններին կազմել հատուկ երաժշտա-թատերական խումբ, որը շրջագայում էր  Արցախի և Հայաստանի սահմանամերձ դիրքերով՝ իրենց երգ ու պարով բարձրացնելով մարտիկների  ռազմական  ոգին:  Նրանց  խմբում  էր նաև  Լիլիթը:

Լիլիթի անձնական կյանքը չի դասավորվել, թեկուզ միշտ շրջապատված է եղել երկրպագուներով:

— Իմ կյանքում եղել է մեկ սեր, որ ազգությամբ հույն էր, բայց դրանից դժբախտաբար ոչինչ չի ստացվել,- ասում է նա։

Մինչև պատերազմը նա սոցիալապես եւ նյութապես շատ ապահով էր զգում իրեն եւ ամենուր վայելում էր սեր ու հարգանք: Սակայն պատերազմից հետո ամեն ինչ փոխվում է:

Լիլիթը սեփական բնակարան չունի։  Եղբայրը հայրական տնից մեկ սենյակ է տրամադրել նրան, որը նրա համար և ճաշասենյակ է, և  ննջասենյակ, և խոհանոց ու  նույնիսկ լոգարան: Ճաշ պատրաստելու համար նա օգտագործում է լցովի գազի  բալոն: Պայմանները  ծայրահեղ  ծանր են:

Հանգանակի մասին նրան տեղեկացրել է իր տեղամասային բժշկուհի Մարետա Պետրոսյանը, որը այդ ժամանակ Հանգանակի բժշկուհին էր նաեւ: Արդեն ավելի քան  յոթ  տարի  նա  Հանգանակի   շահառուներից   է:

Առողջական վիճակը միջինից ցածր է` ունի թունավոր խպիպ, հիպերտոնիկ հիվանդություն, ստամոքսի բարձր թթվայնություն: Ժամանակ առ ժամանակ պառկում է հիվանդանոցում՝ ստացիոնար բուժում ստանալու համար: Հանգանակը տրամադրում է հիմնական դեղերը  (Էնալապրիլ 20մգ N 30, Նո-շպա 40մգ N30, Օմեզ 40մգ N30), իսկ պոլիկլինիկայից  քիչ է օգտվում ։

— Մինչև Հանգանակի շահառու դառնալը ես շատ տխուր էի, ապրում էի մենակ՝ միապաղաղ կյանքով: Հանգանակը փոխեց իմ կյանքը, տաղտկալի մտքերս ցրվեցին, ստեղծեցի նոր շրջապատ, տխուր կյանքս որոշ չափով աշխուժացավ,- ասում է նա:

Հանգանակի միջոցառումների ակտիվ  մասնակիցներից է, լավ երգում- պարում,  ասմունքում է  ու  հաճախակի  ստանում  մրցանակներ:

— Թոշակս 55000 դրամ է, որի մեծ մասը Կարմիր Խաչն է փոխհատուցում: Մթերք համարյա թե չեմ գնում, բավարարվում եմ Հանգանակից տրամադրված մթերքով: Շատ գոհ եմ բուժքրոջից` Մարսելա Սարգսյանից, որը շատ ուշադիր է, ուրախությունս ու տխրությունս կիսում եմ նրա հետ,- ասում  է  Լիլիթը:

Լիլիթը նաեւ երախտագիտություն է հայտնում Հանգանակի բարերարներին, որոնք այնքան մեծ սիրտ ունեն, որ հեռվից օգնում են անպաշտպան, խոցված խավի մարդկանց: Շնորհակալ է նաև Հանգանակի ողջ անձնակազմից, որ թեթեւացնում են շահառուների գորշ ու տխուր  կյանքը:

— Աստված օրհնի բոլորիդ,- ասում է Լիլիթը: