Լսողության խանգարում

Ներածություն

2006 թվականի մարտին Նարեկացի Արվեստի Միության Շուշիի ծրագրերի ղեկավար Սեթա Իսկանդարյանը իմանալով, որ “Հանգանակ” հասարակական կազմակերպությունը հետաքրքրված է խուլ եւ համր երեխաների ճակատագրով, խնդրանքով դիմեց կազմակերպության նախագահ Գոհար Հովհաննիսյանին օգնելու կազմակերպել ամառային արվեստի ճամբար Շուշիում նման երեխաների համար: Խնդրանքը խանդավառությամբ ընդունվեց կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով, որ լսողության խանգարումներով երեխաները դժբախտաբար դուրս են մնացել թե իշխանությունների եւ թե հասարակական կազմակերպությունների ուշադրությունից:

Նարեկացի Արվեստի Միության ամառային ճամբարի կազմակերպման սկզբնական նախաձեռնությունը վերաճեց կոնֆերանսի հրավիրման անհրաժեշտության: Ինչպես ամռային ճամբարը, այնպես էլ կոնֆերանսը կազմակերպվեց “Հանգանակ” ՀԿ եւ Նարեկացի Արվեստի Միության համատեղ ջանքերով:

Կոնֆերանսը, որը անվանվեց “Խլություն եւ ծանրալուրություն. Իրավիճակն այսօր եւ առաջարկություններ վաղվա համար” հրավիրվեց 2006 թ. օգոստոսի 14-ին: Կոնֆերանսի հիմնական նպատակն էր ստանալ խլության եւ ծանրալուրության իրավիճակի ստույգ գնահատական: Այդ նպատակի համար կոնֆերանսին հրավիրվեցին ԼՂՀ առողջապահության, կրթության, սպորտի եւ մշակույթի, ինչպես նաեւ սոցապ նախարարները, ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ԼՂՀ կառավարության, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ, բժիշկներ, լոգոպեդներ, ուսուցիչներ, որոնք զբաղվում են կամ հետաքրքրված են խուլ երեխաներով: Իսկ խուլ երեխաների ծնողների մասնակցությունը ապահովեց կոնֆերանսի հիմնական նպատակի` իրավիճակի ստույգ գնահատման հավաստիությունը:

Կոնֆերանսը ոչ թե սովորական մի ժողով էր, որտեղ հավաքված մարդիկ հնարավորություն ունեցան արտահայտվելու, զրուցելու, այլ նրանք հնարավորություն ունեցան ներկայացնելու ներկա իրավիճակը խնդրի բոլոր հնարավոր տեսանկյուններից: Կոնֆերանսը ավելի շուտ նման էր խմբակային քննարկման (focus group discussion) եւ կլոր սեղան հիշեցնող դահլիճը հնարավորություն էր տալիս բոլոր կողմերին խոսել հավասար դիրքերից: Այն նաեւ համակարգող (կոորդինացնող) ժողով էր հիշեցնում, որտեղ ամենաարդյունավետ ձեւով խնդրի լուծման համար յուրաքանչյուր կողմ առաջարկում էր օգտագործել իր հնարավորությունները: Արդյունքում կոնֆերանսը հնարավորություն տվեց կողմերին ներկայացնել իրավիճակը եւ իրավիճակից ելնելով պահանջներ ներկայացնել մարդկանց, որոնք իշխանություն ունեն եւ կարող են որոշումներ կայացնել եւ իրագործել:

Իրավիճակի ստույգ գնահատումը կատարվեց բոլոր ելույթների, հաշվետվությունների, քննարկումների մանրամասն վերծանման, ինչպես նաեւ հարցախույզի արդյունքների վերլուծման հիման վրա:

Ստորեւ ներկայացված է կոնֆերանսի եւ հարցախույզի արդյունքները PDF ձեւաչափով