Իրականացրել է նաեւ մոնիթորինգ մայրաքաղաքի մի շարք խանութներում։
Արդեն 16-րդ օրն է, որ Արցախը շրջափակման մեջ է: Ինչպես են ապրում մեր շահառուները, եւ ինչ մթերքներ են նրանց հասանելի, մենք փորձեցինք պարզել շրջելով մոտակա խանութներում եւ այցելելով նրանց տները: Մտանք առաջին պատահած մթերային խանութը: Այնտեղ հիմնականում քաղցրավենիք էր եւ որոշ քանակությամբ պահածոներ: Նկարահանման պահին խանութը բրինձ եւ հաճարի ձավար էր ստանում: Մեզ տեղեկացրին, որ հաճարի ձավարը տրամադրվում է գյուղնախարարության պահուստային ֆոնդից, այն քիչ քանակությամբ բաժանվում է խանութներին՝ բնակչությանը որոշ չափով բավարարելու համար: Մսամթերք, երշիկեղեն բացակայում էր, քանի որ այն հիմնականում ներկրվում է ՀՀ-ից, բայց կաթնամթերք կարելի է գտնել՝ առանձնապես առավոտյան ժամերին, քանի որ այն արտադրվում է տեղական մի քանի կաթի գործարանների կողմից:
Կաթնամթերք մեծ քանակությամբ ներկրվում էր նաեւ ՀՀ-ից՝ բնակչությանը ամբողջությամբ բավարարելու համար, այդ պատճառով շրջափակման պայմաններում խանութներում կաթնամթերքը քիչ է եւ շուտ սպառվում է: Նկարահանման պահին սառնարանում կաթնամթերքի տեսականին գրեթե սպառվել էր:
Միս՝ տավարի, խոզի, թռչնամիս, խանութներում կա, տեղական արտադրողը դեռ կարողանում է բավարարել բնակչության պահանջը: Ձու շրջափակման սկզբում կար՝ տեղական արտադրողը կարողանում էր բավարարել, սակայն դեկտեմբերի 23-ից հետո, հավերի կերի պակասի պատճառով, վերջիններիս ձվատվությունը իջել է եւ թռչնաֆաբրիկայի ֆիրմային խանութները ձու ստանում են 2-3 օրը մեկ եւ վաճառում են յուրաքանչյուրին 10-ական, լինում են ահռելի հերթեր եւ այն արագ սպառվում է:
Բանջարեղենի խանութները հիմնականում փակ են, որոշները բաց են եւ վաճառվում են միայն թթու, նուռ, դդում, խուրմա եւ կանաչեղեն:
Այցելեցինք մեր երկու շահառուներին՝ Իրային եւ Զամիրային: Նրանք բնակվում են Հանգանակի գրասենյակի հարեւանությամբ: Իմանալով, որ մոտակա խանութը ստացել է բրիձ եւ հաճարի ձավար, Իրան անմիջապես մեզ թողնելով տանը՝ վազեց գնումներ կատարելու: Զամիրան ցույց տվեց իր սառնարանը՝ դեռ ուտելիք ունեն: Ասաց, որ առայժմ ապահովված են բանջարեղենով, ձավարեղենով, սակայն անհանգիստ էր, որովհետեւ անհայտ է, թե ինչքան կտեւի շրջափակումը: Քույրերը նշեցին, որ ձմեռվա համար նաեւ մուրաբաններ եւ լոլիկի պահածոներ են պատրաստել: Գնալուց առաջ մենք նրանց տրամադրեցինք անհրաժեշտ դեղանյութերը: Ընդհանուր առմամբ կենսուրախ քույրեր են, ասում են, որ կդիմանան, չեն մեռնի, մինչեւ թուքերին Արցախից չքշեն:
Այցելեցինք Ռայային, նա այնցած տարի տարել էր սրտի վիրահատություն: Նրա առաջին հարցը վերաբերում էր անհրաժեշտ դեղանյութերին: Քանի որ դեկտեմբեր ամսում նա դեղեր չէր ստացել Հանգանակից, ուստի դեղերը ձեռք է բերել իր թոշակից, գումար գրեթե չի մնացել մոտը, չնայած իր խնայողությանը: Չգիտեր ինչի վրա ծախսի մոտը մնացած գումարը՝ դեղանյութերի, թե սննդամթերքի: Մենք հանգստացրինք նրան, ասելով, որ Հանգանակի գրասենյակից արդեն կարող է ստանալ իր անհրաժեշտ դեղերըը: Նա հաճելի զարմացած էր, տեսնելով, որ մենք բերել ենք նրա դեղանյութերը:
Ռայան սրտնեղվեց, ասելով, որ բանջարեղեն եւ միրգ չունի, չի հասցրել գնել, չի պատկերացրել, որ շրջափակումը այսքան երկար կտեւի: Ձավարեղեն որոշ չափով ունի, մուրաբաներ եւ այլ պահածոներ չունի, չի պատրաստել: Ասաց, որ սառցախցիկում ունի սառեցրած մի քանի պարկ կանաչ լոբի: Ունեցած սննդամթերքը կհերիքի մոտ մեկ ամիս: Այնուհանդերձ, Ռայան լավատես էր: Չենք հանձնվի, չենք զիջի, ասում է, մենք մեր երկրում ենք ապրում:
Մենք կշարունակենք այցելել մեր շահառուներին եւ պատմել, թե ինչպես են դիմակայում շրջափակմանը: Հետեւեք մեր կայքին եւ ճանաճեք արցախյան ոգին մեր տարեցների մոտ:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: