«Հանգանակը»-ը փնտրում է իր շահառուներին Վանաձորում

Նախորդ շաբաթ Աղավնաձորի տուն-ինտերնատ այցի ժամանակ մենք հայտնաբերեցինք մեր 7 շահառուներին, սակայն հետո պարզ դարձավ, որ եւս երկու տարեց գտնվում էին Աղավնաձորում, սակայն նրանց տվյալները դեռեւս չէին գրանցվել: Ցավոք, մենք նրանց անձամբ չհանդիպեցինք, սակայն արդեն կապի մեջ ենք:

Այս անգամ մենք ուղեւորվեցինք Վանաձոր: Արդեն հայտնի էր, որ Վանաձորում ապաստան են գտել բռնի տեղահանված 2000-ից ավելի արցախցի: Ունեինք որոշ տվյալներ, որոնք պետք էր ճշգրտել: Դեռ ճանապարհին կապվեցինք Գեղանի Հակոբյանի հետ: Լոռու մարզպետարանից տվեցին նրա անձնական հեռախոսահամարը՝ առանց նույնիսկ նրա թույլտվությունը հարցնելու, եւ ասացին, որ նա է զբաղվում արցախցիներով:

Դժվար չէր գտնել Վանաձորի համայնքապետարանում Գեղանի Հակոբյանին: Նրա աշխատասենյակի առջեւ հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, որ համբերատար սպասում էին իրենց հերթին: Ոչ ոք չէր շտապում, ինչպես հետո հասկացանք, բոլորը եւ ամեն մեկը ստանում էր իր հարցի պատասխանը:  Մենք ներս մտանք առանց սպասելու հերթում եւ հարցրեցինք Գեղանիին: Մեզ հրավիրեցին նստելու պատուհանի մոտ դրված դատարկ աշխատասեղանի մոտ եւ սպասել, խոստացան, որ Գեղանին շուտով կմոտենա: Մոտ 10 րոպե տեւած մեր սպասումը հնարավորություն տվեց հասկանալու, թե ինչի համար էին սպասում այդ մարդիկ: Բնականաբար նրանք բռնի տեղահանված արցախցիներ էին, հիմնականում երիտասարդ կանայք եւ տղամարդիկ: Շատ երկար չէին սպասում: Նրանց հրավիրում էին հարակից սենյակ եւ նրանք ստանալով իրենց օգնության փաթեթը շատ շուտով դուրս էին գալիս: Հիմնականում նրանք ստանում էին մանկական տակդիրներ: Այդ ընթացքում հեռախոսը անընդհատ զանգում էր եւ բոլոր զանգերին համբերատար պատասխանում էին եւ մանրակրկիտ գրելով հասցեները՝ հավաստիացնում, որ սնունդը կառաքվի այդ հասցեով եւ որեւէ տեղ ներկայանալու կարիք չկա: Հարցնում էին կոնկրետ մարդկանց կարիքները՝ մահճակալներ, ջեռուցիչներ, անկողնային պարագաներ, սպասք… Այդ կարճ ժամանակահատվածում զգացինք, թե ինչքան կազմակերպված եւ նպատակային է կատարվում աշխատանքը: Ավելի ուշ հասկացանք, որ կան նաեւ կամավորներ, որ պատասխանում են հեռախոսազանգերին, կատարում են գրառումներ, դասակարգում են կարիքները եւ այլն:

Գեղանին մոտեցավ եւ ներողություն խնդրեց, որ մի քիչ էլ պիտի սպասենք: Մենք այդ ընթացքում առանձնացրինք այն շահառուների անունները, որոնց փնտրում էինք: Այդքան ծանրաբեռնված աշխատանքի հետ Գեղանին համբերատար սկսեց իր տվյալներ բազայում փնտրել մեր տարեցներին: Հետո նրան շտապ կանչեցին եւ մեզ օգնության եկավ մեկ այլ աշխատակից, որ հետո պարզվեց, որ կամավորներից էր: Օրվա վերջում Վանաձորում գտանք մեր 8 շահառուներին, որոնցից 3-ը «Հույսի տուն» տարեցների կենտրոնում էին ապաստանել, իսկ մնացածը վարձակալությամբ էին բնակվում: Մենք շնորհակալությունհայտնեցինք այդ հիանալի թիմին իրենց աշխատանքի եւ մեզ տրված տեղեկությունների համար: Անչափ տպավորված էինք նրանց հոգատար, ուշադիր եւ կազմակերպված աշխատանքից: Ինչպես մենք, այնպես էլ այստեղ դիմող բոլոր մարդիկ ստանում էին սպառիչ պատասխաններ:

Այնուհետեւ մենք այցելեցինք «Հույսի տուն» տարեցների կենտրոն: Այդ կենտրոնի մասին մենք կպատմենք առանձին, քանի որ այն իրոք արժանի է առանձին եւ մանրակրկիտ ներկայացման: Միայն նշեմ, որ Հույսի տանը հանդիպեցինք մեր շահառուներին, որոնց հետ կապը կորցրել էինք տեղահանման առաջին օրերից: Շատ հուզիչ հանդիպում էր ողբերգական իրադարձություններից հետո:

Վերջում որոշեցինք այցելել Շուշիից տեղահանված եւ վերջին երեք տարիներին Ստեփանակերտում ապաստանած, իսկ հիմա Արցախից արդեն վերջնական տարհանված մեր շահառուներից մեկին: Նա մեզ հյուրասիրեց Արցախից բերած մեղրով եւ Վանաձորի թարմ ընկույզով: Շատ ջերմ հանդիպում էր: Մենք պարզեցինք, որ Վանաձորում վարձավճարները շատ ավելի մատչելի են եւ դրանով ավելի հրապուրիչ արցախցիների համար:

Առ այսօր մենք կարողացել ենք հայտնաբերել մեր 265 շահառուների գտնվելու վայրը, շարունակում ենք մեր ջանքերը հայտնաբերելու վերջին 55 տարեցներին: Դժբախտաբար նրանցից շատերը չեն գրանցվել որեւէ անցակետում, որը ավելի է դժվարացնում նրանց հայտաբերելու մեր ջանքերը: Նշենք, որ հայտնաբերված շահառուներից 9 տարեց արդեն տեղափոխվել է ՌԴ:

Հաջորդ այցելությունը կլինի Գյումրի: Հետեւեք մեր թարմացումներին:

Արցախի միայնակ տարեց քաղաքացիների մասին որեւէ տեղեկություն ունենալու դեպքում, խնդրում ենք զանգահարել «Հանգանակ»-ի պատասխանատու աշխատակիցներին՝  հետևյալ հեռախոսահամարներով՝ 097770900, 097201125 կամ 093248087: