Հանգանակի այցը Հրազդան եւ հարակից գյուղերը

Կոտայքի մարզ առաջին այցից հետո, երբ հանդիպեցինք մեր 8 շահառուներին Աբովյան քաղաքում եւ մոտակա գյուղերում, Հրազդանը հաջորդ պլանային ուղղությունն էր: Տվյալները փոփոխվում են գրեթե ամեն օր: Շահառուները դեռ վերջնական չեն գտել իրենց բնակության վայրը եւ փոխում են իրենց վարձու բնակարանները կամ ժամանակավոր կացարանները ավելի հաճախ, քան կարելի է ենթադրել: Ռուսաստան մեկնած շահառուներից որոշները հետ են վերադարձել. ուրիշները պատրաստվում են մեկնել, սակայն ամեն ինչ անորոշ է, նրանք վստահ չեն, որ պիտի բնակություն հաստատեն այդ երկրում: Տուն-ինտերնատներում բնակություն հաստատած որոշ շահառուների իրենց մոտ են տեղափոխել բարեկամները: Եվ այդպես շարունակ…

Միակ բանը, որ հստակ է եւ գործում է անխափան, դա մեր կապն է շահառուների հետ: Նրանք բոլորը տեղեկացված էին, որ Հանգանակի թիմը պիտի այցելի եւ անհամբեր սպասում էին այդ հանդիպմանը: Հրազդանում բնակվում են մեր 7 շահառուները, իսկ գյուղերում, որ մոտակա դժվար է ասել, սակայն նույն ուղղությամբ են տեղակայված՝ եւս 7 շահառու: Առավոտյան ժամը 10-ին Հանգանակի թիմը շարժվեց դեպի Հրազդան, որտեղ նրան սպասում էին Կոտայքի մարզի պատասխանատու բուժաշխատողները՝ Թաթուլ եւ Անուշ Շեկյանները:

Այդ օրը հնարավոր եղավ հանդիպել բոլոր 14 շահառուներին: Երբ թիմը վերադարձավ Երեւան, արդեն ժամը երեկոյան 10-ն էր: Սակայն բոլորը բավարարված էին փայլուն կատարած աշխատանքով: Այցի ընթացքում բացի պարենամթերքի եւ դեղանյութերի տրամադրումից, կատարվեցին բժշկական քննություններ եւ խորհրդատվություն, Անուշ Շեկյանը եւ Տարեցների ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը բոլոր շահառուների հետ անցկացրին կարիքների գնահատման հարցախույզ: Ուշադրության արժանի հիվանդների համար մշակվեց հիվանդության վարման հետագա պլանը եւ առողջապահական ցուցանիշների մոնիտորինգի գրաֆիկը:

Տարեցների հիմնական մասը բնակվում էր վարձակալությամբ: Արզաքան գյուղում տեղակայված Գազպրոմի շենքում բնակվում էր մեր մեկ շահառուն: Նա ասաց, որ Կարեն Կարապետյանի (ՀՀ նախկին վարչապետ, 2016-2018) հովանավորությամբ այդտեղ ապաստան են գտել հարյուրավոր արցախցիներ, որոնք բացի հարմարավետ կացարանից, ապահովված են նաեւ ամենօրյա տաք սննդով: Սակայն սա ժամանակավոր կացարան է եւ շենքը տրամադրվել է մինչեւ մարտի մեկը:  Մեր մյուս շահառուն ժամանակավոր կացարան էր գտել Շողիկ ճամբարում, որտեղ բնակվում էին տասնյակ արցախցիներ: Այդ կացարանը տրամադրվել էր համայնքապետարանի կողմից՝ նույնպես մինչեւ մարտի 1-ը: Չարենցավանում վարձակալությամբ բնակություն են հաստատել 3 շահառու, իսկ մեկը՝ Մեղրաձոր գյուղում:

Ընդհանուր տպավորությունը դա համատարած վիշտն էր եւ սոցիալական ծանր կացությունը, մռայլ իրականությունը եւ անորոշությունը ապագայի հանդեպ:

Այցի մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում:

153_20
153_3
153_7
153_7_2
153_6
153_6_2
153_4
153_4_2
153_5
153_5_3
153_10_3
153_10
153_9
153_9_2
153_11
153_8
153_18
153_12
153_20 153_3 153_7 153_7_2 153_6 153_6_2 153_4 153_4_2 153_5 153_5_3 153_10_3 153_10 153_9 153_9_2 153_11 153_8 153_18 153_12

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: