Մարտի 22-ին Հանգանակը մեծ պատասխանատվությամբ մասնակցել է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության եւ ՀՀ առողջապահության նախարարության ու Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված կոնֆերանսին
Կոնֆերանսի խորագիրն էր՝ «Վաղ հայտնաբերումից մինչեւ կյանքի ավարտը: Առարկայական մոտեցում Ալցհայմերի հիվանդությանը»: «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության ղեկավար եւ Հանգանակի բուժանձնակազմի հետ առցանց դասընթացների վարող/մոդերատոր Ջեյն Մահակյանը հրավիրել էր Հանգանակի բուժաշխատողներին մասնակցել մարտի 22-ին անցկացվող կոնֆերանսին, որին կազմակերպությունը վերաբերել է մեծ պատասխանատվությամբ:
Վաղ առավոտից սկսվեց մասնակիցների գրանցումը, որին ներկայացել էր Հանգանակի ամբողջ անձնակազմը: Առաջին անգամ իրական կյանքում բուժաշխատողները հանդիպեցին դոկտոր Մահակյանին: Մինչեւ կոնֆերանսի սկսվելը դեռ ժամանակ կար եւ նրանք կարողացան շփվել իրենց դասախոսի հետ: Շատ ջերմ հանդիպում էր, խոսեցին ամեն ինչի մասին եւ ցանկություն հայտնեցին վերսկսել առցանց դասընթացները: Ջեյն Մահակյանը ափսոսանք հայտնեց, որ չի կարող այցելել Հանգանակի գրասենյակ ժամանակի սղության պատճառով, բայց խոստացավ, որ հաջորդ այցի ժամանակ անպայման ժամանակ կգտնի եւ կայցելի իր բարեխիղճ ուսանողներին եւ կազմակերպության շահառուներին:
Բավական լավ կազմակերպված կոնֆերանս էր: Բացման խոսքով եւ այնուհետեւ առանձին ելույթով հանդես եկավ Ջեյն Մահակյանը: Դեմենցիայի ազգային ծրագրի վերաբերյալ խոսեց ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ, բ.գ.թ. Քրիստինա Գալստյանը: Բժիշկ Սամսոն Խաչատրյանը մանրամասն խոսեց Ալցհայմերի հիվանդության, վերջին թարմացումների եւ կարեւոր կապերի մասին: Հայկուհի Հովակիմյանը մանրամասն ներկայացրեց հոգեմետրիկ գնահատումը Մոնրեալի թեստի միջոցով:Հաճելի կարճատեւ ընդմիջում-հյուրասիրությունից հետո, ֆոկուս խմբերի միջոցով կազմակերպվեց ինտերակտիվ դաս, որը վարում էր հրավիրված նեյրոպլաստիկայի մասնագետ Ջեյսբ Դոլբին:
Դեմենցիայի, նրա տեսակների եւ տարածվածության մասին պատմեց բժիշկ Գեւորգ Փաշիկյանը: «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության անդամ, բժիշկ Սոնա Մխիթարյանը ներկայացրեց թարմացումներ կապված տնային խնամքի հետ, որը իրականացվում է Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակներում՝ նույնպես Ջեյն Մահակյանի ղեկավարությամբ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Քույրական գործի ամբիոնի դոցենտ Նուր Ալայանը, որ արդեն մեզ ծանոթ էր 6IMCA-ի շրջանակում 2023 թվականի հուլիսի 3-ին տեղի ունեցած «Գերիատրիկ պալիատիվ խնամք եւ դեմենցիայով ապրող անձինք» թեմայով սատելիտային համաժողովից, խոսեց դեմենցիայի խնամքի ոչ դեղաբանական միջամտությունների մասին: Եղան այլ ելույթներ, ինչպես նաեւ կոնֆերանսին առցանց միացավ ԱՄՆ-ից Ուիլյամ Ռոդման Շենքլը, որը մանրամասն տեղեկացրեց նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման վերջին նորությունները:
Կոնֆերանսի վերջում Հանգանակի բուժանձնակազմը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ջեյն Մահակյանին հրաշալի կազմակերպված կոնֆերանսի համար եւ պահը հավերժացվեց համատեղ լուսանկարով:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Տարեցների ծրագրի նորություններին:
Եթե դուք բռնագաղթել եք Արցախից, միայնակ տարեց եք եւ կարիք ունեք խնամքի՝ զանգահարեք մեզ 097-77-09-00 հեռախոսահամարով կամ այցելեք գրասենյակ: