Հանգանակ ՀԿ շահառու, Շուշիից տարհանված Սեդա Ղահրամանյանը պատմեց իր կորուսյան հայրենիքի մասին

 Հուլիսի 28-ին տեղի ունեցավ Հանգանակ ՀԿ անձնակազմի համար կազմակերպվող ամենամսյա առցանց դասընթացների հերթական հանդիպումը: Դասընթացների հիմնական նպատակը բժշկական անձնակազմի գիտելիքների եւ հմտությունների բարձրացումն է՝ շահառուների մոտ դեպրեսիայի եւ հոգեբանական այլ խնդիրների վաղ հայտնաբերման եւ բուժման նպատակով: Միաժամանակ քննարկվում են մեծահասակների մոտ հաճախակի հանդիպող քրոնիկ հիվանդությունների վարման ժամանակակից մոտեցումները: Դասընթացները վարում են ՀԿԲՄ անդամներ հոգեբույժ- գերոնտոլոգ դոկտոր Ջեյն Մահակյանը եւ հանրային առողջության մասնագետ Նենսի Բարսամյանը:

Նախորդ հանդիպման ժամանակ քննարկվել են վերջին մի քանի ամիսներին Տարեցների ծրագրում ընդգրկված Հադրութի եւ Շուշիի շրջաններից տարհանված շահառուները: Մանավորապես ներկայացվել է Շուշիից գաղթած Սեդա Ղահրամանյանը: Նա 2016 թվականից հանդիսանում է Հանգանակի շահառու, համարվում է ամենաակտիվ շահառուներից մեկը: Նա մասնակցում էր բոլոր միջոցառումներին, կենսուրախ եւ աշխույժ կին էր: Հիմա ընդհարվելով դառը իրականության հետ, կորցրել է ապրելու ցանկությունը, ընկճված է եւ հուսահատ: Որոշվել էր Սեդային հրավիրել հաջորդ քննարմանը եւ անձամբ խոսել նրա հետ:

Սեդան ներկայացավ առցանց հանդիպմանը: Նա հաճելի զարմացած էր իր անձի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից: Խոսում էր հաճույքով, պատմում իր քրոնիկ հիվանդությունների մասին: Նա երախտագիտություն հայտնեց Հանգանակի անձնակազմին՝ հոգատարության համար: Պատմեց իր կենցաղային պայմանների մասին: Ներկայումս բնակվում է Ստեփանակերտում՝ մի նկուղային սենյակում, որը շատ խոնավ է եւ բնակվելու համար ոչ պիտանի: Պատմեց, որ հաճախակի է այցելում Հանգանակի գրասենյակ, որտեղ հանդիպում է այլ Շուշեցիների, որոնք իր նման կորցրել են իրենց տունուտեղը… Այնուհետեւ մի պահ լռեց եւ այլեւս չխոսեց իր ներկա խնդիրների մասին, սկսեց խոսել Շուշիի մասին, որտեղ ծնվել, մեծացել էր եւ որտեղ գտնվում են իր հարազատների շիրիմները… Շատ կարոտում եմ, ասաց, ես այնտեղ երջանիկ էի… Հիշեց Ղազանչեցոց եկեղեցին եւ Կանաչ ժամը, հիշեց Իսահակի աղբյուրն ու Ջդրդուզը, իրենց բակը, որտեղ հարեւաններով ամառային երեկոններին հավաքվում էին երկար ու քաղցր զրույցների… Նա լռեց եւ ընկղմվեց իր հիշողութունների մեջ…

Քննարկումը շարունակվեց Սեդայի հեռանալուց հետո: Դոկտոր Մահակյանը առաջարկեց լայնորեն կիրառել անտիդեպրեսանտներ, սակայն միաժամանակ նշեց, որ նման ակտիվ շահառուների համար կարելի է կիրառել աշխատանքային բուժում, վերջիններիս ընդգրկելով Հանգանակի առօրյայում, հրավիրել պարենամթերքի տրամադրման ժամանակ  օգնելու հավաքել փաթեթները, ինչ-որ տեխնիկական աշխատանք կատարել եւ այլն: Սակայն կարեւոր է վերսկսել ամենշաբաթյա հոգեւոր դասերը քահանայի հետ, որ ընդհատվել էին կովիդի պատճառվ: Նշվեց, որ Հանգանակի անձնակազմում անհրաժեշտ է ընդրկել նաեւ հոգեբանի, որ կմատուցի մասնագիտական ծառայություններ ինչպես խմբերում, այնպես էլ անհատական:

Դոկտոր Մահակյանը ներկայացրեց հակիրճ դասախոսություն դեպեսիաների, հիմնական ախտանիշների եւ գնահատման մեթոդների մասին: Իսկ Նենսի Բարսամյանը խոսեց մեկ այլ կարեւոր խնդրի՝ շաքարային դիաբետով հիվանդների վարման եւ խնամքի մասին:

Խոսվեց միանվագ ներարկիչների տրամադրման մասին: Ասվեց, որ արդեն իսկ ձեռք են բերվել 5 ինսուլինոկախյալ հիվանդների համար մեկ ամսվա կտրվածքով անհրաժեշտ քանակի նարարկիչներ եւ տրամադրվել նրանց: Քննարկվեց օգտագործված ներարկիչների թափոնների հետագա կառավարման մեխանիզմները:

Հանդիպումը ավարտվեց տարհանված շահառուների բնակարանային հարցի քննարկումով: Հույս հայտնվեց, որ ՀԿԲՄ միջնորդությմբ հնարավոր կլինի լուծում գտնել անօթեւան մնացած շահառուների՝ մասնավորապես Սեդայի համար: