«Հանգանակ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականին՝ գրող-հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի և ԱՀ վաստակավոր բժիշկ Զոյա Թորոսյանի անմիջական ջանքերով: Կազմակերպության նպատակն էր իրականացնել ծրագրեր հասարակության սոցիալապես խոցելի խավերի համար: Առաջին ծրագիրը կոչվում էր «Սոցիալական և բժշկական օգնություն Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցներին»: Սկզբնական շրջանում հիմնադիրները չգիտեին, որ հենց այդ ծրագիրն է դառնալու կազմակերպության գործունեության անկյունաքարը: Ծրագիրը կյանքի կոչվեց ամիսներ անց՝ Քերոլայն Նաջարյանի գործուն աջակցությամբ: Պիլոտային
/փորձնական/ ծրագիրը, որը մշակվել է տիկին Նաջարյանի հետ համատեղ, հավանության արժանացրեց Հայ կանանց բարեկեցության միությունը: Ծրագիրը մեկնարկեց 2004 թվականի դեկտեմբերին: Այսպիսով՝ «Սոցիալական և բժշկական օգնություն Ստեփանակերտում ապրող միայնակ տարեցներին» ծրագիրն ունեցավ իր տրամաբանական շարունակությունը՝ սահուն կերպով պիլոտայինից անցավ հիմնական ծրագրին՝ շահառուների թիվն աստիճանաբար հասցնելով 200-ի: Որոշ ժամանակ անց այն սկսեց շրջանառվել կարճ անվանումով՝ Տարեցների ծրագիր, որն իրականում Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հրաշալի օրինակ է:
Կրկին Քերոլայն Նաջարյանի խորհրդով ու երաշխավորությամբ Ասկերանի շրջանում Տարեցների ծրագիրը դրվեց գործնական հարթության վրա: Այն կյանքի կոչվեց 2020թ. հունվարի 1-ից: Վստահելով «Հանգանակ»-ի համերաշխ թիմին, Ք. Նաջարյանը նրանց մասին ասում էր. «Կզարմանամ, պիտի ըսեմ, որ աս խումբը բնավ չի նայիր, թե արգելք մը գուցե կա, որոշած են արդեն առաջ պիտի երթան, մեկ կերպով պիտի շարունակին: Վստահ, որ օգնությունը կըգտնան»:
«Հանգանակ» ՀԿ, Քերոլայն Նաջարյան և Հայ Կանանց Բարեկեցության Միություն… Սա այն դեպքն է, երբ ճիշտ մարդիկ հանդիպում են ճիշտ վայրում և ճիշտ ժամանակին: Այդ հանդիպման արդյունքն ու վկայությունն է Տարեցների ծրագրի 18-ամյա հաջող գործունեությունը: Կազմակերպության հիմնադրման գործում մեծ է Զավեն Դարյանի ներդրումը: Նա առաջիններից մեկն էր, որ արձագանքեց և կատարեց առաջին նվիրատվությունը: Նյույորքաբնակ հայ բարերարը պարբերաբար կատարում է իր նվիրատվություններն ինչպես Տարեցների հիմնական ծրագրի, այնպես էլ մի շարք այլ ծրագրերի իրականացման համար: Սակայն նրա ամենակարևոր ներդրումը Շուշիի տարեցների ծրագրի իրականացումն էր, որը մեկնարկեց 2016 թվականի հոկտեմբերի 1-ին: Տարեցների ծրագրի հիմնական նպատակը Ստեփանակերտում բնակվող միայնակ մեծահասակների կյանքի որակի բարելավումն է: Ծրագրից բխող կարևորագույն խնդիրներն են՝ մատուցել սոցիալական ծառայություններ, բարելավել շահառուների առողջական վիճակը՝ ապահովելով որակյալ բժշկություն, տրամադրել անհրաժեշտ դեղամիջոցներ և ամենամսյա պարենամթերք: Տարվա ցուրտ ամիսներին՝ նոյեմբերից մինչև մարտ, տրամադրել ջեռուցման դրամական փոխհատուցում: Բարելավել շահառուների սոցիալական և հոգեկան առողջությունը՝ կազմակերպելով զանազան միջոցառումներ ու դասընթացներ:
Հետպատերազմյան մեկ տարվա ընթացքում կազմակերպության առջև նոր մարտահրավերներ են ծառացել: Այսօր «Հանգանակը» գործում է նորացված ծրագրով: Կազմակերպվում են բազմաթիվ թրեյնինգներ՝ աշխատանքի որակը բարձրացնելու ուղղությամբ… «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան» և Հայ օգնության ֆոնդը ս. թ. մարտի 4-6-ը հմտությունների և գիտելիքների զարգացման դասընթաց էին կազմակերպել Արցախում գործող «Հանգանակ» ՀԿ-ի անձնակազմի համար /բուժքույրեր, բժիշկներ, սոցիալական աշխատողներ և այլք/: «Հանգանակում» ընդգրկված 320 շահառուներից 277-ը Ստեփանակերտ քաղաքից են, 43-ը՝ Ասկերանի շրջանից, կան տեղահանվածներ Շուշիից, Հադրութից, Թաղավարդ գյուղից, այն տարածքներից, որոնք մնացել են թշնամու հսկողության տակ: Կազմակերպությունն ակտիվ համագործակցում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ: 2021թ. Հայ կանանց բարեկեցության խորհուրդը «Ավրորա» հիմնադրամի դրամաշնորհ շահեց հենց «Հանգանակի» ծրագրերի իրականացման համար: Ծրագրերը դեռևս քննարկման փուլում են: Կազմակերպության պատասխանատուներն առաջարկելու են Մարտունու և Մարտակերտի շրջանները ընդգրկել ծրագրի մեջ… Նշյալ շրջաններում, ըստ նախապես հավաքագրված տվյալների, 65 պոտենցիալ շահառու կունենան Մարտակերտի և 68-ը՝ Մարտունու շրջանից: Հեռանկարում այլ ծրագրեր էլ ունեն և խոստանում են այդ մասին բարձրաձայնել, երբ դրանք կյանքի կոչված կլինեն:
Ստեփանակերտում բուժօգնություն և բուժսպասարկում ստանալու համար շահառուներն այցելում են Տարեցների բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնը հագեցած է ԷՍԳ, ֆիզիոթերապևտիկ և մերսման համար նախատեսված սարքերով, գլյուկոմետրով, առաջին օգնության դեղանյութերով: Բուժքույրերը միջինը շաբաթը մեկ անգամ այցելում են այն շահառուներին, որոնք դժվարանում են գալ Տարեցների բժշկական կենտրոն: Բժիշկը սպասարկող բուժքույրերի հետ միասին նույնպես այցելում է շահառուներին: Նա միջին հաշվով ամիսը մեկ անգամ այցելում է անկողնային հիվանդներին կամ սուր առողջական խնդիր ունեցողներին, իսկ մնացած շահառուներին տարվա ընթացքում երկու-երեք անգամ՝ ըստ պահանջի: Ծրագրի շահառուներին տրամադրվում են նաև ակնոցներ ու դեղամիջոցներ: Սոցիալական ծառայությունները ներառում են կենցաղային-տնային գործերը, և իրականացվում են երկու սոցաշխատողների միջոցով, որոնք սպասարկում են 30-32 անկողնային հիվանդների: Ծրագրի կարևոր մասն է կազմում պարենամթերքի տրամադրումն ու ջեռուցման փոխհատուցման գումարի տրամադրումը: Պարբերաբար «Հանգանակի» գրասենյակ են այցելում ՀԱԵ Արցախի թեմի հոգևոր սպասավորները և շահառուների հետ անցկացնում զրույցներ հոգևոր թեմաներով: Ամեն տարի կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Արցախի պատմական վայրեր: Տարեցների ծրագիրը հասել է իր հիմնական նպատակին՝ բարելավել է շահառուների կյանքի որակը՝ նրանց դարձնելով սոցիալապես ապահով, բերելով ջերմ ու մտերմիկ միջավայր, նաև կյանքի ծանր ու ցավոտ փորձությունները հաղթահարելու, առաջացող տարիքի փորձություններին ակտիվորեն դիմակայելու հնարավորություն ընձեռելով: «Հանգանակը» տարիների ընթացքում նաև իր անխոնջ ու պրպտուն ղեկավարի՝ Գոհար Հովհաննիսյանի ջանքերով ձեռք է բերել ճանաչում և հեղինակություն: Տարիների կատարած աշխատանքը կարևորել են ոչ միայն շահառուները, այլև պետական կառույցների ղեկավարները: Կազմակերպությունն անցել է ճանապարհ, որը լի էր խնդիրներով և մարտահրավերներով, և այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ «Հանգանակը» արժանապատվորեն է հաղթահարել բոլոր փորձությունները… Հաղթահարել է, որովհետև ունեցել է արժանավոր համախոհներ ու համակիրներ, տարիների ընթացքում ձեռք է բերել նվիրյալ բարեկամներ և կարողացել է երջանկության պահեր պարգևել ուշադրության ու հոգատարության կարոտ իր շահառուներին:
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մարտի 23, 2022