«Հանգանակ» ՀԿ ընդարձակում է իր համագործակցությունը այլ կառույցների հետ

Ապրիլի 26-ին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ, պետնախարարը համոզմունք հայտնեց, որ Հանգանակը կարող է համագործակցության ընդհանուր եզրեր գտնել Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի հետ: Հենց հանդիպման ժամանակ նա կապվեց Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի ղեկավար Միրա Անտոնյանի հետ եւ տեղի ունեցավ կոնտակտների փոխանակում: Իսկ արդեն մի քանի օր հետո տեղի ունեցավ իրական հանդիպումը: Մայիսի 1-ին, իր հերթական այցի ժամանակ Արցախ, տիկին Անտոնյանը կապվեց Գոհար Հովհաննիսյանի հետ եւ հանդիպումը տեղի ունեցավ Ստեփանակերտի Պարկ Հոթել հյուրանոցի ճեմասրահում:

Նախ Հանգանակի պատասխանատուները պատմեցին կազմակերպության հիմնադրման եւ իրականացրած ծրագրերի մասին, ներայացրեցին Տարեցների ծրագիրը եւ վերջին զարգացումները, առանձնահատուկ խոսվեց պատերազմից հետո կազմակերպության առաջ կանգնած մարտահրավերների եւ դրանց դիմակայելու մասին:

Տիկին Անտոնյանը խոսելով Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի  եւ առհասարակ սոցիալական աշխատանքի մասին, պատմեց պատերազմից հետո Արցախում եւ Հայաստանում իրենց կողմից իրականացրած հետազոտության մասին, որի նպատակն էր Արցախում բնակվող եւ տեղահանված արցախցիների կարիքների գնահատումը: Եվ հենց այդ հետազոտությունը իրականացնելու ժամանակ պարզ դարձավ, որ սոցիալական ծառայությունը, որպես այդպիսին, բացակայում է Արցախում եւ ծագեց այդ ծառայությունը ներդնելու գաղափարը: Նախնական գնահատումից պարզվեց, որ ընդանուր առմամբ ծառայությունը կազմակերպելու համար անհրաժեշտ են ոչ պակաս, քան 250 սոցիալական աշխատողներ:

Հաճելիորեն զարմացրեց այն փաստը, որ ծրագիրը ընթացքի մեջ է, արդեն կազմակերպվում են դասընթացներ մասնագետներ պատրաստելու համար: Ծրագիրը իրականացվում է կառավարության հետ միասին եւ որակավորված մասնագետները անմիջապես աշխատանքի են ընդունվում: Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարաններում ներդնում են «Սոցիալական աշխատանք» մասնագիտության գծով մագիստրոսական ծրագիր։ Մագիստրոսական ծրագրի ներդրումն իրականացվում է Արցախի կառավարության և Հայ Կրթական Հիմնարկություն աջակցությամբ «Սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրում և աշխատուժի հզորացում՝ հանուն դիմակայուն Արցախի» ծրագրի շրջանակներում: Իրոք շատ տպավորիչ էին ծրագրի մասշտաբներն ու թափը, ինչպես նաեւ հետաքրքրությունը երիտասարդների կողմից:

Զրույցի ընթացքում հայտնի դարձավ նաեւ, որ տիկին Անտոնյանը ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրենն է: Զարմանալի էր, որ ունենալով շատ ընդհանուր գործընկերներ, այս երկու կազմակերպությունները չէինք առընչվել նախկինում:

Սա առաջին հանդիպումն էր, բայց վստահաբար ոչ վերջինը, քանի որ եղավ պայմանավորվածություն հանդիպել եւ քննարկել հնարավոր համագործակցությունը՝ սոցիալական ծառայությունը՝ լայն իմաստով, ընդգրկելու Տարեցների ծրագրի մեջ: