«Հանգանակ» ՀԿ-ի անձնակազմի համար կազմակերպված դասընթացների ամփոփում

Երկար սպասված դասընթացներն ավարտվեցին, բայց ելնելով անհրաժեշտությունից՝ որոշվեց, որ դրանք կլինեն շարունակական:

Ինչպես նախապես քննարկվել էր, դասընթացները կազմակերպվել են Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի և Հայ օգնության ֆոնդի համատեղ ջանքերով՝ «Հանգանակ» ՀԿ-ի անձնակազմի կարիքներին համապատասխան առանձնահատուկ մշակված կրթական ծրագրով:

Դասընթացները իրականացվել են մարտի 4-6-ը Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան հարմարավետ գրասենյակում: Վերջիններս 15 ակադեմիական ժամ տևողությամբ հմտությունների և գիտելիքների զարգացմանը ուղղված դասընթացներ էին, որոնք մատուցվել են «Խնամողի դպրոցի» կրթական ծրագրով և «Գերիատրիկ կաբինետի նախատիպի հիմնում» փորձնական ծրագրի իրազեկման բաղադրիչի շրջանակներում։ Նպատակը գերիատրիայի և գերոնտոլոգիայի մասին իրազեկումն էր, այդ ոլորտներում տարեցների հետ առնչվող մասնագետների հատուկ հմտությունների ու գիտելիքների զարգացումը։

Խնամողի դպրոցի ծրագիրը՝ ի նպաստ Արցախցի տարեցների (Ավելին կարդացեք դասընթացի կազմակերպիչների՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կայքում… )

«Խնամողի դպրոցը», ունենալով հարուստ փորձ եւ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դասընթացավարներ, կարողացավ նշված կարճ ժամանակահատվածում մասնակիցների կարիքներին համապատասխան տրամադրել տեսական հատուկ գիտելիքներ, ինչպես նաեւ տարեցների խնամքին վերաբերող հատուկ հմտություններ: Նախապես մշակված ծրագրում հաշվի էր առնվել նաեւ լսարանի բազմազանութունը՝ մասնակցում էին բուժքույրեր, բժիշկ, սոցիալական աշխատողներ, Ասկերանի շրջանում աշխատող բուժակ և տնօրենը։ Հոգեբան Լիլիթ Մուրադյանը, բժիշկ, խնամքի մասնագետ Զարուհի Հայրբաբամյանը եւ թերապևտ, խնամքի մասնագետ Լարիսա Մխիթարյանը կատարեցին գերազանց աշխատանք:

Դասընթացն իրականացվեց մեծահասակների կրթության սկզբունքներով՝ ինտերակտիվ, տեսական դասախոսությունների հետ մեկտեղ հիմնական շեշտը դնելով փորձի, աշխատանքում հանդիպած դեպքերի վերլուծության, քննարկումների և գործնական հմտությունների զարգացման վրա։ Գերիատրիկ կաբինետն իր հարմարավետ պայմաններով և գույքով դասընթացի շրջանակներում վերածվել էր կրթական նպաստավոր միջավայրի, որում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու անկողնային հիվանդի խնամքի մի շարք հմտությունների (պառկելախոցերի կանխարգելման դիրքեր, տեղափոխման հմտություններ և այլն) և մարզելու դրանք։

Կատարված նախաթեստի եւ հետթեստի արդյունքում գրանցվեց գիտելիքների 2.5 անգամ բարելավում: Իսկ իրենց համար դասընթացի օգտակարությունը գնահատելիս մասնակիցները 10 բալանի համակարգով գնահատել են 10 միավոր։

«Հանգանակ» ՀԿ-ի անձնակազմը սիրով սպասում է «Խնամողի դպրոցի» թիմին Ստեփանակերտում արդեն ամռանը՝ դասընթացները շարունակելու:

Կարդացեք մեր նորությունները եւ եղեք տեղեկացված: