Ապրիլի վերջին կազմակերպվեց այց Ասկերան՝ շահառուներին պարենամթերք եւ դեղանյութեր տրամադրելու: Ինչպես միշտ Թաթուլ Շեքյանը արդեն սպասում էր գրասենյակում: Հավաքված շահառուները Հանգանակի աշխատակիցների հետ բեռնաթափեցին մեքենան: Գարնանային հաճելի ջերմ եղանակ էր:
Աշխատանքը շատ արագ կազմակերպվեց: Շահառուները մեկ-մեկ ներս էին մտնում եւ ստանում օգնությունը, որից հետո ստորագրում համապատասխան թերթիկներում՝ ստացած մթերքի եւ դեղանյութերի համար: Ամեն անգամ օգնություն ստանալիս շահառուները բազմաթիվ երախտագիտության խոսքեր են ասում Հանգանակի աշխատակիցներին եւ հովանավորներին:
Մի քիչ հետո ներկայացան նաեւ գյուղապետերը, որոնց նախօրորք Թաթուլը հրավիրել էր գրասենյակ: Ամեն ինչ կատարվում էր շատ արագ եւ կազմակերպված: Ասկերանից հետո թիմը պիտի այցելեր Այգեստան, որտեղ Այգեստանի գյուղապետը արդեն սպասում էր նրանց, որ ուղեկցեր շահառուների տները: Թիմը արդեն պատրաստվում էր շարժվել, երբ Կարեն Աղաջանյանը եկավ ողջունելու Հանգանակի աշխատակիցներին: Նա Թաթուլ Շեքյանի մարտական ընկերն է, որ մեծահոգաբար Հանգանակին էր տրամադրել իր աշխատասենյակը, որպես գրասենյակ օգտագործելու համար: Հաճելի անակնկալ էր Հանգանակի թիմի համար: Երբ սկսեցին իրենց երաշտագիտությունը հայտնել Կարենին նրա մեծահոգության համար, Կարենը համեստաբար ասաց,- Ես եմ երախտապարտ այն օգնության համար, որ ցուցաբերում եք մեր ծերերին:
Այգեստանում գյուղապետ Մհեր Վանեսյանը պատրաստ սպասում էր Հանգանակի աշխատակիցներին: Մհերը շատ հոգատար է իր համայնքի կարիքավորների նկատմամբ: Առանձնահատուկ նա ուշադիր է Հանգանակի շահառուների նկատմամբ եւ ճանապարհին պատմում էր, թե քանի անգամ է դիմել Ասկերանի շրջվարչակազմին՝ շահառուների բնակարանային պայմանները բարելավելու համար: Այգեստանում Հանգանակը 2 շահառու ունի, որոնք իրոք բնակվում էին անմխիթար վիճակում գտնող տներում: Երկուսն էլ առանձնապես կարիք ունեին տանիքի վերանորոգման: Այցելելով Էդիկ Մ.-ին այցելուները հախելիորեն զարմացան, որ նրա տան մեկ սենյակը վերանորոգված է: Սակայն Էդիկը բողոքեց, որ տանիքի համար շրջվարչակազմը տրամադրել է թիթեղներ, բայց ամրացնելու համար փայտյա շինանյութ չի տրամադրել: Մհերը խոստացավ, որ կզբաղվի դրանով: Էդիկը Արցախյան առաջին պատերազմի վետերան է եւ Հայաստանում տիրող իրավիճակից խանդավառված ասաց, որ պատրաստ է նորից պայքարելու հանուն Արցախի եւ հանուն Հայաստանի ապագայի: Նրա տունը գտնվում է շատ գեղատեսիլ բարձունքում եւ նա ասաց, որ ոչ մի բանի հետ չի փոխի իր հայրենի օջախը:
Այնուհետեւ թիմը այցելեց Ռայա Ա.-ին: Պարզվեց, որ նա իր այգում է: Ռայային օգնում է նրա քույրը, որ նույնպես տարեց է, բայց կարողանում է օգնության հասնել ավագ քրոջը: Այդպես երկուսով ավելի հեշտ են դիմակայում ծերությանը: Տունը իրոք անմխիթար վիճակում է, գրեթե վթարային: Գյուղապետը հավաստիացրեց, որ անպայման կզբաղվի իր նախկին ուսուցչուհու խնդիրներով:
Օրվա վերջում Հանգանակի թիվը վերադարձավ Ստեփանակերտ: Ճանապարհին նրանք քննարկում էին, թե ինչպես կարելի է լուծել Այգեստանի շահառուների տանիքների հարցը:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: