Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպումը վարում էր ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը: Վերջին ամիսների ընթացքում տիկին Քիլաջյանը ծավալուն աշխատանք է կատարել «Հանգանակ» ՀԿ ֆինանսական թիմի հետ 2022 թվականի Տարեցների ծրագիր-առաջարկի բյուջեյի քննակման, մշակման եւ ՀԿԲՄ խորհրդի նիստում վերջնական տարբերակի հաստատման համար:
Հանդիպումը սկսվեց Արցախի քաղաքական վիճակի քննարկումով: «Հանգանակ» ՀԿ թիմը, հաշվի առնելով ՀՀ իշխանությունների արած վերջին հայտարարությունները, շեշտեց, որ ոչ մի արցախցի չի կարող հանդուրժել իր հետագա գոյությունը Ադրբեջանի կազմում: Այն հարցին, թե արդյոք Հանգանակի շահառուները քաղաքական ակտիվություն են ցուցաբերում, հնչեցվեց այն միտքը, որ ոչ մի արցախցի չի կարող ակտիվ չլինել, քանի որ Արցախի հիմնահարցի կարգավորումը յուրաքանչյուրի լինել-չլինելու հարցն է:
Օրակարգում դրված էին մի շարք հարցեր, որոնցից կարելի է առանձնացնել «Հանգանակ» ՀԿ բժշկական անձնակազմի առցանց կլինիկական քննարկումների արդյունավետությունն ու անհրաժեշտությունը: Ներկայացվեց վերջին հանդիպման ժամանակ դեպքերի քննարկումը եւ նշվեց, որ հետագայում կարելի է ավելի շատ դեպքեր ներկայացնել հոգեկան առողջության խնդիներ ունեցող շահառուների վերաբերյալ, քանի որ առանձնապես պատերազմից հետո վերջիններս դարձել են ավելի խնդրահարույց:
Վերադառնալով հոգեկան առողջությանը, խոսվեց նախօրեին տեղի ունեցած խմբային հոգեբանական սեանսերի մեկնարկի մասին: Ապրիլին «Հանգանակ» ՀԿ եւ «Էմպաթիա» Հոգեկան առողջության կենտրոնի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր՝ ըստ որի Կենտրոնի մասնագետները Տարեցների ծրագրի շրջանակներում անհատական եւ խմբային հոգեբանական ծառայություններ կմատուցեն կազմակերպության շահառուներին: Այս նախագիծը արտացոլվել է 2022 թվականի Տարեցների ծրագրի մեջ, որպես «Հանգանակ» ՀԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների բաղկացուցիչ մաս:
Հաջորդ հարցը 2022 թվականի մարտի հաշվետվությունների վերլուծությունն էր, քննարկվեցին առանձին դրույթներ, որոնցից ամենակարեւորը հաշվետվություններում դեղանյութերի ծախսերի վերաբերյալ տվյալների ավելի մանրամասն արտացոլման անհրաժեշտությունն էր: Հանգանակի պատասխանատուները հավաստիացրեցին, որ, չնայած ծավալուն աշխատանքին, դա կներկայացվի արդեն ապրիլի հաշվետվություններում:
Խոսվեց կազմակերպության հետագա անելիքների, Քովիդ-19-ի իրավիճակի, Ավրորա հիմնադրամի դրամաշնորհի հետ կապված վերջին թարմացումների, եւ մի շարք այլ ընթացիկ խնդիրների մասին: