Մայիսի 20-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպումը վարում էր ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը: Նախքան քննակումը տիկին Քիլաջյանը խորհդակցելով աշխատանքային խմբի անդամների հետ, կազմել էր օրակարգը, որը պիտի քննարկվեր հանդիպման ընթացքում: Հանդիպումը ընթացավ նեղ կազմով:
Ինչպես վերջին քննարկումների ժամանակ, հանդիպումը սկսվեց Հայաստանում եւ Արցախում տիրող քաղաքական իրավիճակի ներկայացմամբ: Հակառակ Հայաստանում տիրող անհանգիստ գործընթացներին, Արցախում քաղաքական իրավիճակը հարաբերական կայուն է, որը անհրաժեշտ է թշնամու կողմից հրահրվող պայթյունավտանգ ռազմական դրությունը կառավարելի դարձնելու համար: Անկասկած, Արցախի բնակչությունը դեմ է Հայաստանի իշխանությունների վարած ոչ հայանպաստ քաղաքականությանը եւ միասնական է ընդդիմության վարած բողոքի ակցիաններին:
Հակիրճ խոսվեց նաեւ Քովիդ-19-ի հետ կապված իրավիճակի մասին: Բարեբախտաբար, Արցախում նոր դեպքեր չեն գրանցվել վերջին շաբաթվա ընթացքում:
Վերադառնալով Հանգանակի անձնակազմի հետ իրականացվող առցանց դասընթացներին, ասվեց, որ մայիս ամսին Ջեյն Մահակյանի Հայաստան կատարած այցի պատճառով, մայիսյան հանդիպումը հետաձգվել է: Ավելի ուշ անդրադառնալով դասընթացների համար ակտուալ թեմաների ընտրությանը, Նենսի Բարսամյանը նշեց, որ անհարժեշտություն կա բժշկական անձնակազմին ներկայացնել առողջ ապրելակերտի մասին ուղեցույցներ՝ ըստ շահառուերի մոտ առավել հաճախ հանդիպող առողջական խնդիրների: Ըստ այդ ուղեցույցների բուժաշխատողները պիտի համապատասխան գիտելիքներ տրամադրեն շահառուներին: Քանի որ այս թեմաները կարելի է քննարկել Նենսի Բարսամյանի հետ առանձին՝ ուստի հունիս ամսվա հանդիպումը կարելի է նվիրել հենց այս խնդրին:
Հոգեբանական ծառայության մասին նորից խոսվեց: Այս անգամ խոսքը վերաբերում էր կատարվող վարձատրությանը: Հստակեցվեց, որ ծառայությունների համար վճարը կատարվում է որպես աշխատավարձ, որը ներառում է ամիսը 4-5 խմբակային խորհդատվություն: Բացի դրանից «Էմպաթիա» Հոգեկան առողջության կենտրոնը իրականացնում է անհատական խորհրդատվություն պատերազմից առավել տուժված անհատների հետ: Այս ծառայությունները իրականացվում են այլ ծրագրի շրջանակներում: Որոշվեց, որ հաջորդ աշխատանքային խմբի հանդիպմանը կհրավիրվի «Էմպաթիա» Հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Լալայանը, որը եւ կներկայացնի իրենց ծառայությունները եւ ֆինանսավորման աղբյուրները ավելի մանրամասն:
Հաջորդ հարցը 2022 թվականի ապրիլի հաշվետվությունների վերլուծությունն էր, քննարկվեցին առանձին դրույթներ, մասնավորապես ներկայացված դեղանյութերի ցանկը: Ինչպես եւ Հանգանակի պատասխանատուները խոստացել էին նախորդ հանդիպման ժամանակ, ֆինանսական հաշվետվեւթյուններում ներկայացվել են ոչ միայն պարենամթերքի մանրամասն ծախսը, այլեւ դեղանյութերի ծախսը՝ ըստ անվանակարգի: Ուսումնասիրելով այդ տվյալները, մասնագետները եկան այն եզրակացության, որ շահառուների հիմնական առողջական խնդիրները կապված են սիրտ-անոթային եւ հենաշարժական համակարգի հիվանդությունների, դիաբետի եւ նյութափոխանակության խանգարումների հետ: Ուստի այստեղ ծագեց առողջ կենսակերպի մասին դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը:
Խոսելով ծրագրի ֆինանսավորման սղության մասին, նշվեց նոր ֆինանսական աղբյուրների անհրաժեշտությունը, մասնավորապես, պետական հովանավորության կարեւորությունը, որը պետնախարար Արտակ Բեգլարյանը առաջարկել էր վերջին հանդիպման ժամանակ:
Աշխատանքային խմբի մասնակիցները իրենց գոհունակությունը հայտնեցին Հանգանակի կայքի վերաբերյալ: Նշեցին, որ այն շատ օպերատիվ է նորությունների լուսաբանման իմաստով եւ ներկայացուցչական՝ իր բովանդակությամբ:
Քննարկվեցին նաեւ այլ ընթացիկ հարցեր: