Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Հանգանակ» ՀԿ ամենամսյա հաշվետու ժողովը: Վերջին ամիսներին բուժքույրերը եւ սոցաշխատողները իրենց հաշվետվությունները ներկայացրել են ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանին՝ իրենց հերթապահությունների ժամանակ: Ծագած ֆինանսական խնդիրները բացասաբար են անդրադարձել կազմակերպության ընթացիկ աշխատանքներին եւ հաշվետու ժողովները որոշ ժամանակով ընդհատվել էին:
Բուժքույրերը եւ սոցաշխատողները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունները՝ համաձայն ընդունված ընթացակարգի: Ներկայացված հաշվետվությունները լրացվեցին բժշկի եւ հաշվապահի հաշվետվություններով, որով կազմվեց կազմակերպության ամսական ընդհանուր հաշվետվությունը:
Բուժաշխատողները ներկայացրեցին իրենց կողմից սպասարկվող շահառուներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջական խնդիրներ ունեցող տարեցներին: Առանձնահատուկ խոսվեց հոսպիտալացված հիվանդների մասին: Երկու շահառու դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը դեռ բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Քննարկվեցին բոլոր երեք դեպքերը, որոնցից մեկի՝ Ռուզաննա Թ-ի համար անհրաժեշտ էր արյան փոխներարկում:
B(III)Rh+ արյուն Արցախում չկար, որի համար Հանգանակ ՀԿ-ի ՖԲ էջում հայտարարություն տրվեց: Անսպասելիորեն արձագանքեց AWWA-ի Տարեցների ծրագրի կլինիկական մասի պատասխանատու Նենսի Բարսամյանը, որը իր ծանոթների միջոցով Գորիս քաղաքի Արյան փոխներարկման կայանից ստացավ պատասխան, որ համապատասխան խմբի արյուն առկա է: Անհավանական կարճ ժամանակում այդ արյունը, իսկ ավելի ճիշտ 2 փաթեթ էրիթրոցիտար մասսա, հասցվեց Ստեփանակերտ, որն էլ եղավ շահառուի բուժման համար ճակատագրական: Նա հիմա դուրս է գրվել եւ բուժումը շարունակում է տանը: Սա հրաշալի օրինակ է մարդկային կարեկցանքի եւ օգնելու պատրաստակամության:
Մյուս հիվանդի՝ Գրետա Ա-ի պատմությունը այդքան հուսալի չէ: Նա հոսպիտալացվել է իշեմիկ ինսուլտով հոկտեմբերի 1-ին: Վերակենդանացման բաժանմունքում 2 շաբաթ բուժում ստանալուց հետո, տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք եւ հիմա բուժումը շարունակվում է այնտեղ: Քննարկվեց շահառուի հիվադության պատմությունը եւ պարզվեց, որ տառապում է հիպերտոնիկ հիվադությամբ երկար տարիներ, սակայն ալերգիայի պատճառով համապատասխան լիարժեք բուժում չի ստացել, որն էլ վերջացել է իշեմիկ ինսուլտով:
Այս դեպքի քննարկումը հիվանդի ոչ լիարժեք վարման վառ ապացույցն է: Բժիշկ Լիլիա Սեյրանյանը եւ համակարգող Լինա Գրիգորյանը պարտավորվեցին կարճ ժամանակում ներկայացնել բոլոր հիպերտոնիկ հիվանդության եւ շաքարային դիաբետի դեպքերը եւ վարման պլանները: Այդ բոլոր դեպքերը կքննարկվեն առանձին-առանձին առաջիկա շաբաթվա ընթացքում:
Բուժաշխատողների վերապատրաստման դասընթացների հիմնական նպատակը պետք է լինի հիվանդությունների եւ դրանց բարդությունների կանխարգելումը: Այս թեմային քննարկումը կդառնա բոլոր հաշվետու ժողովների առանցքային թեման:
Սոցիալական աշխատողները սպասարկում են 34 առավել կարիքավոր շահառուների: Նրանք ներկայացրին վերջիններիս մասին տեղեկություններ, նշելով, որ ընդհանուր առողջական վիճակների մեջ փոփոխություն չկա: Կատարված աշխատանքը գնահատվեց բավարար:
Կովիդով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել: Եղել է մեկ մահվան դեպք: Ռոզալյա Բ. մահացել է 93 տարեկան հասակում:
Քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր: