Երբ Շուշիի շահառուների ցուցակում Վլադիկին ընդգրկեցինք, նա նոր էր բոլորել իր 60-ամյակը: Շուշիի բուժքույր Գյուլչորան խնդրեց, որ Վլադիկին էլ վերցնենք:
— Մեղք է, ասաց, որբ է…
Մենք լավ չհասկացանք Գյուլչորայի ասածը, մինչեւ չհանդիպեցինք Վլադիկին: Հերթական պարենամթերքն էինք բերել Շուշի՝ բաժանելու շահառուներին: Ընդամենը 30 շահառու ունեինք Շուշիում, որոնցից միայն երկուսն էին գյուղից, մյուսները Շուշիում էին բնակվում: Վլադիկը՝ նույնպես: Դա մի հաղթանդամ տղամարդ էր, իր տարիքից ավելի երիտասարդ թվացող թուխ, ժպտերես դեմով:
— Զդրաստե (բարևներ), — ասաց նա ռուսերեն եւ պատրաստակամորեն սկսեց օգնել պարենամթերքը մեքենայից բեռնաթափելու: Նա իրոք երեխա էր, մանկամիտ, պարզ, անմիջական եւ չափազանց բարի:
… 1988-ին Վլադիկը Բաքվից ընտանիքի հետ տեղափոխվել էր Ստեփանակերտ: Նա Բաքվի – ջարդերի ժամանակ չկարողացավ խուսափել խելագար ամբոխի խոշտանգումներից: Ֆիզիկական եւ հոգեկան խորը տրավմաներից նա այդպես էլ չկազդուրվեց, վերադարձավ խորը մանկություն եւ այնտեղ էլ պարփակվեց՝ աշխարհին եւ մարդկանց նայելով իր մանկական անկեղծ հայացքով…
Եղբայրը, որ արդեն ընտանիք ուներ, երեխաներ, անմիջապես անդամագրվեց Արցախյան ազգային-ազատագական շարժման կամավորական ջոկատներում: Նա պայքարեց մինչեւ վերջ եւ զոհվեց, ընտանիքի հոգսը թողնելով կնոջ՝ Կարինեի, փխրուն ուսերին:
1992-ին, երբ Շուշին ազատագրվեց, ընտանիքը տեղափոխվեց մշտական բնակության Շուշի: Վլադիկին ծնողներն էին հոգ տանում, սակայն 1993-ին հայրը մահացավ, իսկ 2006-ին՝ մայրը: Երբ Վլադիկը որբացավ, Կարինեն էր մնացել Վլադիկի միակ խնամակալը…
Այդպես էլ ապրում էին՝ Կարինեն, Վլադիկը եւ երկու անչափահաս երեխաները: Կարինեն չէր տարբերում Վլադիկին իր երեխաներից, հոգ էր տանում, խնամում: Այդպես էլ երեխաներին մեծացրեց:
Արցախյան վերջին պատերազմի ժամանակ նրանք երկրորդ անգամ կորցրին իրենց տունը՝ տարիների ամբողջ վաստակով: Հիմա նրանք ժամանակավոր կացարան են ստացել Իվանյան գյուղում: Կարինեն արդեն թոռնիկներ ունի, որոնք Վլադիկին հորեղբայր են անվանում: Ապրում են հաշտ ու համերաշխ, ինչպես միշտ: Բայց նկատել են, որ Վլադիկը շատ է փոխվել: Նա այլեւս չի խմում, ինչպես պատերազմից առաջ էր: Աշխատում է Կարինեին օգտակար լինել: Փորձում է օգնել կենցաղում, այգու ինչ-որ աշխատաքներ է կատարում:
Վլադիկը հաճախ այցելում է Հանգանակ: Սիրում է աղջիկների հետ զրուցել: Պատմում է իր նոր տան մասին, հպարտանում է, որ այլեւս ալկոհոլ չի օգտագործում: Հիշում է Շուշին, որտեղ նա երջանիկ էր: Կարոտում է Շուշիի իր տունը: Շուշիի մշակույթի պալատում կազմակերպվող միջոցառումները սիրով է հիշում, զարմանում է, որ այն այլեւս ավիրվել է.
— Բա,- հարցնում է,- Կանաչ Ժամը՞,- հետո տխրում է՝ փորձելով հասկանալ, թե դա ինչպես կարող էր պատահել: Բողոքում է, որ հիմա իր ճնշումն էլ է բարձրանում: Աղջիկները չափում են նրա ճնշումը, պարզվում է, որ իսկապես այն բարձր է:
— Բժշկուհին շուտով կգա, — ասում են,- քեզ դեղ կնշանակի: Վլադիկը անկեղծ ուրախանում է, գիտի, որ անպայման իրեն կբուժեն: Հետո մի պահ մոռանալով վրա հասած աղետը, Շուշիի ուղղությամբ նայելով, ասում է,- դե որ էլի միջոցառում կազմակերպեք, ինձ էլ ասեք,- մոռանալով գյուղի անունը, շարունակում է,- դե ես էդ գյուղում եմ ապրում…