Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերին:
Ազգությամբ ռուս, Մարգարտան ծնվել է 1940 թվականին՝ Ռուսաստանի Օզյորի քաղաքում: Մարգարիտան թախիծով է հիշում իր ծանր մանկությունը, գրեթե առանց հոր: Նա հազիվ մեկ տարեկան էր, երբ հայրը մեկնեց ռազմաճակատ: Նույնիսկ Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո հայրը շարունակում էր ծառայել սովետական բանակում և տուն է վերադարձել միայն զորացրվելուց հետո՝ 1949 թվականին, երբ ինքն արդեն դպրոցական էր։ Դպրոցում լավ էր սովորում և երազում էր դառնալ բժշկուհի:
1957 թվականին նա մեկնում է Մոսկվա՝ ընդունվելու բժշկական ինստիտուտ, սակայն դա այնքան էլ դյուրին չէր եւ նրան չի հաջողում: Ընկերուհու հետ նա որոշում է մի քանի օր մնալ Մոսկվայում: Այդ օրերին ընկերուհուն տուն ճանապարհելիս ավտոկայանում պատահական ծանոթանում է մի հայ երիտասարդի հետ: Եւ նրա կյանքում ամեն ինչ փոխվում է…
Մարգարիտայի ծնողները, ինչպես այդ ժամանակ շատ-շատերը, ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ: Ընտանքում բացի Մարգարիտայից կային եւս երեք երեխա, որոնց նույնպես պետք էր բարձրացնել: Դրա համար Մարգարիտայի ծնողները արգելք չեն լինում աղջկա որոշմանը և ասում են. «Ուզում ես, գնա»: Եվ Մարգարիտան 1958 թվականին ամուսնանում և հայ ամուսնու հետ գալիս է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղ` հարս։ Գյուղում կյանքը ծանր էր, աղջիկը իրեն զգում էր օտարության մեջ եւ տառապում էր: Շատ էր ուզում հետ վերադառնալ հայրենի տունը՝ ծնողների մոտ: Սակայն ամուսինը համոզում է նրան մնալ եւ 1962 թվականին միասին որոշում են տեղափոխվել Ստեփանակերտ:
Մարգարիտան աշխատասեր էր եւ երբեք չէր խուսափում աշխատանքից: Նա շուտով աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի Էլեկտրատեխնիկական գործարանում, իսկ ամուսինը աշխատում է շինարարությունում։ Թվում է, թե ամեն ինչ կարգավորվում է, ամուսնու աշխատատեղից տրամադրում են 2 սենյականոց բնակարան, նրանք ապրում են գրեթե երջանիկ, ծնվում է նրանց առաջնեկը…
1988թ սկսվում է Արցախյան պատերազմը: Ռուս կինը չի դիմանում պատերազմական ծանր պայմաններին, չի ուզում այլեւս լսել ինքնաթիռների եւ հրետանու ավերիչ ռմբակոծությունները եւ սկսում է ամուսնուն համոզել ընտանիքով տեղափոխվել Ռուսաստան, փրկել իրենց եւ իրենց երեխաների կյանքը: Սակայն ամուսինը կառչած իր պապենական հողից չի համաձայնվում, որը և պատճառ է դառնում նրանց ամուսնալուծմանը: Այդ ժամանակ մեծ որդին ամուսնանում է հայուհու հետ, եւ երես թեքում մորից, որը թողնելով իրենց Ռուսաստան էր գնացել: Նա մինչեւ հիմա ոչ մի կապ չունի մոր հետ, մոր կամքին հակառակ ամուսնացել եւ ապում է Ստեփանակերտում:
Սակայն Մարգարիտան ուներ նաեւ երկրորդ որդին՝ Մատվեյը, որին նա անմնացորդ սիրում էր: Ծառայելով Արցախյան բանակում՝ Մատվեյը դիմում է զինկոմիսարիատ՝ ուսանելու Բարձրագույն Զինվորական Ուսումնարանում: Նրան ուղեգրում են Ռուսաստան հինգ տարով: Մարգարիտան թախիծով հիշում է այդ երջանիկ տարիները, երբ նա որդու կողքին էր: Բոլոր հանգստյան օրերը, բոլոր արձակուրդները նրանք անց են կացրել միասին: Մատվեյը շատ էր կապված մորը: Իսկ Մարգարիտայի համար Մատվեյը հոգու սպեղանի էր, կյանքի իմաստ:
Այդ հինգ տարիները թռչում են շատ արագ եւ ահա գալիս է Մատվեյի վերադարձի պահը: Մարգարիտան ամեն ինչ անում է, որ որդին մնա իր մոտ, նույնիսկ դիմում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը՝ իր որդու հետագա զինվորական ծառայությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության բանակում շարունակելու համար, սակայն ըստ միջպետական պայմանագրի, ուսումն ավարտելուց հետո որակավորված երիտասարդ սպաները պետք է վերադառնային հայրենիք: Մարգարիտան դողացող ձեռքերով ցույց է տալիս իր նամակի պատասխանը, որ հանում է ժամանակից խունացած ՌԴ պետական կնիքով ծրարի միջից:
Ուսումն ավարտելուց հետո Մատվեյը վերադառնում եւ շարունակում է ծառայությունը Արցախյան բանակի սակրավորների ջոկատում: 1999թ. նա հերթական առաջադրանքը կատարելիս` փրկելով ընկերոջ կյանքը, զոհվում է :
Մարգարիտան ստանալով այդ դաժան բոթը վերադառնում է Արցախ՝ մնալով անտուն, դժբախտ, միայնակ, բայց գոնե մոտ որդու շիրիմին: Նրան օգնության ձեռք է մեկնում իր հայ ընկերուհին: Որոշ ժամանակ անց դիմում է զինկոմիսարիատ և, որպես զոհված զինծառայողի մայր, ստանում է բնակարան: Եւ ահա արդեն քսան տարուց ավել այստեղ է:
Տարիների հեռվից Մարգարիտան հիշում է այն ամառային շոգ օրը Մոսկվայի կայարանում, երբ ճանապարհում էր ընկերուհուն տուն եւ բոլորովին պատահական հանդիպում այն թխահեր հայ երիտասարդին, որ տակնուվրա էր անում իր կյանքը… Մարգարիտան դժվարանում է ասել, թե ինչպես կփոխեր նա իր կյանքը, եթե նորից ապրելու հնարավորություն ունենար: «Ախր ես շատ երիտասարդ էի, ախր նա այնքան գեղեցիկ էր, ախր ես շատ սիրահարված էի…», արցունքների միջից գրեթե անձայն շշնջում է նա:
Մարգարիտան չի դժգոհում իր կյանքից: Ասում է, որ կենսաթոշակը բավարար չէ, բայց նա շատ խնայող է եւ կարողանում է քչով բավարարվել: Հոկտեմբերի 14-ին նրա տարեդարձն էր, նա մի գեղեցիկ վարդ էր գնել իր համար: Ասում է Մատվեյը միշտ ծաղիկներ էր նվիրում իմ տարեդարձին: Ասում է, նրա անունից եմ գնել…
Մարգարիտան երախտագիտությամբ է խոսում Հանգանակի մասին, ասում է, որ միակ օգնությունը ստանում է միայն Հանգանակից: Հանգանակում անդամագրված է 2005-ից: Դեղերն ու ջեռուցման փոխհատուցումը ձմռան ամիսներին, որ տրամադրում է Հանգանակը, կարելի է փրկություն անվանել: Չի հիշում, թե երբ է վերջին անգամ գնացել պոլիկլինիկա: Երբ առողջական խնդիր է ունենում, դիմում է իր բուժքույր Էլզային: Նա բերում է անհրաժեշտ դեղերը, ամսական պարենամթերքը, բժիշկն է մի քանի անգամ իրեն այցելել, իսկ հիմնականում նա է այցելում Հանգանակ: «Շնորհակալ եմ, որ դուք կաք… դուք դարձել եք իմ կորցրած ընտանիքը»,- ասում է նա: