Մարուսյա Ղ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին:

Ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում՝ բանվորի ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին վեց երեխա՝ 3 տղա եւ 3 աղջիկ։ Մարուսյան ընտանիքի երրորդ երեխան էր եւ նա ընդամենը ութ տարեկան էր, երբ հայրը մահանում է ու վեց անչափաս երեխաների խնամքը մնում է մոր ուսերին։ Մայրը գյուղի կոլտնտեսությունում աշխատում էր որպես կթվորուհի։

Ծանր ընտանեական պայմաններից ելնելով Մարուսյան յոթերորդ դասարանն ավարտելուց հետո ստիպված ուսումը թողնում է կիսատ ու մոր հետ սկսում աշխատել կոլտնտեսությունում, որպեսզի որոշ չափով թեթեւացնի մոր հոգսերը։

1959 թվականի Մարուսյան ամուսնանում է համագյուղացու հետ եւ ունենում է մեկ աղջիկ։ Ամուսինը շատ հոգատար էր թե ընտանիքի, եւ թե աղջկա հանդեպ։ Նրանք աղջկան մեծացնում են, ուսում տալիս եւ 25 տարեկանում ամուսնացնում։ Սակայն կյանքը դաժան է գտնվում նրանց հանդեպ՝ աղջիկը 28 տարեկանում ծննդաբերության ժամանակ մահանում է։ Դրանից հետո նա իր կյանքում որեւէ ուրախալի օր չի հիշում ու հիմա էլ հուզմունքով է պատմում այդ մասին։ Որոշ ժամանակ անց հանկարծամահ է լինում նաեւ ամուսինը՝ չհամակերպվելով աղջկա մահվան հետ։ Մարուսյան մնում է մոր հետ։ 1996 թվականին մահանում է նաեւ մայրը եւ նա մնում է միայնակ։

Մարուսյան 1980-ական թվականներից աշխատել է նաեւ գյուղում բացված Ստեփանակերտի գորգագործական ֆաբրիկայի մասնաճյուղում՝ վայելելով եւ ղեկավարության, եւ կոլեկտիվի սերն ու հարգանքը։

Արցախյան երրորդ պատերազմի օրերին հարեւանը իր ընտանիքի հետ նաեւ Մարուսյային է տեղափոխում Երեւան։ Մինչեւ պատերազմի ավարտը նրանք հույս ունեին վերադառնալ հայրենի գյուղ, սակայն պատերազմի ավարտից հետո հասկանում են, որ կորցրել են իրենց հայրենիքը եւ մնացել են անօթեւան՝ Մեծ Թաղերում թողնելով տարիների ընթացքում կուտակած իրենց վաստակը։

2020 թվականի դեկտեմբերին այդ ընտանիքը վերադառնում է Ստեփանակերտ՝ իր հետ բերելով նաեւ Մարուսյային։ Այդ երիտասարդ ընտանիքը ունի 3 անչափահաս երեխա, ընտանիքի հայրն էլ առաջին կարգի հաշմանդամ է: 2008 թվականին ՊԲ-ում լինելով ժամկետային զինծառայող նա ականանետի պայթյունից ստանում է գլխուղեղի սալջարդ եւ հետագայում այն բարդանում է էպիլեպսիայով: Նա ասում է, որ չէին կարող այդ տատիկին թողնել Երեւանում միայնակ եւ իրենց հետ բերում են Ստեփանակերտ։

Այժմ Մարուսյան այդ ընտանիքի հետ ապրում է Ստեփանակերտում վարձած բնակարանում։

Մարուսյայի թոշակը կազմում է 58000 ՀՀ դրամ, որից՝ 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ, իսկ 11000 ՀՀ դրամը ԿԽՄԿ-ից։

Մարուսյան տառապում է հիպոտոնիայով, ժամանակ առ ժամանակ ունենում է ուժեղ գլխացավեր։

«Հանգանակ» ՀԿ 2021 թվականի փետրվար ամսից գրանցում է Մարուսյային իր շահառուների ցուցակում: