Նոր տեխնիկաներ հոգեբանական խմբակային քննարկումներում. Մանդալա-թերապիա

Արտթերապիան լայնորեն օգտագործվում է հոգեբանության մեջ: Արդեն վերջին մի քանի հանդիպումների ժամանակ այն սկսվեց կիրառվել նաեւ Հանգանակի շահառուների համար: Ինչպես եւ ենթադրվում էր, շահառուները մեծ պատրաստակամությամբ մասնակցեցին այդ սեանսներին: Վերջին հինգշաբթին նվիրված էր արտթերապիայի մի շատ ընդունված մեթոդի՝ մանդալա-թերապիային:

Բժիշկը մասնակիցներին բաժանեց նախօրոք բազմացրած մանդալայի գծապատկերները եւ մատիտներ եւ առաջարկեց դրանք ներկել: Կարեւոր է այն վերջացնել նույն պարապմունքի ընթացքում, քանի որ հաջորդ պարապմունքին նույն գծապատկերը, կախված մասնակցի հոգեվիճակից, կլինի բոլորովին այլ:

Թարգմանաբար Մանդալա նշանակում է շրջան, կենտրոն և դեռ հին ժամանակներից ունի մարդու ներքին աշխարհի և Տիեզերքի սիմվոլիկ արտացոլման հոգևոր իմաստ: Մանդալան շրջաններից կազմված կամ շրջանում պատկերված մի նկար է:

Մանդալա-թերապիայի օգնությամբ կարելի է խորքային մակարդակում լուծել մի շարք հոգեբանական խնդիրներ: Աշխատելով մանդալայի հետ բացվում են մարդու ներքին թաքնված ռեսուրսները, և հնարավոր է վերականգնել սեփական ներքին ամբողջականությունը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում բնականորեն, սահուն: Մանդալայի միջոցով սեփական խորքային էության հետ  կոնտակտի հաստատումից հետո չլուծված խնդիրներն ու պրոբլեմները սահուն կերպով անցնում են անգիտակցականից  դեպի գիտակցություն: Այսպիսով, մանդալա-թերապիայի օգնությամբ կարելի է տեսնել մի շարք չլուծված խնդիրներ, ամբողջությամբ գիտակցել դրանք:

Մանդալաներ կարելի է նկարել կամ պարզապես ներկել պատրաստի մանդալաները: Այս դեպքում հոգեբանը առաջարկեց ներկել պատրաստի մանդալաները: Հանգիստ, դաշնամուրային երաժշտության հնչյունների ներքո մասնակիցները սկսեցին ներկել իրենց նկարերը: Նրանք ներկելու հետ մեկտեղ կիսաձայն զրուցում էին: Կարելի էր ենթադրել, որ այդ պարապմունքը նրանց համար իրոք թերապեւտիկ ազդեցություն ունեցավ: Վերջում բժիշկը նկարները հավաքեց եւ խնամքով դասավորեց իր թղթապանակում: Նա  խոստացավ, որ հաջորդ պարապմունքին կխոսեն այսօրվա մանդալաների մասին:

Պարապմունքի մանրամասներին հետեւեք ֆոտոշարքում: