Մեր այցերը սկսեցինք օրվա երկրորդ կեսին, քանի որ տարեմուտի աշխատանքային վերջին օրերն են եւ պիտի ավարտեինք դեղանյութերի առաքումը: Գրասենյակում շատ զանգեր էին հնչում, բոլորը հարցնում էին դեկտեմբեր ամսվա պարենամթերքի մասին: Դժբախտաբար, ոչ մի հուսադրող պատասխան չունեինք:
Մենք վաղուց էինք որոշել այցելել Նաիրային, նա Հանգանակի շահառու է 2020 թվականից: Պատերազմից առաջ էր նա միացել Հանգանակի մեծ ընտանիքին: Նաիրան աշխատում էր Հանրապետական Բժշկական կենտրոնում, որպես բուժքույր: Ընդհանուր առմամբ նա ունի 44 տարվա մասնագիտական փորձ, որից 16 տարի աշխատել է զինվորական հոսպիտալում: Ինչպես եւ մեզնից շատերը, Նաիրան անցել է Արցախյան բոլոր երեք պատերազմների միջով, սակայն նա եղել է նաեւ այդ պատերազմների անմիջական մասնակիցը: 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմի հենց առաջին օրվանից, Նաիրան կամավոր միացել է Հանրապետական բժշկական կենտրոնի թիմին եւ մինչեւ հիվանդանոցի էվակուացիան, իր մասնագիտական օգնությունն է ցուցաբերել վիրավոր զինվորներին եւ քաղաքացիներին:
Այցելելով Նաիրային, մենք նրան տրամադրեցինք նաեւ իր հասանելիք դեղանյութերը: Բնականաբար, մեր առաջին հարցը եղավ, թե ինչպես է նա դիմակայում շրջափակմանը: Նա ասաց, որ սննդամթերք որոշ քանակությամբ ունի, սակայն չգիտի, թե ինչքան այն կբավականացնի, եթե շրջափակումը երկար տեւի: Նա հույս ուներ, որ Հանգանակից դեկտեմբեր ամսում պարենամթերք կստանա, ուստի ավելի քիչ սննդամթերք է ձեռք բերել: Ասաց, որ նախորդ օրը կարողացել է Ռադիկի բանջարեղենի խանութից 2կգ սոխ գնել, իսկ մեկ այլ պարենային խանութից՝ 2կգ ալյուր, որովհետեւ հաճախորդներին ավել չէին տալիս:
Բայց, այնուամենայնիվ, նա սննդամթերքի պակասից չի նեղվում, ավելի մտահոգված է, որ հանկարծ նորից պատերազմ չսկսի: Նա լավ գիտի պատերազմի գինը: Մեր հողը, ասաց, ներծծված է արյունով, այն լքելու իրավունքը մենք չունենք…
Հետո այցելեցինք Էլմիային: Սովորաբար նա Հանգանակից ստանում է 3 դեղ՝ ըստ բժշկի նշանակման: Սակայն այս անգամ միայն 2-ը կար դեղատնում, այն էլ չափավոր: Սննդամթերք նա դեռ ուներ, առանձնապես ձավարեղեն: Գյուղից իր բարեկամները կանաչեղեն էին ուղարկել եւ Էլմիրան այն տապակում էր, երբ մենք ներս մտանք: Կարտոֆիլ ու սոխ ունեմ, ասաց, սոխն էլ նախորդ օրն էր գնել: Ասաց, որ Հանգանակից ստացած պարենամթերքը հերիքում է ամբողջ ամիս: Թեյ ուներ, իսկ ձեթը վերջացել էր, ասաց, որ ձեթի ու թեյի վերջանալու վրա է հասկանում, որ մթերքի տրամադրման ժամանակն է: Մենք հուսադրող նորություն չունեինք, ուստի ասացինք, որ հավանաբար հունվարի սկզբին միայն կկարողանանք պարենամթերք տրամադրել: Ինչպես եւ մնացած մեր շահառուները, Էլմիրան սննդամթերքի պակասից չէր նեղվում:
— Արցախցիներս պինդ ժողովուրդ ենք,- ասաց,- ամեն ինչին էլ կդիմանանք, բայց մեր հայրենիքից երբեք դուրս չենք գալու՝ այստեղ ենք ծնվել, այստեղ էլ կապրենք մինչեւ մեր կյանքի վերջը: