Շրջափակում. Օր 23

Արցախում տոները հայտարարված են մինչեւ հունվարի 9-ը, սակայն Հանգանակը չի կարող այդքան ժամանակ անգործ նստել՝ շրջափակման մեջ գտնվող շահառուներին թողնելով առանց ուշադրության: Ուստի մեր այցերը շարունակեցինք կարճատեւ տոնական օրերի ընդմիջումից հետո:

Այսօր շրջափակման 23-րդ օրն է: Հումանիտար ճգնաժամը Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով օրեցօր սրվում է, ավելի նկատելի է դառնում առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի պակասը: Ինչպե՞ս են դիմակայում այս լարված իրավիճակին մեր տարեցները, փորձեցինք պարզել այցելելով Շուշիից տարհանված Լյուդմիլային:

Լյուդմիլան Հանգանակի շահառու է 2016 թվականից, երբ սկսեց գործել Շուշիի ծրագիրը: Նա շատ դրամատիկ կենսագրություն ունի: Դեռեւս 1990 թվականին Բաքվի կոտորածների ժամանակ, որտեղ նա բնակվում էր երկար տարիներ, մահապուրծ մի կերպ կարողացավ վերադառնալ հայրենիք՝ Ստեփանակերտ, հայրական տունը: Սակայն այդ տունը գտնվում էր վթարային վիճակում եւ Լյուդմիլային առաջարկեցին տեղափոխվել Շուշի, որտեղ նրան բնակարան հատկացրին՝ որպես Բաքվից փախստական: Այս բոլոր տարիներին նա ապրել եւ աշխատել է Շուշիում: Եվ ահա նորից պատերազմ եւ երկրորդ անգամ ամբողջ կյանքի վաստակի եւ հարազատ տան կորուստ: Երբ նա պատերազմի ավարտից հետո վերադարձավ Ստեփանակերտ, ապա ստիպված բնակություն հաստատեց վթարային վիճակում գտնվող հայրական տանը: Հիմա նա ապրում է այդ տանը եւ փորձում է բնակվելու համար պիտանի դաձնել այն: Ինչ-որ կահույք արդեն կար այդ տանը,  ինչ-որ իրեր նրան տվել են հարեւանները: Մի խոսքով, Լյուդմիլան մի փոքր բարեկարգել է այն: Նա մի քանի անգամ դիմել էր ԱՀ Սոցիալական հարցերի եւ միգրացիայի նախարարություն՝  օգնության համար եւ մեր այցը համընկավ մի ուրախալի նորության հետ. ԱՀ Սոցիալական հարցերի եւ միգրացիայի նախարարության կողմից, Նոր Տարվա կապակցությամբ, Լյուդմիլան նվեր է ստացել՝ սառնարան, որին նա սպասել է 2 տարի: Դա մեզ համար շատ ուրախալի փաստ էր, որ Արցախի պետական կառույցները՝ անկախ շրջափակման հետ կապված բոլոր սահմանափակումների, պատվով իրականացնում են իրենց գործունեությունը ամբողջ ծավալով:

Մենք Լյուդմիլային տրամադրեցինք նրա դեղանյութերը եւ հետաքրքրվեցինք, թե ինչպես է նրա վրա անդրադարձել շրջափակումը: Ինչպես եւ մեր մնացած շահառուները, Լյուդմիլան տվեց նույն պատասխանը՝ հոգեբանորեն շատ ծանր է հայտնվել շրջափակման մեջ, իսկ սննդամթերքով եւ բանջարեղենով նա առայժմ ապահովված է: Ամռան ամիսներին, սովորության համաձայն, նա մեծ քանակությամբ բանջարեղեն է պահածոյացրել, ունի մուրաբաներ, ջեմեր, նույնիսկ մինչեւ շրջափակումը թթուներ է պատրաստել: Միաժամանակ ասաց, որ նա կարող է դիմանալ բոլոր սահմանափակումներն, զրկանքներին, սակայն պետք է տեր կագնել մեր հողին եւ մեր հայրենիքին:

Գլխավոր լուսանկարը՝ սոցցանցերից