Շրջափակում. Օր 24

Շրջափակման 24-րդ օրն է: Մարդկանց մոտ ամանորյա տրամադրություն չկա, բայց խուճապ էլ չկա, հասկանում են  իրավիճակն ու դիմանում: Առաջին անհրաժեշտության ապրանքները գրեթե բոլոր խանութներում սպառված են, մնացել են կոնֆետներ, խմիչքներ, հյութեր, տնտեսական որոշ ապրանքներ: Բայց դրական է, որ մարդիկ ունեն պահածոներ, պահեստավորած պարենամթերք: Գյուղերում ավելի հեշտ է, քան քաղաքում, որովհետեւ գյուղացիները հիմնականում իրենց փոքրիկ տնտեսություններն ունեն, անասուններ են պահում, մեղվաբուծությամբ զբաղվում եւ իրենց համար պաշար են հավաքել, անգամ կարողանում են քաղաք մատակարարել: Մենք մոտ օրերս պլանավորում ենք այցելել Ասկերանի գյուղերը, որտեղ ունենք շահառուներ, եւ տեսնել, թե ինչպես են գյուղաբնակ մեր շահառուները դիմակայում շրջափակմանը:

Իսկ այսօր մենք այցելեցինք եւս երկու Ստեփանակերտի շահառուի: Վերջին ժամանակներս Անյան վատառողջ է, դրա համար նրան հաճախակի ենք այցելում: Նա Հանգանակում գրանցվել է դեռեւս 2014 թվականից: Ամուսնու հետ էին գրանցվել: Անցած տարի փետրվարին ամուսինը քովիդից մահացավ, նրան թողնելով միայնակ: Ամուսնուց հետո Անյան շրջապատից մեկուսացավ եւ այլեւս չի մասնակցում Հանգանակի միջոցառումներին, մինչդեռ նա կազմակերպության ամենաակտիվ շահառուներից էր: Նրա արդեն համարյա մեկ տարի ձգվող ընկճախտը չէր կարող չազդել նրա ֆիզիկական առողջության վրա: Հանգանակի կողմից իրականացվող մոնիտորինգի ժամանակ հայտնաբերվեց շաքարային դիաբետ: Դրան գումարվեց թերսնուցումը, որը հանգեցրեց ալիմենտար սակավարյունության: Բժշկուհին նշանակեց համապատասխան բուժում եւ Անյայի վիճակը բավականին լավացավ: Ներկայումս նրա ճնշումը կարելի է համարել կարգավորված, ստանում է բոլոր անհրաժեշտ դեղանյութերը, պարտաճանաչ կատարում է բժշկի բոլոր նշանակումները:

Անյային մենք գտանք նստած իր սիրած բազմոցին: Սոցաշխատող Երմոնյան գրեթե ամեն օր այցելում է նրան, հորդորում լավ սնվել: Անյան ասաց, որ բանջարեղեն եւ ձավարեղեն դեռ քիչ քանակությամբ ունի, բայց վստահ չէ, որ երկար կհերիքի: Նա երախտագիտությամբ նշեց, որ ամսվա ընթացքում Հանգանակի կողմից տրամադրվող պարենամթերքը գրեթե հերիքում է: Շրջափակման առաջին օրերին, երբ դեռեւս խանութներում սննդամթերք կար, նա չի գնել, հույս ունենալով, որ Հանգանակից կստանա: Ընդհանուր առմամբ սննդամթերքի պակասից նա չի նեղվում, ասում է՝ կդիմանանք, նրան ավելի շատ մտահոգում է քաղաքական պայթյունավտանգ իրավիճակը:

Այցելեցինք նաեւ Իրինային: Նա ունի հաշմանդամություն, ապրում է տարեց մոր հետ: Երկուսով կարողանում են դիմակայել շրջափակմանը եւ, ընդհանրապես, կյանքի դժվարություններին: Մենք գոհունակությամբ նկատեցինք, որ սննդամթերքով բանվականին ապահովված են: Նրանց լիքը սառնարանից կարելի է եզրակացնել, որ դեռ երկար կարող են ապրել առանց սահմանափակումների, սակայն, ինչպես եւ մեր մյուս շահառուներին, նրանց ավելի շատ մտահոգում է երկրի քաղաքական վիճակը:

Հետեւեք մեզ եւ իմացեք, թե Հանգանակի տարեցները ինչպես են դիմակայում շրջափակմանը:       

Գլխավոր լուսանկարը՝ սոցցանցերից