Ջուլիետա Դ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին:

Ջուլիետան ծնվել է 1943թ. Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում, բազմանդամ գյուղացու ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին ութ երեխա` վեց քույր և երկու եղբայր: Հայրը աշխատում էր ֆերմայում, իսկ մայրը տանը խնամում էր երեխաներին, միաժամանակ աշխատում օրավարձով` հաց էր թխում, այգի էր մշակում, լվացք էր անում ուրիշների համար: Վեց տարեկանում Ջուլիետան հիվանդանում է պոլիոմիելիտով, որի հետևանքով դառնում է հաշմանդամ: Հարևան գյուղի դպրոցում սովորում է մինչև 5-րդ դասարանը: Հաշմանդամության պատճառով հայրը թույլ չի տալիս շարունակել ուսումը, որովհետև հնարավոր չէր ամեն օր նրան ավանակով տանել դպրոց ու հետ բերել: Եվ այդպես էլ ուսումը մնում է թերի: Հաշմանդամ լինելով, նա ձեռնափայտով դժվարությամբ քայլելով անասուններ էր տանում տան մոտակա արոտավայրը արածացնելու, որպեսզի ինչ-որ կերպ օգնի իր անապահով ընտանիքին:

Տասնութ տարեկանում Ջուլիետան տեղափոխվում է ք. Ստեփանակերտ, որպեսզի օգնի քրոջը` խնամելու երեխաներին:

Հաշմանդամության կարգից օգտվելով նա քառասունհինգ տարեկանում պետությունից ստանում է 1-սենյականոց բնակարան, որտեղ էլ բնակվում է մինչև օրս:

Ջուլիետայի կյանքում պատերազմից առաջ և հետո ոչինչ չի փոխվել: Նա ունի ոսկրային և հոդային խնդիրներ, մի քանի տարի առաջ բողոքում էր սրտից: «Հանգանակ» — ի բժշկի նշանակումից հետո վիճակը կայունանում է: Առողջական վիճակը համարում է միջինից ցածր: Օգտվում է Զինվորական հոսպիտալի ծառայություններից, քանի որ տնից մոտիկ է: Դեղերը ամեն ամիս ստանում է «Հանգանակ»-ից (Կարդիոմագնիլ 75 մգ N 30, Կոնկոր 5 մգ N25, Վոլտարեն էմուլգել 1 տուփ): Նա չի հիշում, թե երբ է գրանցվել «Հանգանակ»-ում և ում միջոցով, սակայն հիշում է, որ շատ վաղուց էր, իսկ մի քանի տարի առաջ հովանավորները այցելել են իրեն:

Մթերքը հերիքում է ամբողջ ամիս: Արդեն ձեթի վրա հասկանում է, որ հաջորդ մթերքը ստանալու ժամանակն է: Սկզբում նա մասնակցում էր կազմակերպության բոլոր միջոցառումներին, սակայն առողջության վատանալու պատճառով նա այլևս չի կարողանում մասնակցել: Տունը ջեռուցվում է էլեկտրական ջեռուցիչով և փայտի վառարանով, որի ծախսի մի մասը փոխհատուցում է «Հանգանակ»-ը, իսկ մյուս մասը վճարում է թոշակից (թոշակը կազմում էր 37.000 դրամ, Կարմիր խաչի հավելավճարով այն այժմ 50.000 դրամ է):

— Իմ բուժքույրը Մարսելա Սարգսյանն է, որն ինձ համար և քույր է, և բուժքույր: Ամեն հարցում աջակցում է ինձ: Իմ կյանքի ուրախալի օրերն այն ժամանակ էին, երբ կարողանում էի դուրս գալ բակի դիմացի մայթի պատի վրա արևածաղիկ վաճառելու: Այդ կերպ ես և ապրուստի միջոց էի հայթայթում, և շփվում մարդկանց հետ: Բացի «Հանգանակ»-ից ուրիշ տեղից օգնություն չունեմ,- ասումէ Ջուլիետան:

Հանգանակի հովանավորներին նա հայտնում է իր մեծ շնորհակալությունը ու մաղթում առողջություն, երկարակեցություն, նորանոր հաջողություններ:

— Շատ շնորհակալ եմ, որ մեզ` միայնակ տարեցներիս հիշում են մեր հովանավորները և ամեն ամիս եւ արդեն բազմաթիվ տարիներ օգնում: Շատ կխնդրեի ջեռուցման փոխհատուցման գումարը մի քիչ շատ լիներ: Շնորհակալություն կազմակերպության տնօրենին, բժշկին, բուժքրոջը, սոցաշխատողին, որոնք հետաքրքրվում են և միշտ ուշադիր են իմ հանդեպ: Աստված պահապան բոլորին, ասում է նա: