Հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին։
Սեդան ծնվել է 1942 թվականին Շուշի քաղաքում: Ընտանիքի 9 երեխաներից նա 4-րդ երեխան էր։ Հայրը շինարար էր, մայրը՝ ջուլհակուհի։
Սեդան 1949–1959 թ.թ. սովորել է Շուշիի հայկական դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատի Շուշիի մասնաճյուղում, որտեղ երեք տարի աշխատելուց հետո՝ 1962 թվականին, ամուսնացել եւ տեղափոխվել է Բաքու: Նա ուներ երկու որդի։
1970 թվականին Սեդայի ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստան։ Նրա կյանքը կարծես թե լավ էր դասավորված՝ ուներ ամեն ինչ՝ տուն ու տեղ, նորմալ ու երջանիկ ընտանիք։ Սակայն 1980 թվականին Ռուսաստանում Սեդայի ընտանիքը ավտովթարի է ենթարկվում եւ երկու տղաներն ու ամուսինը զոհվում են։ Հենց այդ պահից էլ Սեդայի համար կյանքը կանգ է առնում։
Ռուսաստանում նա ընդունվել էր երկաթուղային ինստիտուտ, սակայն դժբախտության պատճառով ուսումը թողնում է կիսատ։
Ընտանիքի կորստից հետո նա չէր համակերպվում կյանքին, չէր գտնում իր տեղը։ 1994 թվականին նա վերջնականապես տեղափոխվում է Շուշի՝ խնամելու տարեց մորը։ 2001 թվականին մահանում է նաեւ մայրը ու Սեդան մնում է մենակ՝ հայրական տանը։
Արցախյան երրորդ պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին նա ստիպված թողնելով հայրենի Շուշին տեղափոխվում է Հայաստան՝ քույրերից մեկի մոտ, որի ընտանիքը եւս պատերազմի պատճառով գտնվում էր այնտեղ։ Պատերազմի դաժան ավարտից հետո, չնայած որ Շուշին հանձնվել էր ու նա կորցրել էր ե՛ւ տուն ու տեղ, ե՛ւ ապրուստ, նա դեկտեմբերի 2-ին քրոջ ընտանիքի հետ տեղափոխում Ստեփանակերտ ու որոշ ժամանակ ապրում նրանց հետ, մինչեւ որ կարողանում է հարմար գնով բնակարան վարձակալել։ Այժմ նա ապրում է կիսանկուղային բնակարանում՝ շատ խղճուկ կոմունալ պայմաններով։ Սակայն նրա համար այդ պայմաններում ապրելը ավելի գերադասելի է, քան հարազատների հետ, քանի որ նա արդեն սովոր է միայնակ ու անաղմուկ ապրելուն։ Բնակարանի վարձավճարը կազմում է 50000 դրամ, որից 40000 դրամը փոխհատուցում է կառավարությունը։
Սեդան Հանգանակի շահառու է 2016 թվականի հոկտեմբերից, երբ Հայաստան համահայկական հիմնադրամը սկսեց ֆինասավորել Հանգանակի Շուշիի ծրագիրը։
2021 թվականի հունվարից Հայ կանանց բարեկեցության միության խորհրդի որոշմամբ ընդլայնվեց Ստեփանակերտի ծրագիրը եւ որոշվեց ցուցակում ընդգրկել Արցախի բռնագրավված շրջաններից տեղահանված եւ Արցախում՝ մասնավորապես Ստեփանակերտում ապրող միայնակ տարեցներին։ Ուստի Սեդան էլ 2021 թվականի հունվարից ընդգրվկվեց Հանգանակի շահառուների ցուցակում։
Սեդան Հանգանակի ակտիվ շահառուներից է։ Նրան կարելի է տեսնել մինչեւ պատերազմը Հանգանակի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումների թե՛ նկարներում, եւ թե՛ տեսահոլովակներում։ Այսօր էլ նա ակտիվ մասնակցում է Հանգանակում կազմակերպվող հոգեբանական սեանսներին։
Նրա թոշակը կազմում է 50000 ՀՀ դրամ, որից 11500 ՀՀ դրամը միայնակ թոշակառուի նպաստի գումարն է։
Նա տառապում հիպերտոնիայով, երկու անգամ սրտի կաթված է ստացել, ունի նաեւ տեսողության պրոբլեմ, որի համար վիրահատել է աչքը, սակայն ըստ նրա խոսքերի, վիրահատությունը արդյունք չի տվել։
Հանգանակից նա ստանում է Նոլիպրել ֆոռտե N30, Կարդիոմագնիլ 75մգ N30 ։
Նա իր խորին շնորհակալությունն է հայտնում իր բուժքույր Էլզա Ներսիսյանին, ով հատուկ ուշադրության կենտրոնում է պահում Սեդային, հաճախակի այցելում, զրուցում նրա հետ։
Նա իր շնորհակալությունն է հայտնում Հանգանակի բարերարներին եւ ողջ անձնակազմին, ովքեր ապրելով Արցախում եւ դիմակայելով այս դժվար պայմաններին, կարողանում են իրենց առօրյան մի կողմ դնել ու ապրել յուրաքանչյուր շահառուի հոգսով։