Սինամ Ի.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին:

Սինամը ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 4-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Ալգետի խաղողի սովխոզում՝ բանվորի ընտանիքում։ Շրջապատը բազմազգ էր և բոլորն իրար հետ շփվում էին սիրով ու համերաշխությամբ։ Ընտանիքում ունեին 3 քույր և 1 եղբայր։ Սինամը տան երրորդ երեխան էր։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում, հետո տեղափոխվել է Երեւան մեծ քրոջ՝ Ջուլյայի մոտ և ընդունվել Երեւանի Կապի տեխնիկումը։ Ավարտելուց հետո սկզբում աշխատել է հեռագրատանը, իսկ հետո Կենտրոնական միջքաղաքային կապի բաժնում, որպես հեռախոսավարուհի։ Կատարելագործվել է աշխատանքի ընթացքում եւ դարձել VI կարգի կապի մոնտաժի մասնագետ։

Եղբայրը ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, հետո տեղափոխվել Վրաստանի Բոգդանովկա քաղաքը։ 5-6 տարի աշխատել է որպես շրջանային կոմսոմոլի քարտուղար։ Այդ ընթացքում ամուսնացել է, ունի 2 երեխա: Հետո տեղափոխվել է Ռուսաստան և հիմա ապրում է այնտեղ։ Սինամը շատ մտերիմ է եղբոր ընտանիքի հետ, երբեմն այցելում է նրանց Ռուսաստան:

Ջուլյան՝ մեծ քույրը, նույնպես աշխատել է կապի ոլորտում և դասավորել է իր կյանքը Երեւանում։ Փոքր քույրը՝ Սուսաննան, ամուսնու հետ միասին ավարտել են Երեւանի Մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ֆակուլտետը։ Ունեն 3 երեխա։

Սինամը 1993 թվականին Երեւանից աշխատանքային գործուղումով գալիս է Ստեփանակերտի Կապի բաժանմունք, որպես տեխնիկ եւ մնում է այստեղ, ինչպես հետագայում պարզվում է ընդմիշտ՝ հիմնվելով Ստեփանակերտում։ Շուտով գործընկերուհին միջնորդում է և Սինամը ամուսնանում է: Սինամը ամուսնության ընթացքում երջանիկ պահեր չի ունեցել։ Պատերազմից հետո և առաջ ապրել է նույն միապաղաղ կյանքով, խնամել է տարեց և հիվանդ ամուսնուն, որը 2 անգամ սրտի կաթված է ունեցել։ 2009 թվականին՝ 16 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինը մահանում է։ Սինամը նորից մնում է մենակ։ Ղարաբաղում ոչ մի բարեկամ չունի։

Ամուսնուց մնացել է կիսաքանդ մի տուն, որտեղ էլ մինչև հիմա բնակվում է։

Առողջությունը համարում է վատ, որովհետև ունի ոսկրային հիվանդություն՝ օստեոպորոզ: 1994 թվականին աչքում սուր ցավեր է ունեցել, դիմել է բժշկի եւ երկար բուժումներ ստանալուց հետո վիրահատվել է: Մի քանի տարի առաջ վիճակը բարդացել է եւ մի աչքը ներկայումս պրոտեզավորված է։

«Հանգանակ»-ի շահառու դարձավ 2010 թվականին՝ ամուսնու մահից հետո, հարեւաններից իմանալով կազմակերպության մասին։

Նա պոլիկլինիկա սովորաբար չի դիմում, իր թաղամասային բժշկին չի էլ ճանաչում։

— Իմ բժիշկը Լիլյա Սեյրանյանն է՝ «Հանգանակ»-ի բժիշկը, որը շատ հոգատար է բոլորի հանդեպ,- ասում է նա։

Հանգանակից ստացած ամենամսյա մթերքն ու դեղամիջոցները բավարարում են իրեն։ Ճիշտ է թոշակը ցածր է, բայց թոշակի մեջ տեղավորվում է։ Եթե չլիներ Հանգանակի օգնությունը, թերեւս կմնար կիսաքաղց:

Ինչքան էլ կյանքը դաժան է գտնվել իր հանդեպ, նա միշտ եղել է օպտիմիստ: Շատ է սիրում երգել: Երգում է տանը, հարեւանների մոտ, «Հանգանակ»-ի կազմակերպած միջոցառումներին, մասնակցում է մրցույթներին, որ կազմակերպվում են միջոցառումների ժամանակ, հաճախ հաղթում է:

— Հանգանակի միջոցառումները իմ կյանքը լուսավորեցին։ Իմ ուրախանալու տեղը՝ հայրական տունս, «Հանգանակ»-ն է,- տխուր ժպտում է նա:

Ջեռուցման հարցը բարդ է, տունը մեծ է, բայց նա ապրում է տան մի փոքրիկ մասում, որը տաքացնում է փայտով: Փայտը գնում է «Հանգանակ»-ի կողմից տրամադրված գումարով եւ մի քիչ էլ իր տնտեսած միջոցներով։

— Իմ բուժքույրը Էլզա Ներսիսյանն է, որը շատ նվիրված է իր գործին, հոգատար է, մարդամոտ։ Հաճախակի այցելում է ինձ, օգնում բոլոր հարցերում։ Շատ գոհ եմ Հանգանակի անձնակազմից, բառեր չեմ գտնում իմ շնորհակալական խոսքերն արտահայտելու։

Սինամը զարմանում է, թե ինչպես հեռավոր Միացյալ Նահանգներից այսքան մեծ հոգատարություն են ցուցաբեում անծանոթ մարդկանց հանդեպ։ Նա կարոտով է հիշում, երբ Հայ Կանանց Բարեկեցության Միության ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ եւ հանդիպել շահառուների հետ: Դա գրեթե 5 տարի առաջ էր, երբ առաջին անգամ «Հանգանակ»-ի հովանավորները այցելեցին Ստեփանակերտ կազմակերպության 10-րդ տարեդարձի կապակցությամբ։

— Մեր հովանավորներին ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել, ցանկանալ քաջ առողջություն, արեւշատություն, հաջողություն եւ երկար տարիների կյանք: Թող այսպիսի ծրագրերով նրանք մարդկանց կյանքը լցնեն ջերմությամբ եւ լույսով: Ես խոնարհվում եմ նրանց առջեւ,- ասում է Սինամը: