Հարցազրույցը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարին:
Վալյան ծնվել է 1947թ. հունվարի 25-ին Ստեփանակերտ քաղաքում՝ բանվորի ընտանիքում։ Ընտանիքում մեծանում էին 4 աղջիկ։ Վալյան չորրորդ երեխան էր։ 1954 թվականին Վալյան ընդունվում է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ վեցերորդ դասարանն ավարտելուց հետո մայրը նրան տեղափոխում է Շուշիի տուն-ինտերնատը։ Սակայն տուն-ինտերնատում մեկ տարի սովորելուց հետո նա ուսումը թողնում է կիսատ եւ 1962 թվականից սկսում աշխատել Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատում որպես բանվոր, իսկ 1963 թվականին երկու ընկերուհիներով տեղափոխվում են Երեւան ու աշխատում կարի ֆաբրիկայում։
Թե սովորելու, եւ թե աշխատելու տարիներին Վալյայի հոբին միշտ էլ եղել է երգն ու պարը։ Եվ վերջապես 1968 թվականին նա աշխատանքի ընդունվում է Ղարաբաղի երգի-պարի պետական համույթում որպես պարուհի, որտեղ էլ աշխատում է մինչեւ 1988 թվականը։
1992-1995 թվականներին ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Դրանից հետո աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում։
Ամսական ստանում է 68 400 ՀՀ դրամ թոշակ։
Նա բնակվում է հայրական տանը։ Բնակարանը ձմռանը ջեռուցվում է փայտով, որի դիմաց վճարում է Հանգանակից ստացված ջեռուցման փոխհատուցման գումարից ու իր թոշակից։
Հանգանակի շահառու է 2010թվականից:
Իր առողջական վիճակը նա համարում է միջինից ցածր, 2009 թվականին Վալյան ընկել է ու ոտքը ջարդել, որի հետեւանքով նա մեկ տարուց ավել գամված էր անկողնուն, չէր կարողանում քայլել։ Սակայն ժամանակի ընթացքում, նրա ուժեղ կամքի ու երկար բուժումների շնորհիվ նա կամաց-կամաց սկսեց քայլել։ Չնայած հիմա էլ դժվար է քայլում, բայց մասնակցում է թե Հանգանակում, եւ թե Հանգանակից դուրս կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Նա միջոցառումների ակտիվ մասնակիցներից է ու ամենաակտիվ պարողներից։
Վալյան պոլիկլինիկայից չի օգտվում, անհրաժեշտության դեպքում իր բուժքույր Դոնարա Մնացականյանի հետ նրան այցելում է Հանգանակի բժիշկը, հետազոտում ու խորհուրդներ տալիս նրան։
Հանգանակից նա ստանում է Կարդիոմագնիլ 75մգ N30, Նուրոֆեն 200մգ N10, Սպազմալգոն 500մգ N10 դեղերը։
-Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս,- ասում է նա ու ավելացնում , որ դա մեծ օգնություն է իրենց համար:
Նա իր խորին շնորհակալությունն է հայտնում բարերարներին, որ այդքան հեռվից կարողանում են սատար կանգնել ու զգալիորեն թեթեւացնել իրենց կյանքը։