Պաշտոնապես մարտի մեկից «Հանգանակ»-ը իր գրասենյակը տեղափոխել է Արա Սարգսյան 6 հասցեում տեղակայված «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի ընդարձակ գրասենյակ: Համագործակցությունը, որը սկսվել էր 44-օրյա պատերազմից հետո, շարունակվում է եւ ստանում նոր երանգներ: Բացի նրանից, որ Կենտրոնը տրամադրել է իր տարածքը «Հանգանակ»-ի գործունեությունը արդյունավետ իրականացնելու համար, նաեւ անցկացնում է հոգեբանական խմբային պարապմունքներ կազմակերպության շահառուների եւ անձնակազմի հետ: Մարտի 19-ին նոր պայմաններում տեղի կունենա առաջին հոգեբանական սեանսը:
Իսկ մարտի 12-ին նոր գրասենյակում կայացավ «Հանգանակ»-ի հաշվետու ժողովը: Փետրվար ամսում կատարած իրենց աշխատանքների մասին պատմեցին բուժաշխատողները եւ հանձնեցին իրենց հաշվետվությունները ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանին: Ընդհանուր առմամբ ծրագիրը ընթանում է հարթ եւ բուժաշխատողները մեծ պատասխանատվությամբ իրականացնում են իրենց պարտականությունները:
Ծրագրի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը պատմեց մարտ ամսվա իրենց անելիքների մասին: Բացի ընթացիկ աշխատանքներից, մարտի 22-ին տեղի կունենա Ալցհայմերի խնամք Հայաստան կազմակերպության կողմից կազմակերպվող կոնֆերանս՝ նվիրված Ալցհայմերի հիվանդության միջդիսցիպլինար մոտեցմանը: Կոնֆերանսը կոչվում է «Վաղ հայտնաբերումից մինչեւ կյանքի ավարտը»: Ծրագրի ղեկավարը առաջարկեց մասնակցել կոնֆերանսին՝ ամբողջ բուժանձնակազմով: Ժողովի ընթացքում բոլոր աշխատակիցները հասցրեցին գրանցվել կոնֆերանսին՝ մասնակցության համար: Մյուս կարեւոր միջոցառումը դա գերոնտոլոգիայի դասընթացներն են, որ պետք է իրականացնի Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիան: Դասընթացների ժամանակացույցը պետք է համաձայնեցվի ՀՕՖ-ի եւ Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի հետ: Մարտի 19-ին ծրագրած հոգեբանական խմբային քննարկման համար առաջարկվեց մշակել մասնակիցների ցուցակը եւ ներկայացնել հոգեբանին: Բուժաշխատողները պետք է կազմակերպեն եւ ապահովեն իրենց ներկայացրած շահառուների այցը գրասենյակ:
Մարտ ամսում պետք է կազմակերպվի հերթական առցանց հանդիպումը Zoom հարթակում Տարեցների ծրագրի կլինիկական մասի պատասխանատու Նենսի Բարսամյանի հետ: Ծրագրի բժիշկ Լիլյա Սեյրանյանը եւ սպասարկող բուժույրերը պետք է ներկայացնեն ուշադրության արժանի հիվանդներին՝ մասնագետի հետ դեպքերի քննարկման համար: Առանձին խոսվեց դիաբետիկ հիվանդների մասին, որոնցից առանձնապես բարդ մի դեպք պետք է առանձին քննարկվի էնդոկրինոլոգի հետ: Հանդիպման օրը պետք է որոշվի առաջիկայում:
Ծրագրում սպասվում է եւս մեկ փոփոխություն: Լոռու մարզում, շահառուների ակտիվ տեղափոխման արդյունքում, նրանց թիվը հասել է 21-ի, որի պատճառով բժշկական եւ սոցիալական ծառայությունները պետք է իրականացնել նաեւ Լոռու մարզում: Այս հարցը իր վերջնական լուծումը կստանա ֆինանսավորում ստանալուց հետո:
Մարտ ամսվա ընթացքում կշարունակվի շահառուների կարիքների գնահատման հարցախույզը: Հարցազրույցները հիմնականում վարում են ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը եւ բուժքույրեր Անուշ Շեկյանը եւ Նաիրե Ոսկանյանը: Պլանավորվում է հարցախորյզը ավարտել ապրիլի վերջին:
Քննարկվեցին եւս մի շարք ընթացիկ հարցեր:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Տարեցների ծրագրի նորություններին:
Եթե դուք բռնագաղթել եք Արցախից, միայնակ տարեց եք եւ կարիք ունեք խնամքի՝ զանգահարեք մեզ 097-77-09-00 հեռախոսահամարով կամ այցելեք գրասենյակ: