Տարեցների Ծրագիր

Տարեցների ծրագրի նպատակը

Տարեցների ծրագրի հիմնական նպատակը Ստեփանակերտում բնակվող միայնակ մեծահասակների կյանքի որակի բարելավումն է:

Ծրագրի խնդիրներն են  

  1. Բարելավել շահառուների առողջական վիճակը՝ ապահովելով որակյալ բուժօգնություն
  2. Ապահովել անհրաժեշտ դեղանյութերով
  3. Բարելավել կենցաղը` տրամադրելով սոցիալական ծառայություններ եւ ամենամսյա պարենամթերք
  4. Տարվա ցուրտ ամիսներին՝ նոյեմբերից մարտ, տրամադրել ջեռուցման դրամական փոխհատուցում
  5. Բարելավել շահառուների սոցիալական եւ հոգեկան առողջությունը կազմակերպելով զանազան միջոցառումներ եւ դասեր
  1. Բժշկական օգնությունը ապահովվում է մեկ բժիշկ-թերապեւտի, գրասենյակում աշխատող որակյալ մեկ բուժքրոջ եւ վեց սպասարկող քույրերի կողմից, որոնք այցելում են կցված շահառուների տուն, կատարում նշանակումներ, անհրաժեշտության դեպքում շահառուներին ուղեկցում քաղաքային պոլիկլինիկա, բժշկին են ներկայացնում նշանակված դեղանյութերի քանակը եւ մեկ շաբաթվա ընթացքում գրասենյակից ստանալով դեղերը հասցնում հիվանդներին:

Բուժօգնություն եւ բուժսպասարկում ստանալու համար շահառուներն այցելում են Տարեցների բժշկական կենտրոն, որը տեղակայված է «Հանգանակ» ՀԿ գրասենյակում: Բժշկական կենտրոնը հագեցված է ԷՍԳ սարքով, ֆիզիոթերապեւտիկ եւ մերսման սարքերով, գլյուկոմետրով, պուլսօքսիմետրով, առաջին օգնության դեղանյութերով: Բժշկական սարքավորումները եւ համապատասխան կահույքը ձեռք է բերվել Զավեն Քեն Դարյանի նվիրատվություններով:

Բուժքույրերը միջինը շաբաթը մեկ անգամ այցելում են այն շահառուներին, որոնք դժվարանում են գնալ Տարեցների բժշկական կենտրոն: Բժիշկը սպասարկող բուժքույրերի հետ միասին նույնպես այցելում է շահառուներին: Նա միջին հաշվով ամիսը մեկ անգամ այցելում է անկողնային հիվանդներին կամ սուր առողջական խնդիր ունեցողներին, իսկ մնացած շահառուներին տարվա ընթացքում երկու-երեք անգամ` ըստ պահանջի:

Ծրագիրը շահառուներին տրամադրում է նաեւ ակնոցներ, դրանք դուրս են գրվում միայն ակնաբույժի հետազոտությունից հետո: Ակնաբույժի դեղատոմսով շահառուները «Հանգանակ»-ի աշխատակիցների հետ ներկայանում են օպտիկայի խանութ եւ իրենց ճաշակով ընտրում ակնոց: Մեկ շաբաթվա ընթացքում շահառուներն ունենում են իրենց անհրաժեշտ ակնոցը:

  1. Դեղանյութերով ապահովումը. Բժիշկը նշանակումներ է կատարում շահառուներին եւ մի քանի օրից նրանք ստանում են նշանակված դեղանյութերը: Որոշ շահառուներ անհրաժեշտ դեղանյութերը ստանում են գրասենյակում, իսկ մեծամասամբ սպասարկող բուժքույրերն են փոխանցում դեղանյութերը շահառուներին` տնային այցեր կատարելու ժամանակ:
  2. Սոցիալական ծառայությունները մատուցվում են բարելավելու շահառուների կենցաղը: Սոցիալական ծառայությունները ներառում են կենցաղային-տնային գործերը, մաքրություն, օգնություն խոհանոցում, խանութից առեւտուր, վճարումների կատարում եւ այլն: Սոցիալական ծառայություններն իրականացվում են երկու սոցաշխատողների միջոցով, որոնք սպասարկում են 30-32 անկողնային հիվանդների:

Պարենամթերքի տրամադրումը ծրագրի կարեւոր մասն է: Դեղանյութերի հետ միասին պարենամթերքի տրամադրումը թեթեւացնում է շահառուների սոցիալական ծանր վիճակը: Շահառուների մեծ մասը ստանում են պարենամթերքը գրասենյակից, իսկ մնացածներին այն հասցնում են տուն սոցաշխատողները եւ բուժքույրերը:

  1. Ջեռուցման փոխհատուցում 2014 թվականին, երբ կազմակերպության 10-րդ տարեդարձի կապակցութամբ ՀԿԲՄ 5 անդամներ այցելեցին Արցախ եւ անձամբ գնահատեցին Տարեցների ծրագրի կարեւորությունը շահառուների կյանքում, նկատեցին, որ վերջիններիս բնակարաններում ցուրտ է, քանի որ կենսաթոշակի սուղ լինելու պատճառով չէին ջեռուցվում: Հենց այդ ժամանակ որոշվեց տարվա ցուրտ ամիսներին շահառուներին տրամադրել ջեռուցման փոխհատուցման գումար: Այսպիսով հիմնական ծառայություններին հավելվեց նաեւ տարվա հինգ ամիսներին՝ նոյեմբերից մինչեւ մարտ, ջեռուցման փոխհատուցումը:
  1. Սոցիալական եւ հոգեկան առողջության բարելավում

         Տարեցների կենտրոն

Շահառուների հոգեկան եւ սոցիալական առողջությունը բարելավելու համար, 2006 թվականին «Հանգանակ» ՀԿ հիմնադրեց Տարեցների կենտրոնը, մի հաստատություն, որը կոչված է միատեղել տարեցներին, դարձնելով նրանց սոցիալապես ակտիվ:

2006 թվականին Հանգանակը մասնակցեց ԼՂՀ կառավարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին եւ շահեց 1,000,000 ՀՀ դրամ, որն օգտագործեց Տարեցների Կենտրոնի հագեցման համար:

Կառավարության կողմից տրամադրված միջոցներն օգտագործվեցին ձեռք բերելու կինոցուցադրումների համար անհրաժեշտ սարքավորումներ: Տարեցների կենտրոնում սկսվեցին շաբաթական կինոցուցադրումները, որոնք կայանում են յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 15:00-ին:

Կինոցուցադրումներից հետո շահառուներին մատուցվում է թեյ, սուրճ եւ նրանք բավականություն են ստանում նաև այսկերպ միմյանց հետ հաղորդակցվելով:

Հոգեւոր դասեր

Հաճախ Հանգանակի գրասենյակ է այցելում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի քարոզչական կենտրոնի ղեկավար Կարեն Ապրեսյանը, որը շահառուների հետ անց է կացնում հոգեւոր թեմաներով զրույցներ, պատասխանում ներկաների տարաբնույթ հարցերին:

Ամեն տարի կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Արցախի պատմական վայրերը` Գանձասար, Շուշի, Ամարաս, Տիգրանակերտ, Տողի մելիքների ապարանք եւ այլն:

Տոնական օրերին` Ամանորին, Մարտի 8-ին, Մայիսի 9-ին, Տարեցների միջազգային օրը` հոկտեմբերի 1-ին, կազմակերպվում են միջոցառումներ` հյուրասիրություն շահառուների համար:

Բացի դրանից, շահառուները իրենք հաճախ այցելում են գրասենյակ և իրենց իսկ նախաձեռնությամբ շինության խոհանոցում ժենգյալով հաց, խաշիլ կամ ազգային այլ ճաշատեսակներ պատրաստում:

Պարենամթերքի տրամադրումը, դեղանյութերով ապահովումը, ջեռուցման փոխատուցումը եւ ծրագրի շրջանակում ներառված մնացած ծառայությունները զգալի փոխել են մեր շահառուների կյանքը:

Տարեցների ծրագիրը հասել է իր հիմնական նպատակին` բարելավել է շահառուների կյանքի որակը, նրանց սոցիալապես ապահով դարձնելով, նրանց ջերմ ու մտերմիկ միջավայր բերելով, նաև կյանքի ծանր ու ցավոտ փորձությունները հաղթահարելու, առաջացող տարիքի հարուցվող փորձություններին ակտիվորեն դիմակայելու հնարավորություն ընձեռել: