6IMCA-ի շրջանակում հուլիսի 3-ին տեղի է ունեցել «Գերիատրիկ պալիատիվ խնամք եւ դեմենցիայով ապրող անձինք» թեմայով սատելիտային համաժողովը

6IMCA-ի շրջանակում հուլիսի 3-ին տեղի ունեցավ «Գերիատրիկ պալիատիվ խնամք եւ դեմենցիայով ապրող անձինք» թեմայով սատելիտային համաժողովը: Համաժողովը վարում էր ԲԳԴ Նենսի Բարսամյանը: Նա լինելով «Հանգանակ» ՀԿ ծրագրերի կլինիկական մասի պատասխանատուն, կազմակերպության բուժանձնակազմին հրավիրել էր մասնակցելու միջոցառմանը, սակայն Արցախի տեւական շրջափակման պատճառով մասնակցել կարողացան միայն Հայաստանում մնացած բուժաշխատողներ Էլզա Ներսիսյանը, Նաիրե Ոսկանյանը եւ Գայանե Ներսիսյանը:

«Հանգանակ» ՀԿ-ի բուժանձնակազմ

Արդեն վերնագրից կարելի է հասկանալ, թե ինչքան արդիական եւ Տարեցների ծրագրին վերաբերող եւ նպատակային թեմաներ են քննարկվել համաժողովում: Նենսի Բարսամյանի ողջյունի խոսքից հետո ելույթ ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Քույրական գործի ամբիոնի դոցենտ Նուր Ալայանը: Նշենք, որ համաժողովը տեղի է ունեցել ՀԱՀ-ի Ալեքս եւ Մարի Մանուգիան սրահում:

ՀՀ ԱՆ հանրային առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Քրիստինա Գալստյանը ներկայացրեց Առողջապահության նախարարության Դեմենցիայի դեմ պայքարի ազգային ծրագիրը:

Բժիշկ Նարինե Մովսիսյանը անդրադարձավ Հայաստանում պալիատիվ խնամքի զարգացման հնարավորություններին:

Նենսի Բարսամյան, ԲԳԴ

Նենսի Բարսամյանը իր ելույթում խոսեց գերիատրիկ համախտանիշների մասին: Սա այն թեման է, որը պարբերաբար քննարկվում էր Հանգանակի բուժանձնակազմի հետ անցկացվող առցանց դասընթացներում: Պետք է նշել, որ այդ դասընթացները, ինչպես նաեւ Երեւանում Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից 2022 թվականին իրականացված Խնամողի դպրոցի դասընթացը, շատ արդյունավետ էին Տարեցների ծրագրի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների որակի ապահովման համար:

Համաժողովի ժամանակ խոսվեց նաեւ ցավի կառավարման, պալիատիվ խնամքի ոչ դեղորայքային միջամտությունների, հիվանդների եւ ընտանիքի անդամների հետ ճիշտ հաղորդակցության մասին: Առանձնահատուկ պետք է նշել, որ Հանգանակի աձնակազմին քաջ ծանոթ բժիշկ-հոգեբան Սոնա Մխիթարյանը եւ գերիատրիկ բուժքույր Սիլվա Դավթյանը մանրամասն ներկայացրին դեմենցիայի ախտանիշները եւ դեմենցիայով տառապող հիվանդների խնամքի առանձնահատկությունները:

 

Վերադառնալով ՀԱՀ քույրական գործի ամբիոնի մասնակցությանը կոնֆերանսին, պետք է առանձնացնել ԳԲ ԲԲՈւ, ՀԱՀ ուսանողներ Մարիա Ալեքսանդրովայի եւ Վերա Մխիթարյանի ելույթները: Նրանք ներկայացրին բուժքույրերի կողմից հիվանդների վիճակի գնահատման, խնամքի, ինչպես նաեւ կյանքի ավարտին հիվանդության ընթացքի վրա մշակութային եւ հոգեւոր ազդեցության հարցերը:

Մեր բուժաշխատողները շատ տպավորված էին համաժողովի բարձր մասնագիտական մակարդակով: Մասնավորապես Էլզա Ներսիսյանը ասաց. «Մենք ցանկանում ենք մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել դոկտոր Նենսիին և նրա գործընկերներին՝ տարեցների դեմենցիայի և պալիատիվ խնամքի վերաբերյալ համաժողովի ընթացքում իրենց բացառիկ ներդրման համար: Նրանց փորձը եւ գիտելիքները խորապես ազդել են տարեց մարդկանց համապարփակ խնամք տրամադրելու մեր ըմբռնման վրա: Մենք իսկապես շնորհակալ ենք խոսնակներից՝  իրենց անգնահատելի գիտելիքները եւ փորձը մեզ փոխանցելու համար: Բայց նաեւ անչափ ուրախ էինք, որ հնարավորություն ունեցանք անձամբ տեսնել դոկտոր Նենսիին համաժողովում»:

Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի գործունեության մասին: