Անգլերենի դասեր Հանգանակում՝ շահառուների համար

Հանգանակում հավատում ենք, որ ուսուցումն ու մտավոր ակտիվությունը կարևոր դեր ունեն տարեցների հոգեկան և ճանաչողական առողջության պահպանման գործում։ Վերջերս մեր թիմը նախաձեռնեց նոր և հետաքրքիր ծրագիր՝ անգլերեն լեզվի դասեր շահառուների համար։

Նախաձեռնությունն առաջացավ շահառուների ցանկությունից՝ սովորել անգլերեն։ Մեր կամավորները սիրով արձագանքեցին այդ նախաձեռնությանը և անցած շաբաթ կազմակերպեցին առաջին դասը։ Նոր լեզու սովորելը ոչ միայն հաճելի գործընթաց է, այլև նպաստում է հիշողության, ուշադրության և ճանաչողական կարողությունների զարգացմանը, ինչը հատկապես կարևոր է տարեցների համար։

Դասընթացը վարեցին մեր երիտասարդ և նվիրված կամավորները՝ ավագ դպրոցի աշակերտուհիներ Անուշ Կասյանն ու Լուիզա Սարգսյանը, ովքեր սիրով կիսվում են իրենց գիտելիքներով և խանդավառությամբ։ Շահառուները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասին և անհամբերությամբ սպասում են հաջորդ հանդիպմանը։

Դասից հետո բոլորը միասին պատրաստեցին համեղ և առողջարար բազուկի աղցան՝ ընկույզով և սխտորով՝ վայելելով համատեղ աշխատանքի և հաղորդակցության հաճույքը։ Սա դարձավ հերթական ջերմ պահը՝ միավորելով սերունդներին և ստեղծելով հոգատարության ու մտերմության մթնոլորտ։

 

Այս նախաձեռնությամբ Հանգանակը շարունակում է ստեղծել հնարավորություններ ուսուցման, շփման և ինքնազարգացման համար՝ օգնելով մեր տարեց շահառուներին մնալ ակտիվ, հետաքրքրված և ոգեշնչված։

219_7
219_9
219_17
219_11
219_14
219_15
219_5