AWWA-ANRC/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի 2022 թ. առաջին լիագումար հանդիպումը սկսվեց  շնորհավորանքներով` Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ

Հունվարի 28-ին նախատեսված Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը համընկավ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի հետ: Ուստի այն սկսվեց շնորհավորանքներով, որին ի պատասխան ասվեց, որ Արցախում այն տոնել են համեստ՝ այցելելով Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների հուշահամալիր:

Հանդիպմանը մասնակցել են ՀԿԲՄ եւ «Հանգանակ» ՀԿ պատասխանատուները, ինչպես նաեւ Ցոլին Սարյանը, որը սեպտեմբերի 17-ից մշտական բնակվում է Հայաստանում:

Խորհրդակցությունը վարում էր Նենսի Բարսամյանը, որը շնորհավորելով Հանգանակի աշխատակազմին Բանակի տոնի առթիվ, հույս հայտնեց, որ Հայոց Բանակը դեռեւս կունենա մեծ հաղթանակներ:

Պրոֆեսոր Ավեդիս Դոնաբեդյան

Նենսի Բարսամյանը ունեցավ կարճ ելույթ, որում նա լսարանին ներկայացրեց Ավեդիս Տոնապետյանի հայտնի «Բժշկական օգնության որակի գնահատում» («Evaluating the Quality of Medical Care», Avedis Donabedian) աշխատության հիմնական դրույթները եւ հայտնի մոդելի օգտագործումը «Հանգանակ» ՀԿ մատուցած ծառայությունների գնահատման համար:

Նենսի Բարսամյանը ներկայացրեց նախորդ տարվա կատարած աշխատանքները՝ բարձր գնահատական տալով կլինիկական գործառույթների տպավորիչ առաջընթացին: Խոսվեց Zoom հարթակում կազմակերպվող դասընթացների շարունակական լինելու մասին, ինչպես նաեւ ՀՕՖ-ի հետ համատեղ նախատեսված դասընթացների անհրաժեշտության մասին: Դասընթացների եւ գործնական պարապմունքների թեմաների շուրջ քննարկումները պիտի շարունակվեն մոտակա օրերս՝ Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահի եւ նրա թիմի հետ:

Ֆինանսական խնդիրների շուրջ քննարկումները շարունակվեցին նաեւ ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հետ: Մասնավորապես խոսվեց ձմռան ամիսներին ջեռուցման հետ կապված շահառուների կարիքների արագ գնահատման արդյունքների մասին, որոնք պետք է հաշվի առնել փոխհատուցման գումարը հաշվարկելու համար: Կարիքների գնահատումը կատարվել էր հիմնականում դեկտեմբեր ամսում, որի արդյունքները նախօրոք ներկայացվել էր ՀԿԲՄ:

Արցախում Կովիդ 19-ի հետ կապված իրավիճակը քննարկվեց՝ նորից հույս հայտնելով, որ պատվաստումների գործընթացը պետք է ավելի ակտիվ կատարվի՝ թե անձնակազմի, թե շահառուների շրջանում:

Ավրորա հիմնադրամի կողմից ստացված դրամաշնորհի կապակցությամբ ասվեց, որ հնարավոր է այդ գումարի մի մասը ծախսվի Տարեցների ծրագիրը Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում իրականցնելու համար:

Վերջում քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր: