«Հանգանակ»-ը բռնի արտագաղթից երկու ամիս հետո հայտաբերել է եւս մեկ շահառուի

Սեպտեմբերյան այդ օրերին տիկին Արփենիկը վատառողջ էր: Երբեք նա դեղեր չէր խմել եւ ամեն անգամ հրաժարվում էր դեղեր ընդունելուց, ավելի շատ վստահում էր արցախյան առողջարար խոտաբույսերին: Նա այդ մտքերով  մտավ խոհանոց եւ հայացքը սահեցրեց այդ տարվա չորացրած դեղաբույսերի իր պահուստի վրայով: Այո, կբավարարի, գոհունակությամբ մտածեց նա:

Նա իհարկե նկատել էր գյուղում տիրող իրարանցումը, բայց դրան հանգիստ էր վերաբերում: Ինչ կլինի՝ կլինի, ամուսնու մահից հետո նա կորցրել էր մահվան նկատմամբ վախը: Նա այդպես էլ մայր չդարձավ, չուներ սեփական երեխաներ, սակայն ամուսինը երեխաներ ուներ, որոնց Արփենիկը հարազատի պես էր ընդունում: Առաջին կնոջ մահից հետո, ամուսինը եկավ իրենց գյուղ՝ ծնողներից իր ձեռքը խնդրելու:  Ծանր տարիներ էին, ընտանիքում շատ երեխաներ էին, իսկ ամուսինը թեկուզ տարիքով մեծ էր, բայց ապահովված էր: Ծնողները շատ չմտածեցին եւ իրենց ջահել աղջկան կնության տվեցին հարեւան գյուղ: Լավ էին ապրում իրար հետ: Ամուսնու երեխաները մեծացան, ամուսնացան, հետո ամուսինը մահացավ, իսկ Արփենիկը մնաց մենակ: Նա հաճախ է մտքերով վերադառնում անցյալին: Դե ինչ անի, ինքը մենակ է, իսկ մտածելու ժամանակը՝ շատ:

Հաճելի տաք սեպտեմբերյան օրեր էին, բայց Արփենիկը վատառողջ էր եւ տնից դուրս չէր գալիս: Սկզբում  նկատեց գյուղի իրարանցումը, բայց մնածեց, որ հետո դուրս կգա հարցնելու, թե ինչ է պատահել: Բայց պառկեց քնելու եւ այդպես էլ չհասցրերեց տնից դուրս գալ: Ուտելու բան ուներ, ամուսնու թոռն էր երկու օր առաջ որոշ սննդամթերք բերել, դե երեւի մի շաբաթ կբավականացնի, ասել էր նա: Արփենիկը հասկացավ, որ նա կգա միայն հաջորդ շաբաթ: Հետո գյուղում իրարանցումը դադարեց եւ համատարած լռություն էր: Արփենիկը կորցրել էր ժամանակի զգացողությունը: Հետո նորից քնեց եւ արթնացավ մեքենաների աղմուկից: Նա աճապարանքով դուրս եկավ գյուղամեջ եւ սարսափահար կանգ առավ զինվորական մեքենաների դիմաց: Նա նոր միայն հասկացավ, որ դրանք թշնամիներն են, որ մտել են արդեն հայաթափված գյուղ…

Նա այլեւս դժվար էր հիշում, թե ինչ խոսեցին եւ ինչ հարցրեցին, բայց նա անդադար կրկնում եւ խնդրում էր նրանց՝ ինձ տարեք Ստեփանակերտ: Հետո նրան նստեցրին մեքենա եւ տարան Ստեփանակերտ: Ճանապարհին նա մտածում էր, որ ոչինչ իր հետ չվերցրեց, նույնիսկ անձնագիրը, բայց, չգիտես ինչու, միայն մտածում էր այդ տարվա իր չորացրած խոտաբույսերի մասին…

Տիկին Արփենիկին ազերիները տարան Ստեփանակերտ, որտեղ վաղուց այլեւս հայ չկար: Նրան երկար ժամանակ պահում էին ոստիկանության շենքում: Տիկին Արփենիկը չէր հիշում, թե ինչքան ժամանակ նա այդտեղ մնաց: Մի օր էլ Կարմիր Խաչի աշխատակիցները եկան եւ իրեն տարան՝ ասացին, որ Հայաստան են տանում:

Նոյեմբեր ամսվա վերջին «Հանգանակ»-ը զանգ ստացավ Գորիս քաղաքի ժամանակավոր կացարաններից մեկից: Հայտնեցին, որ տիկին Արփենիկը իրենց մոտ է: Այդպես իմացանք տիկին Արփենիկի գտնվելու վայրը եւ պատմությունը: Իմացանք նաեւ, որ տիկին Արփենիկը ԿԽՄԿ միջոցով  Հայաստան է տեղափոխվել հոկտեմբերի 19-ին: Նա խոստովանեց նաեւ, որ բռնություն չեն կիրառել իր նկատմամբ, սակայն ուներ ակնհայտ ծանր հոգեբանական տրավմա:

«Հանգանակ» հասարակական կազմակերպությունը շարունակում է աշխատանքները հայտնաբերելու իր շահառուներին: Առ այսօր 320 շահառուներից հայտաբերվել են 291-ը: Դժբախտաբար, կան նաեւ կորուստներ՝ վերջին երկու ամսում  հինգ կորուստ, իսկ 22  շահառու տեղափոխել է Ռուսաստանի դաշնություն:  Մնացած բոլոր հայտնաբերված շահառուները նոյեմբեր ամսում ստացել են իրենց ֆինանսական աջակցությունը: ՀԿԲՄ հովանավորությամբ այդ աջակցությունը կշարունակվի նաեւ դեկտեմբեր ամսում: