Հոգեբանական խմբային պարապմունքները նոր շունչ են ստանում

Մայիսի 29-ին տեղի է ունեցել հերթական հոգեբանական խմբային խորհրդատվությունը Հանգանակի շահառուների հետ: Պարապմունքին մասնակցում էին ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի մեր շահառուները: Տիկին Կարինեն հաճույքով մասնակցում է Հանգանակի բոլոր միջոցառումներին եւ բաց չի թողնում ոչ մի պարապմունք: Նա եկել էր Հրազդանից, իսկ տիկին Իսկուհին եւ տիկին Սինամը ժամանել էին Վանաձորից: Նույն հաճույքով եւ ոգեւորությամբ պարապմունքին մասնակցել են նաեւ Հանգանակի աշխատակիցները: Հասկանալի է, որ հոգեբանական աջակցության կարիք ունեն բռնի տեղահանված բոլոր արցախցիները:

Հոգեթերապեւտ Անահիտ Լալայանը պարապմունքի համար հետաքրքիր թեմա էր պատրաստել եւ բոլոր մասնակիցները հերթով ազատ ու անկաշկանդ արտահայտվում էին՝ իրենց համար հարազատ լեզվով եւ իրենց համար հարազատ միջավայրում: Շատ ակտիվ քննարկումներից հետո, շահառուները սկսեցին կիսվել Հանգանակի միջոցառումների իրենց հիշողություններով: Իհարկե Արցախում բոլորովին ուրիշ մթնոլորտ էր եւ ուրիշ իրականություն, սակայն Հանգանակի հարազատ ընտանիքի զգացողությունը պահպանվել է այս նոր միջավայրում նույնպես: Մասնակիցները հիշեցին հաճախակի կազմակերպվող էքսկուրսիաները, հյուրասիրությունները եւ համերգները, եւ խնդրեցին կազմակերպել նման էքսկուրսիներ նաեւ Հայաստանում: Վերջում մասնակիցները ստացան տնային առաջադրանք հաջորդ պարապմունքի համար եւ պարտաճանաչ խոստացան կատարել:

Պարապմունքից հետո շահառուները դեռ երկար ժամանակ չէին հեռանում, այլ շարունակում էին զրուցել իրար հետ, պատմում էին իրենց վերջին նորությունների եւ հուզող հարցերի մասին: Մայիս ամսվա համար շահառուների խնդրանքով պատվիրել էինք անկողնային պարագաներ, որոնց առաքումը համընկավ հոգեբանական պարապմունքի հետ: Շահառուները կրկնակի ուրախացան այդ անակնկալով եւ ստանալով մթերքն ու անկողնային պարագաները բարձր տրամադրությամբ վերադարձան տուն:

179_4
179_2
179_9
179_3
179_5
179_8
179_7
179_6
179_4 179_2 179_9 179_3 179_5 179_8 179_7 179_6