Անցած շաբաթ Հանգանակի թիմը այցելեց Արմավիրի մարզ՝ հերթական բուժզննումները, խնամքն ու ամսական պարենային օգնությունը տրամադրելու մեր շահառուներին։ Այս անգամ թիմը եղավ Արմավիրում, Մեծամորում և Փարաքարում, որտեղ բնակվում են Հանգանակի ծրագրի շահառուները։ Թիմի կազմում էին բժիշկ Լիլիա Սեյրանյանը, ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը և սպասարկող բուժքույր Անուշ Շեքյանը։
Այցի ընթացքում թիմը այցելեց ութ շահառուների՝ նրանց տներում, առաջարկելով ոչ միայն մասնագիտական բժշկական աջակցություն, այլև մարդկային ջերմություն և հոգատարություն։ Յուրաքանչյուր այց վերածվեց անկեղծ շփման՝ լսելու, սփոփելու և հիշեցնելու, որ նրանք միայնակ չեն։
Բժշկական քննություններից և պարենային օգնությունից բացի, թիմը նաև անցկացրեց հարցումներ՝ շահառուների առողջական, հոգեբանական և սոցիալական կարիքները գնահատելու նպատակով։ Այս գնահատականները Հանգանակի աշխատանքում կարևոր դեր ունեն՝ հնարավորություն տալով ապահովել անհատականացված և ամբողջական խնամք յուրաքանչյուր շահառուի համար։
«Ձեր այցելությունները մեզ համար շատ կարեւոր են», — ասաց շահառուներից մեկը։ «Դուք բերում եք ոչ միայն դեղեր և պարեն, այլև բարություն ու ուշադրություն՝ այն, ինչի կարիքը ունենք ամենից շատ»։
Մարզային յուրաքանչյուր այց նորից հիշեցնում է մեր առաքելությունը՝ հոգատարություն, արժանապատվություն և հույս ներշնչել Արցախից բռնի տեղահանված միայնակ տարեցներին։
Հանգանակի ծառայությունները հնարավոր են դարձել Հայ կանանց բարեկեցության միության (AWWA) շնորհիվ, որի աջակցությամբ մենք կարողանում ենք շարունակաբար հոգ տանել կարիքի մեջ գտնվող մեր տարեց հայրենակիցներին։
Հետևեք մեր թարմացումներին և շարունակեք լինել մեր հոգատար ճանապարհի մասնակիցը։

