Ոսկե աշնան ջերմությամբ․ անմոռանալի օր Գառնիում և Գեղարդում

Հոկտեմբերի 16-ին «Հանգանակ» բարեգործական ՀԿ-ն կազմակերպեց ևս մեկ ջերմ ու հիշարժան էքսկուրսիա՝ համախմբելով մեր տարեց շահառուներին Հրազդանից, Երևանից և Վանաձորից։

Առավոտյան երկու ավտոբուս ճանապարհ ընկան Երևանից և Հրազդանից՝ իրենց հետ տանելով շուրջ 42 մասնակիցների։ Հրազդանից մեզ միացան շուրջ 20 տարեցներ, որոնց թվում էին նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի Հրազդանի ցերեկային կենտրոնի 10 շահառուներ։ Երևանից մասնակցեց 20 շահառու, իսկ Վանաձորից մեզ միացան ևս երկու տարեցներ։

Բոլոր խմբերը հանդիպեցին Գառնիում՝ աշնանային արևի, մաքուր օդի և ոսկեգույն բնության գրկում։ Այդ հանդիպման առաջին իսկ պահերից օրը լցվեց ջերմ ողջույններով, ժպիտներով և վաղուց ծանոթ մարդկանց հանդիպելու ուրախությամբ։

Հանդիպում պատմության հետ՝ Գառնիում

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրինությունը սիրով և անվճար ընդունեց մեր շահառուներին՝ նրանց հնարավորություն տալով այցելելու Հայաստանի հնագույն և բացառիկ պատմամշակութային հուշարձաններից մեկը։

Գառնու հուշարձանախումբը պահպանել է անտիկ Հայաստանի պատմության կարևոր վկայությունները։ Այն ներառում է նշանավոր սյունազարդ տաճարը, արքունական ամառանոցի հատվածները և հռոմեական բաղնիքը՝ բնական քարերի տարբեր երանգներով ստեղծված իր եզակի խճանկարով։ Այս տարածքում պատմությունը ոչ միայն տեսանելի է, այլև կարծես շնչում է յուրաքանչյուր քարի միջով։

Մեր մասնակիցները շրջեցին հուշարձանախմբում, դիտեցին արքունական բաղնիքները, հետաքրքրությամբ ծանոթացան պատմական միջավայրին և վայելեցին Ազատի կիրճի հիասքանչ տեսարանները։

Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրինությանը՝ մեր տարեցների նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և նրանց անվճար հյուրընկալելու համար։ Այդ գեղեցիկ նախաձեռնությունը օրը դարձրեց առավել մատչելի, բովանդակալից և հիշարժան մեր բոլոր մասնակիցների համար։

Լռության, աղոթքի և բնության ներդաշնակությունը՝ Գեղարդում

Գառնիից հետո ավտոբուսները շարժվեցին դեպի Գեղարդի վանական համալիր։ Ըստ ավանդության՝ Գեղարդի վանքի հիմնադրումը կապվում է Հայաստանում քրիստոնեության տարածման առաջին տարիների և Գրիգոր Լուսավորչի անվան հետ։ Ժայռերի մեջ մասամբ փորված եկեղեցիներով և շրջակա բարձր ժայռերի հետ ներդաշնակված ճարտարապետությամբ այս միջնադարյան համալիրը 2000 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Մեր տարեցները շրջեցին վանական համալիրում, մոմեր վառեցին իրենց հարազատների, առողջության և խաղաղության համար։ Նրանք խմեցին վանքի միջով հոսող՝ ավանդաբար սուրբ համարվող աղբյուրի ջրից և մի պահ լռեցին քարե պատերի խաղաղության մեջ։

Այդ պահերը յուրաքանչյուրի համար յուրովի անձնական էին։ Ինչ-որ մեկը աղոթում էր, ինչ-որ մեկը մտաբերում էր հեռվում մնացած տունը, իսկ մյուսները պարզապես վայելում էին միասին լինելու և հոգատարությամբ շրջապատված լինելու զգացումը։

Հյուրասիրություն՝ թռչունների երգի և գետակի քչքչոցի ներքո

Այցելությունից հետո Գեղարդի կայանատեղու հարակից տաղավարներում մասնակիցների համար կազմակերպեցինք հյուրասիրություն։ Ոսկեգույն ծառերի ներքո, թռչունների ծլվլոցի և ներքևում հոսող գետակի ուրախ քչքչոցի ուղեկցությամբ տարեցները վայելում էին ուտելիքը, ջերմ զրուցում, ծանոթանում միմյանց հետ և կիսվում հիշողություններով։

Պարզ հյուրասիրությունը վերածվեց մեծ ընտանեկան հանդիպման։ Տարբեր քաղաքներից ժամանած մասնակիցներն այլևս առանձին խմբեր չէին։ Նրանք միասին էին՝ մեկ սեղանի շուրջ, նույն հիշողություններով, հարազատ բարբառով և միմյանց հասկանալու բնական ջերմությամբ։

«Առաքելություն Հայաստան»-ի ցերեկային կենտրոնի շահառուները հատկապես ուրախ էին էքսկուրսիային մասնակցելու և իրենց արցախցի հայրենակիցների հետ շփվելու հնարավորության համար։ Նրանց անկեղծ ժպիտներն ու շնորհակալական խոսքերը մեկ անգամ ևս ցույց տվեցին, թե որքան կարևոր են տարեցների համար նման հանդիպումները։

Վերադարձ դեպի հարազատ հիշողություններ

Արցախում «Հանգանակ»-ն ամեն տարի կազմակերպում էր նման էքսկուրսիաներ և մշակութային հանդիպումներ։ Դրանք մեր տարեցների կյանքի ամենասպասված օրերից էին՝ բնության գրկում միասին լինելու, պատմական ու հոգևոր վայրեր այցելելու, զրուցելու և մի փոքր առօրյա հոգսերից հեռանալու հնարավորությամբ։

Տեղահանությունից հետո այդպիսի օրերի կարիքն ավելի է մեծացել։ Էքսկուրսիաները նրանց համար պարզապես ժամանց չեն։ Դրանք վերադարձ են դեպի հարազատ ավանդույթները, վստահելի մարդկանց շրջապատը և այն զգացումը, որ իրենք շարունակում են պատկանել մի համայնքի, որը հիշում, հոգ է տանում և մենակ չի թողնում։

Ուրախությամբ նկատում ենք, որ յուրաքանչյուր նոր էքսկուրսիայի ընթացքում մասնակիցների թիվն ավելանում է, իսկ միանալու ցանկություն հայտնող տարեցների շրջանակն ընդլայնվում։ Սա մեզ համար լավագույն վկայությունն է, որ նման միջոցառումները ոչ միայն հաճելի են, այլև անհրաժեշտ՝ սոցիալական մեկուսացումը նվազեցնելու, նոր կապեր ստեղծելու և կյանքի հանդեպ հետաքրքրությունը պահպանելու համար։

254_23
254_24
254_10
254_25
254_27
254_17
254_4
254_5
254_7
254_19
254_11
254_30
254_31
254_9
254_14
254_1
254_16
254_23 254_24 254_10 254_25 254_27 254_17 254_4 254_5 254_7 254_19 254_11 254_30 254_31 254_9 254_14 254_1 254_16


«Հանգանակ» բարեգործական ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչությանը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, ինչպես նաև Հայ կանանց բարեկեցության միությանը (AWWA)։ Նրանց աջակցության և ծրագրերի միջոցների համադրման շնորհիվ հնարավոր դարձավ կազմակերպել տրանսպորտը, հյուրասիրությունը և այս հիշարժան օրը մեր տարեցների համար։

Շնորհակալ ենք նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ին համագործակցության համար և բոլոր մասնակիցներին, որոնց ջերմությունը, ժպիտներն ու անկեղծ ուրախությունը ոսկե աշնան այս օրը դարձրեցին իսկապես անմոռանալի։