Լուսիկ Ա․

Դիմանկարը կազմվել է “Հանգանակի” աշխատակիցների հիշողությունների և հարազատների պատմությունների հիման վրա։

Մենք տիկին Լուսիկի հետ հանդիպեցինք 2016 թվականին, երբ Զավեն Քեն Դարյանի հովանավորությամբ սկսեցինք Շուշիի ծրագիրը: Նա անմիջապես գրավեց մեր ուշադրությունը, քանի որ առանձնանում էր իր մանկական անմիջականությամբ, թեթեւ անմեղ հումորով եւ անսահման բարի աչքերով: Նա մեզ մոտ էր հայտվել Սոցապ նախարարության տրամադրած միայնակ տարեցների ցուցակից:

Տիկին Լուսիկը ծննդով Շուշիի շրջանի Քարին Տակ հերոսական գյուղից է, ծնվել է 1934 թվականին աշխատավոր գյուղացու ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին 7 երեխա՝ 5 աղջիկ եւ 2 տղա: Լուսիկը ընտանիքի երկրորդ երեխան էր: Գյուղում ստացել է 8-ամյա կրթություն եւ ընտանիքին օգնելու համար 15 տարեկան հասակում սկսել է աշխատել: Հետո տեղափոխվել է Ստեփանակերտ եւ աշխատել է որպես բանվոր Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում: Ավելի ուշ նրա քույրերից մեկը, որը որպես բուժքույր աշխատում էր Ստեփանակերտի  Մաշկավեներոլոգիական դիսպանսերում, երբ ազատվում է մայրապետի պաշտոնը, նրան հրավիրում է աշխատելու նույն կլինիկայում:

70-ական թվականներին Լուսիկը ամուսնանում է եւ տեղափոխվում Հայաստանի Կոտայքի մարզի Առինջ գյուղ: Դա նրա ամուսնու երկրորդ ամուսնությունն էր: Ամուսնու առաջին կինը մահացել էր եւ թողել էր 2 մանկահասակ տղաներ, որոնցից փոքրը ընդամենը 4 տարեկան էր: Այդպես էլ Լուսիկը չունեցավ իր սեփական երեխաները, սակայն ամուսնու զավակներին մեծացրեց, որպես իր հարազատ երեխաներ:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Լուսիկի 2 տղաները մեկնում են ռազմաճակատ: 1991 թվականին, կորցնելով ամուսնուն, Լուսիկը նույնպես տեղափոխվում է Արցախ՝ մոտ գտնվելու իր հարազատներին եւ առանձնապես՝ իր երկու որդիներին:

1992 թվականին, Շուշիի ազատագրումից հետո, Լուսիկը որոշում է տեղափոխվել Շուշի՝ մոտ գտնվելու իր աղոթատեղին՝ Ղազանչեցոց եկեղեցուն: Այդպես էլ նա շարունակում է իր կյանքը աղոթքներով եւ ապավինելով Աստծոն: Սակայն ճակատագիրը շատ դաժան է գտնվում՝ պատերազմում զոհվում է նրա ավագ որդին, իսկ ավելի ուշ նա կորցնում է նաեւ երկրորդ որդուն:   Այդպես Լուսիկը մնում է մենակ:

Մենք հանդիպեցինք Լուսիկին, երբ նա արդեն 82 տարեկան էր: Չնայած իր պատկառելի տարիքին նա Հանգանակի ամենաակտիվ շահառուներից մեկն էր, մասնակցում էր բոլոր միջոցառումներին, անձամբ էր գալիս Շուշիի գրասենյակ՝ իր դեղամիջոցները եւ պարենամթերքը ստանալու, հաճախակի զանգում էր գրասենյակ հարցնելու սպասվող էքսկուսիաների կամ համերգների մասին: Շուշիում նրա բուժքույրը Գյուլչորան էր, իսկ Շուշին գրավելուց հետո, Ստեփանակերտում նրա մասին հոգ էր տանում Յերմոնյան: Երբ համակարգչում թերթում էինք տարբեր տարիների մեր Արցախյան ֆոտոալբոմները, տիկին Լուսիկը հաճախակի էր հայտնվում մեր տեսադաշտում՝ համեստ, հանգիստ, հավասարակշիռ եւ միշտ կոկիկ հագնված: Մենք նրա մասին շատ բան չգիտեինք, որովհետեւ չէր սիրում իր մասին խոսել: Բայց շատ էր մտերմացել Հանգանակի թիմի հետ՝ առանձնապես Լինայի:

Բռնագաղթից հետո նա տեղափոխվել է իր կրտսեր քրոջ աղջկա տունը՝ Կոտայքի մարզ: Այդ տունը իր հյուրընկալ դռները բացել է տիկին Լուսիկից բացի եւս 10 Արցախից բռնագաղթած ազգականների առջեւ՝ տարբեր տարիքի եւ ազգակցական կապի:  Այդ ընդարձակ տանը տիկին Լուսիկին հատկացրել էին ամենահարմարավետ սենյակը՝ արեւկող եւ զուգարանից մոտ: Մեր ամեն այցը այդ հյուրընկալ ընտանիքը վերածում էր իրադարձության՝ արցախյան հիշողությունների, աշխույժ զրույցների, վերադարձի անսասան հավատի եւ, իհարկե, արցախյան համեղ հյուրասիրության օր:

Բուժքույր Անուշը հաժախակի էր այցելում տիկին Լուսիկին: Նա արդեն բոլորել էր 90-ամյա տարիքի շեմը եւ տարած վերջին թոքաբորբից հետո այդպես էլ չվերականգնվեց, դարձել էր անկողնային հիվանդ:

Կոտայքի մարզ կատարած մեր բոլոր այցերի ժամանակ մենք աշխատում էինք անպայման այցելել  տիկին Լուսիկին: Նա առանձնապես ուրախանում էր Լինայի այցով՝ նրան կատակով անվանում էր «մեր հարսը» /Լինայի ամուսինը ծննդով Շուշեցի է/: Թեկուզ բուժքույր Անուշը չափազանց ուշադիր էր տիկին Լուսիկի հանդեպ, սակայն նա հաճախակի զանգում էր Լինային, խնդրում իրեն այցելել: Մեր վերջին այցը եղել է մարտում, իսկ ապրիլում մենք տիկին Լուսիկին կորցրինք:

Մեր հիշողության մեջ նա միշտ կմնա ջերմ, կենսուրախ եւ տունդարձի անսահման հավատով տիկին Լուսիկ: Թող հողը թեթեւ լինի, Լուսիկ տատիկ…