Ֆիրուզա Արզումանյանի այցը «Հանգանակի» գրասենյակ

Արմատներով Գանձակից, նա իր կյանքի մեծ մասը ապրել է Բերձորում՝ 1994 թվականից: Կարելի է պատկերացնել, թե ինչ տարիներ էին եւ ինչ պայմաններում էին ապրում Բերձորցիները: Իսկ 2020 թվականին, երբ, կարծես թե, ամեն ինչ կարգավորվել էր եւ մարդիկ ապրում էին բարեկեցիկ կյանքով, սկսվեց 44-օրյա պատերազմը եւ Ֆիրուզա Արզումանյանը բոլոր Բերձորցիների հետ միասին արտագաղթեց Հայաստան: Երաժշտական կրթությունը ստացել է Երեւանի կոնսերվատորիայում եւ որոշ ժամանակ նա նույնիսկ աշխատում էր Հայաստանի Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում: Սակայն դա երկար չտեւեց, քանի որ նա իրեն երջանիկ էր զգում միայն Արցախում՝ իր հայրենի Բերձորում:

Այս ամենը մենք իմացանք մեր հանդիպման ժամանակ՝ կցկտուր խոսակցությունից: Իսկ նա մեր մասին արդեն գիտեր՝ հետեւում էր մեր գործունեությանը սոցիալական կայքերում: Նա ինքն էր ցանկություն հայտնել մեզ աջակցել, հանդիպել Արցախից բռնի տեղահանված մեր տատիկ-պապիկներին եւ իր արվեստով նրանց ուրախության եւ ջերմության պահեր պարգեւեր:

Այս հանդիպումը կազմակերպեց Տարեցների ծրագրի մեր հավատարիմ աջակիցը՝ Գայանե Բալայանը: Նրանք Ֆիրուզայի հետ բարեկամացել էին դեռեւս Բերձորում: Գայանեն առաջարկեց մեզ հանդիպել, ծանոթանալ անձամբ եւ որոշել, թե որտեղ եւ ինչ ձեւաչափով կազմակերպենք Ֆիրուզայի համերգը մեր շահառուների համար: Մենք ուղղակի սպասում էինք Ֆիրուզային եւ Գայանեին մեր գրասենյակում եւ բոլորովին չէինք պատկերացնում, որ այդ գործնական հանդիպումը կվերածվի մշակութային միջոցառման: Նախ բոլորովին անսպասելի մեզ միացան մեր երեք շահառուները, հետո մեզ այցելության եկավ մեր արցախցի հայրենակցուհին, որը մեր հոգեբանական պարապմունքների մշտական մասնակիցն էր Ստեփանակերտում: Նա եկել էր պարզապես մեզ տեսակցության: Եվ մենք հանպատրաստից թեյի սեղան դրեցինք հանդիպումների սրահում, որը, ինչպես պարզվեց, հրաշալի ակուստիկա ունի: Եվ այսպես, ըմպելով թեյը, մենք զրուցում էինք, հարցեր էինք տալիս Ֆիրուզային, իսկ նա հաճույքով պատասխանում էր մեր շահառուների հետաքրքրասեր հարցերին եւ երգում, երգում… Նրա զուլալ ձայնը տարածվել էր գրասենյակի ողջ տարածքում: Դա մաքուր, անարատ, իր հայրենի լեռների պես բարձր եւ գեղեցիկ ձայն էր: Մենք լսում էինք Ֆիրուզայի դյութիչ  ձայնը եւ մտքերով սավառնում տուն՝ հայրենի անհասանելի եզերքը…

Ֆիրուզան արվեստագետ է իր ամբողջ էությամբ: Լինելով հրաշալի երաժիշտ, նա նաեւ խեցեգործ է: Մենք որոշեցինք, որ մի օր էքսկուրսիա կկազմակերպենք մեր շահառուների համար Ֆիրուզայի խեցեգործության արվեստանոց:

Հետեւեք մեզ նաեւ սոցիալական կայքերում եւ եղեք տեղեկացված մեր թարմացումներին: