«Հանգանակ» ՀԿ—ն ստացել է պետական հավաստագիր՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համալիր տնային խնամք իրականացնելու համար
Հպարտ ենք տեղեկացնել, որ 2025թ. սեպտեմբերի 4-ին «Հանգանակ» բարեգործական հասարակական կազմակերպությունը ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված պետական հավաստագիր, որը մեզ իրավունք է տալիս կազմակերպել տնային խնամքի ծառայություններ տարեցների և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։
Այս նշանակալի ձեռքբերումը երկար ու հետևողական գործընթացի արդյունք է, որը մեկնարկել էր դեռևս 2024թ. հոկտեմբերին։ Թեև այն սկզբում հետաձգվեց ծրագրում ընդգրկված աշխատակիցների մասնագիտական կրեդիտների պակասի պատճառով, մեր թիմը անցած ամիսների ընթացքում մեծ ջանքեր գործադրեց մասնագիտական զարգացման ուղղությամբ՝ մասնակցելով մի շարք դասընթացների, գիտագործնական կոնֆերանսների և թրենինգների։ Այս փորձը ոչ միայն ապահովեց պահանջվող կրեդիտների կուտակումը, այլև հարստացրեց մեր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները՝ բարձր որակի ծառայություններ մատուցելու համար։
Պետական հավաստագրի ստացումը վկայում է «Հանգանակի» մասնագիտական կարողությունների և նվիրված աշխատանքի բարձր գնահատականը։ Բայց առավել կարևոր է, որ այն բացում է նոր հնարավորություններ․ մենք այժմ կարող ենք մասնակցել պետական դրամաշնորհային մրցույթների, ինչը հնարավորություն կտա ընդլայնել մեր գործունեությունը և հասնել ավելի մեծ թվով տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր կարիք ունեն համակողմանի ու հոգատար խնամքի։
Այս ձեռքբերումը մեզ համար միաժամանակ անցած աշխատանքի արժևորում է և ապագայի խոստում՝ շարունակել ընդլայնել հասանելիությունը արժանապատիվ և որակյալ խնամքի՝ Հայաստանի ամենախոցելի բնակչության համար։

